• Երիտասարդական հանդիպում՝ Երևանում: Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանի խոսքը՝ երիտասարդներին

    «Հայցելով մեր Մոր բարեխոսությունը…»


    1 փետրվարի, 2016թ.

     Հայ կաթողիկէ համայնքներում երիտասարդական հանդիպումներն ավելի հաճախակի են դարձել՝ ի նկատի ունենալով երիտասարդական կյանքը Եկեղեցում ավելի աշխուժացնելու, ինչպես նաև՝ ԵՀՕ-2016-ին հավուր պատշաճի նախապատրաստվելու անհրաժեշտությունը: Հունվարի 29-ին հերթական երիտասարդական հանդիպումն է կազմակերպվել Երևանի Սբ. Գր. Նարեկացի ժողովրդապետությունում՝ Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանի նախաձեռնությամբ:

     

    12669168_944747962273845_1901815194_oՀանդիպման սկզբում Հայր Նարեկը ներկաների հետ կիսվել է իր խորհրդածություններով՝ Սուրբ Կույս Մարիամի և Սբ. Հաղորդության առնչության մասին, որը կներկայացնենք ստորև: Ապա տեղի է ունեցել Սբ. Հաղորդության երկրպագություն: Աղոթքից հետո երիտասարդները քննարկել են երիտասարդաց միության կանոնադրությունը, անդամակցության կարգը՝ նոր ծրագրեր իրականացնելու և երիտասարդների թիվն ընդլայնելու տեսլականով: Զրուցել են Տեառնընդառաջի և Բարեկենդանի տոների մասին, հարցումներ ուղղել Հայր Նարեկին՝ տարբեր հոգևոր նյութերի մասին:

     

    Նման հանդիպումներ անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ: Փետրվարի 3-ին երիտասարդները պատրաստվում են միասին դիտել Մայր Թերեզայի մասին պատմող մի ֆիլմ, իսկ փետրվարի 6-ին մասնակցելու են Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցում տեղի ունենալիք երիտասարդական ընդհանուր հավաքին՝ ի պատրաստություն ԵՀՕ-2016-ի:

     

    12669236_944748672273774_470346866_o Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանը երիտասարդների հետ կիսվեց հետևյալ խորհրդածություններով.

     

    Այն բոլոր պարագաները, որ մեզ համախմբել են այստեղ, հարկ չեն թողնում առաջաբանի։ Այս հանդիպման վսեմաշուք և պատկառազդու տեսարանը, որ պարփակում է մեր սրբազան նպատակը, այս ամենը այնքան պերճախոս են որ հարկ չի մնում առանձին ուշադրություն հրավիրելու։ Հարկավ ամենքս այստեղ համախմբված տրամադիր ենք Սաղմոսերգուի հետ ասելու․ «Պատրաստ է սիրտ իմ, Աստված, պատրաստ է սիրտ իմ օրհնել եւ սաղմոս ասել քեզ փառօք իմովք(Ճէ․2)։

     

    Մեր նախորդ հանդիպմանը որոշեցինք, որ ամեն մեր կատարելիք գործունեությունից զատ, մեզ միշտ համախբող պիտի լինի միասնական աղոթքը և հանձնեցինք մեզ և մեր հավաքները բարեխոսությանը մեր երկնավոր Մոր։ Այսօր հանդիպումը սկսում ենք Սուրբ Հաղորդության երկրպագությամբ։ Ուստի փափագս է հանձնել Ձեզ, իբրև հոգևոր սնունդ և ապրումի նորոգյալ աղբյուր, Սուրբ Հաղորդության և Անարատ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածանի հարաբերության մասին խորհրդածությունը։  Եւ մինչ մի քանի խորհրդածություներ պիտի առաջարկեմ, նախաբանի փոխարեն  հարավիրում եմ Ձեզ հայելու Գողգոթա, Խաչի դիմաց, ուր Սուրբ Կույս Մայրը հետևում էր իր աստվածային Որդու հոգևարքին։

     

    Այնտեղ ամեն բան կատարելու, իր քավության զոհը լրացնելու համար, Հիսուս հարկ է տեսնում խոսել իմ Մոր հետ, նրան հոգալու, երևան հանելու Մարիամի մասնակցությունը մարդկության Փրկագործության մեծ խորհրդի մեջ։ Առանց սրա՝ այն ամենը, որ Ս․ Գրքի մեջ առաջից ասված էր պիտի չունենար իր ամբողջական բացատրությունը։ «Յիսուս իբրեւ ետես զՄայրն եւ զաշակերտն զոր սիրէր՝ զի կայր մօտ, ասէ ցՄայրն․ Կի՛ն դու, ահա՛ որդի քո։ Ապա ասէ ցաշակերտն․ Ահա՛ Մայր քո։ Եւ յայնմ ժամանակէ առ աշակերտն զնա առ իւր։ Յետ ասյորիկ իբրեւ գիտեաց Յիսուս, եթե ահա ամենայն ինչ կատարեալ է․․․»(Հովհ․ ԺԹ․25)։

