• Սբ. Ծննդյան տոնակատարությունները՝ Հայաստանի կաթողիկէ համայնքներում

    «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ.

    ձեզ եւ մեզ մեծ աւետիս»:


    DSC07062Գյումրիի Սրբոց Նահատակաց Կաթողիկէ աթոռանիստ տաճարում տեղի ունեցավ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան անդրանիկ տոնակատարությունը՝ կրկնակի ուրախության առիթ ամբողջ առաջնորդության հավատացյալների համար: Հիսուս Մանկան Ծննդյան ավետարանական տեսարանը՝ գեղեցիկ արձանիկներով, մսուրի պատկերով, առաջնորդող հույսի աստղը վերևում՝ մուգ կապույտ ֆոնի վրա, լույսերով զարդարված տոնածառերով մի խորհրդավոր մթնոլորտ էր ստեղծել տաճարի ներսում, հենց ատյանի կողքին՝ ի տես բոլոր հավատացյալների և, հատկապես, մանուկների, ովքեր մոտենում ու հրճվում են իրենց համար դեռևս անհասկանալի տեսարանով:

     

     

    DSC07017Դեկտեմբերի 24-ի երեկոյան, ըստ կարգի, նախատոնակը սկսվեց երեկոյան ժամերգությամբ, որի ընթացքում Սբ. Խորանի սպասավորները ընթերցեցին հատվածներ մարգարեություններից՝ Փրկչի ծննդյան մասին, արարչագործության մասին՝ նյութ տալով հավատացյալներին խորհրդածելու Սբ. Ծննդյան խորդրդի և Քրիստոսով նոր կյանք սկսելու հնարավորության և պարտականության մասին:

     

    Ճրագալույցի Սբ. Պատարագի ժամանակ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանն իր քարոզում հավատացյալներին հրավիրեց խորհրդածելու Աստծո Խոսքի մասին, որ է Հիսուս Քրիստոս.

     

    «Ի՞նչ է ասում այդ Խոսքը մեզ: Այդ Խոսքը Ողորմությունն է՝ ի պատասխան մեր մեղքերի, սե՛ր է՝ ի պատասխան մեր տկար սիրո, արդարություն է՝ ի պատասխան մեր արդարության պահանջի: Աստված  սեր է, եղբայրսիրություն է, ողորմություն է: Մանավանդ, այս տարվա ընթացքում այդ մասին երբեք չպետք է մոռանանք, որ Աստված ողորմություն է, ապա թե ոչ մեզնից ոչ ոք չի կարող ապրել այս աշխարհում՝ մեր մեղքերի պատճառով:DSC07054

    Աստծո Խոսքը մեզնից ակնկալում է վստահություն, հավատք և լսելու ունակություն: Այսօր պետք է ինքներս մեզ հարցնենք՝ ինչպիսի՞ն է իմ խոսքը, արդյո՞ք մարդիկ իմ խոսքից մխիթարվում են, զորանու՞մ են բարիք գործելու մեջ, հավատքի մեջ, թե՞ իմ խոսքից հետո ընկճվում են: Իմ խոսքը շինի՞չ է, թե քանդող: Ի՞նչ արդյունք է տալիս իմ Խոսքը, իմ շուրջը, իմ մեջ և այլ մարդկանց մեջ:

     

    Քրիստոս Աստծո Խոսքն է, որ Մարմին եղավ: Ամբողջ աշխարհը այս Մարմինը տեսավ, այն Խաչին գամվեց, այդ Խոսքը մեր սրտերի մեջ է մարմնացել: Իսկ մեր խոսքը, մեր հավատքը արդյո՞ք մարմնանում է մեր կյանքում, թե մնում է լոկ խոսք՝ չտալով որևէ պտուղ:

     

    Ամբողջ պատգամը Սբ. Ծննդյան, Խոսքը՝ Քրիստոս, որ Մարմին եղավ, Հավիտենական Խոսքը, որ միշտ արդիական է, որ մեզնից սպասում է, որ մենք անսանք և հետևենք Իրեն: Մենք տեսանք Աստծո սերը՝ մարմնացած՝ ի դեմս Հիսուս Քրիստոսի, և, միևնույն ժամանակ, մենք պատասխանատու ենք մեր խոսքի համար, թե ինչ պտուղ կտա մարդկանց սրտերում: Թող Քրիստոսի Ծննդյան այս ուրախ լուրը մեր սրտերը համակի ուրախությամբ, սիրո լույսով, թող մխիթարի մեր սրտերը և թող ունակություն ծնի մեր մեջ՝ միշտ հետևելու Տիրոջ Խոսքին»:

     

     

    DSC07060 Յավարտ Սբ. Պատարագի, հոգևորականների թափորը, շարականների հնչյունների ուղեկցությամբ՝ մանուկ Հիսուսին Սբ. Խորանի սեղանից տեղափոխեց մսուրի մեջ՝ Սրբուհի Մարիամի և Սուրբ Հովսեփի մեջտեղը: Հոգևորականները երկրպագեցին Սուրբ Ընտանիքին: Ժողովրդին բաժանվեցին մոմեր, որոնք անմիջապես վառվեցին, տաճարը ողողվեց լույսերով, Հիսուս Մանկան ծնունդն ավետող գեղեցիկ շարականներով և ուրախ բացականչություններով.

     

    «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ.

    ձեզ եւ մեզ մեծ աւետիս»:

     

     

    Հավատացյալների համար մեծ ուրախություն էր Սբ. Ծննդյան տոնին վայելել Սրբազան Հոր՝ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի ներկայությունն ու հայրական խոսքը: Դեկտեմբերի 25-ին Սբ. Ծննդյան տոնական Սբ. Պատարագը մատուցվեց ձեռամբ Սրբազան Հոր, առընթերակայությամբ գերապատիվ հայրեր Հ. Պետրոս վրդ. Եսայանի և Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկի:

     

    Քարոզի ընթացքում Սրբազան Հայրն իր խոսքն ուղղելով ներկաներին՝ ասաց հետևյալը.

     

    DSC07080«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ: Գեղեցիկ մի առիթ է՝ Քրիստոսի ծննդյան տարեդարձը տոնելը: 2015 տարի Քրիստոս, մարդեղանալով, ապրեց մեզ հետ՝ կրելով մարդկային բնության ամբողջ նկարագիրը: Ինչու՞: Իսկ ամենահետաքրքիր երևույթն այն էր, որ ծնվելիս տեղ չուներ, աղքատներից ավելի աղքատ էր, մսուրի մեջ, անասունների հետ: Ինքը՝ Աստված, որ թողնում է հավիտենական փառքը, պատիվը և գալիս է ծնվելու անասունների կողքին: Ի՞նչ է սրա իմաստը: Մարդասիրությու՛նը: Աստված մեզ սիրե՛ց և մեր սիրոյն համա՛ր կրեց այս բոլոր դժբախտ և դժվարին պահերը: Ոչ միայն մարդասիրություն, այլև ողորմածությու՛ն, որպեսզի կարողանա գալ և մեզ քաշել դեպի վեր՝ հաշտեցնելու Հայր Աստծո հետ:

     

    Ի՞նչ ենք անում մենք Քրիստոսի մեզ արած մեծ բարիքի դիմաց: Ուրախանում ենք, ճաշկերույթ ենք սարքում, իրար շնորհավորում եք, ընտանիքներով հավաքվում եք: Իսկ հետո՞: Երբ մնում եմ խղճիս հետ, ի՞նչ եմ ասում: Եթե ընդունում ենք, որ քրիստոնյա ենք, ուրեմն, պարտականություն ենք հանձն առել:

     

    Մտածե՛նք, որ Քրիստոսի գերազանց սիրո դիմաց դավաճանություն, ապերախտություն կա: Սա արդյո՞ք կարող է մխիթարել սիրող սրտին:

    DSC07096

    Որպեսզի այս տարի հիշենք այս մարդասիրությունը, որ մեր հանդեպ ցույց տվեց Քրիստոս՝ չարչարվելով, խաչվելով, մեռնելով մեզ համար, մենք պետք է կարողանանք երախտապարտ լինենք այդ սիրո հանդեպ՝ սեր արտահայտելով: Հեշտ է դա, եթե կարողանանք միմյանց մեջ տեսնել Քրիստոսին, ամեն անհատի ժպիտի մեջ տեսնել գալիք հավիտենական երջանկությունը: Ամենքս միասին պետք է այդ վստահությունը և անկեղծությունը ունենանք միմյանց և Աստո հանդեպ:

     

    Կուզենամ, որ ձեզնից յուրաքանչյուրը ունենա պարզ մոտեցում՝ Քրիստոսի հանդեպ և տեսնի, թե ինքը որտեղ է կանգնած»:

     

    Սրբազան Հայրը հիշեցրեց փարիսեցու և մաքսավորի մասին ավետարանական առակը՝ որպես օրինակ Աստծո հանդեպ անկեղծ և կեղծավոր, խոնարհ և եսակենտրոն վերաբերմունքի: Յուրաքանչյուր հավատացյալի համար ավելի մեծ օգնություն կլինի հոգևոր զարգացման համար, եթե ամեն օր գեթ մեկ նախադասություն ընթերցի Սուրբ Գրքից և խորհրդածի դրա շուրջ: Սա հիմնովին կփոխի յուրաքանչյուրիս կյանքը, վստահ է Սրբազան Հայրը:

    DSC07119

    Նույն օրը երեկոյան Սրբոց Նահատակաց աթոռանիստ եկեղեցում մատուցվեց ևս մեկ Սբ. Պատարագ ՝ձեռամբ Գերպ. Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկի՝ նրանց համար, ովքեր չէին կարողացել ներկա գտնվել առավոտյան Սբ. Պատարագին:

     

     

     

     

     

     

    Սբ. Ծննդյան տոնակատարությունները մյուս համայնքներում