     

    12666245_944748495607125_1168337509_nԱյսպես առանց այս սրտառուչ միջադէպի, որ աստվածային կարգադրությամբ այնքան սերտորեն միացած է խաչի զոհին, անկատար պիտի մնար Փրկագործությունը, Սուրբ գրային մեսիական լրումը։ Ահա խորհուրդը, որ նախաշավիղն էր նյութիս։

     

    Մայրական գուրգուրանքով լեցուն, ժողովուրդներին ապաշխարության հրավիրող Անարատ Կույսի, Սուրբ Հաղորդության խորհրդի շուրջ համախմբված և Աստվածային նախախնամությամբ այստեղ հավաքվածներիս հստակորեն և համառոտ կերպով պարզաբանվում է խոսքս բարեպաշտ և հոգեզմայլ մեր Հայ Եկեղեցու Շարականների մեջ։

     

    Սուրբ Հաղորդությունն ու Սբ․ կույսի այսպիսի առնչություններ ունի հայոց երգեցիկ մարգարիտների մեջ, որ անգամ հնարավոր չէ իրարից բաժանել։ Սուրբ Կույսին նկատելով՝ առաջնորդվում ենք դեպի Սուրբ հաղորդություն, քանզի Մարիամը բնական կերպով միջնորդն է Քրիստոսի մարդեղության։ Մարիամի առանձնաշնորհումները նաև ամփոփված են Սուրբ Հաղորդության մեջ, որը դրվում է ճաճանչի մեջ, ի բազմոցի, առ ի երկրպագություն։ Այս խորհրդավոր տեսարանի դիմաց չեմ կարող չհիշել Շարականագրի տողերը․ «Ողջոյն քեզ, Քերովբէից գերագոյն էին աթոռ, եւ ծառ կենաց անմահական Պտղոյն, տապանակ կտակի Բանին եւ Սափոր ոսկի երկնային մանանային, հոգեւոր երգով զքեզ, Սրբուհի, Մեծացուցանեմք»։

     

    Մարդու ստեղծումը եւ փրկագործումը խորհուրդներ են, որ սքանչելի կերպով իրար լրացնում են։ Ստեղծագործության ժամանակ մարդու հոգու մեջ դրոշմվում է Աստծո պատկերը և նմանությունը․ «Արասցու՛ք մարդ ըստ պատկերի մերում եւ նմանութեան» ասվում է Ծննդոց գրքում Աստված (Ա․26)։ Փրկագործության ժամանակ խաթարված այս պատկերը՝ կատարելագույն կերպով նորոգված է։ Ստեղծագործության ժամանակ նախատիպը Բանն էր, Փրկագործության ժամանակ, նորոգիչ պատկերն է Բանը մարմնացյալ: «Աստված առաքեց իր Որդուն՝ մեղանչական մարմնի նմանությամբ և մեղքի համար ու մարմնի մեջ դատապարտեց մեղքը, որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ». ասում է Սուրբ Պողոս առաքյալը (Հռոմ Ը․ 3,4)։

     

    Սուրբ Հաղորդությունը ուրիշ բան չէ, եթե ոչ՝ այս նորոգումի շարունակությունը, քանզի այսու մարդիք զգենում, այսինքն՝ առնում են իրենց մեջ Հիսուս Քրիստոսին, գոյացական պատկերը երկնավոր Հոր, օրինակը կատարելության, որին կոչված են բոլոր ընտրյալները, բոլոր Քրիստոսակիր Քրիստոնյաներս․ եւ ամբողջանում ենք, հաստատվում Քրիստոսի պատգամի մեջ, որ ասում է․ «Եղեք կատարյալ ինչպես Ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ․ Ե 48)։ Այպիսով, ստեղծագործությամբ սկսված և փրկագործությամբ շարունակված գործը Սուրբ Հաղորդությունը լրացնում է՝ հասցնելով մինչև վերջնական փոխակերպության մարդուս, Սուրբ Հաղորդությամբ մենք Քրիստոսի մեջ ենք, սրանով էլ՝ Աստծո մեջ։

     

    Այս Աստվածային առաքելության մեջ տեսնում ենք Ս․ Կույսի հարատև գործակցությունը, բավական է մեջ բերել կրկին մի քանի շարականներ․

     

    Հօր եւ արարչակից Բանդ, վասն փրկութեան ազգի մարդկան, այսօր ի Կուսէ զկերպարանս ծառայի զգեցար մարդասիրապէս (Բ․ օր Յայտ․)։

     

    Լոյս ի լուսոյ ի Հօրէ առաքեցար եւ մարմնացար ի սուրբ Կուսէն զի վերստին նորոգեցես զապականեալն Ադամ (Բ․ օր Յայտ․)։

    Արդ, Սուրբ Կույսի միջոցով է, որ ունենք մարդեղությունը Քրիստոսի, հետևաբար, նաև՝ Սուրբ Հաղորդությունը․ «Որ կերպարանք եւ կնիք Հօր առեալ վասն ծառայի կերպ ի կուսէն։ Ով Կոյս, որ վառեցար ի յարփւոյն եւ ոչ կիզար ըստ մորենւոյն, այլ ետուր զհացն կենաց կերակուր բանաւորաց»։

     

    Ինչ անճառելի հարակցություն խորհուրդների, որ Աստվածային իմաստությամբ կապակցվում են։ Ով Կույս ողջունում ենք Քեզ «Միջնորդ օրինաց եւ շնորհաց», քանզի Դու ես «Աթոռ փրկութեան, յոյս հաստատութեան մարդկան»։

     

    Մեր նախահայրերի տեսությունը Փրկագործության և Սուրբ Հաղորդության հաստատության միջոցների հարակցությունը, նկատմամբ Սուրբ Կույսին՝ դեռ ավելի հստակորեն է երևում, եթե բաղդատենք մարդուս անկումը և Փրկչի մարդեղությունը։

     

    Եթե մարդուս մեղքի մեջ անկումին իր մասնակցությունը ունեցավը կինը, փրկագործության մեջ նույնպես պիտի ունենար։ Աստված ինքը ավետում է Ծննդոց գրքում անիծելով փորձիչ օձին․ «Թշնամություն պիտի դնեմ քո և այդ կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը» (Ծնն․ Գ, 15)։

     

    Մարդուս անկումը, նշանակված և արտահայտված է նյութապես արգելված պտուղի ճաշակումով, այն պտղի, որով փորձողի ստի համաձայն, մարդը Աստծու պես պիտի լիներ։

     

    Ազատագրությունը մեղքից, Փրկագործությունը ծանուցված, սկսված և ապահոված է կենաց պտղի կուսական հղացմամբ, որով Աստված մարդ եղավ․ «Անկէզ մորենի եւ սերովբէ հողեղէն, Սուրբ Կոյս․ քանզի պտուղն կենաց ի քէն տուաւ մեզ։ Համեղաճաշակ պտղոյն բանաւոր բարունակ յորմէ կթեցաւ մեզ ողկոյզն անսպառ՝ յուրախութիւն տրտմեցելոցն ի ճաշակմանէ ծառոյն գիտութեան, Սրբուհի Անարատ․․․»

     

    Առաջին պտղի ճաշակումը մահառիթ եղավ․ «Յորում աւուր ուտիցէք ի նմանէ․ մահու մեռանիցիք» ասում է Աստված Ադամին։ Իսկ երկրորդ պտուղը, որ Սուրբ Կույսի արգանդից է զրկումն է մահից ազատագրում մեղքի գերությունից․ «Եթե ոչ կերիջիք զմարմին Որդւոյ մարդոյ եւ արբջիք զարիւն նորա, ոչ ունիք կեանս յանձինս» (Յովհ Զ․54) ասում է մարմնացյալ Որդին Աստուծո։

    Աստված մարմնացյալ Բանի Կույսի արգանդի մեջ հղացումով խոսում է և տալիս է մարդուս փրկությունը։ Այսպիսով, մարդուս Փրկության համար հավիտենական կենաց կերակուրը Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնից է։

     

    «Տաճար մաքրեալ։ Խորան Աստուծոյ բանին, խորան լուսոյ, կենդանի տապանակ։ Տապանակ կտակարանաց նորոյ ուխտիս»։

     

    Վսեմ խորհրդածություն է, որ Մարիամը կապում է նաև Հիսուսի խորհրդավոր մարմինը՝ Եկեղեցին, և սրանով մեզ ամենքիս, որ անդամներն ենք Եկեղեցու։ Աստվածորդու հղությամբ, իր մաքուր արգանդի մեջ կերելով և իբրև քավիչ զոհ տալով իր Որդուն, Մարիամը երկնում է Քրիստոսի խորհրդավոր մարմնի Եկեղեցու բոլոր հավատացեալ անդամներին։ Սրա համար Սուրբ Պողոս ասում է «Ի Յիոսու Քրիստոս ծնայ զքեզ․․» (Ա․ Կոր․ Դ,15)։ Մարիամաի ծոցից ենք ելել ամենքս անդամները Սուրբ Եկեղեցու, ինչպես Գլուխը Սուրբ Եկեղեցու՝ Հիսուս Քրիստոս։

     

    Հետևաբար, Մարիամի որդիներ ենք կոչվում, թեև հոգևոր և խորհրդավոր կերպով, բայց Նա մայր է ամենքիս, մայրն է հոգեպես, այո, բայց իրապես մայր, Մայր Քրիստոսի և Մայր Քրիստոսի խորհրդավոր մարմին՝ Սուրբ Եկեղեցու անդամների։

     

    Հայցելով մեր Մոր բարեխոսությունը՝ մենք պանդուխտներս այս աշխարհին, հառենք մեր հայացքը, միտքը, սիրտը՝ Ամենասուրբ Հաղորդությանը, Աստվածային կենդանի կատարելությանը․Ամեն։

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց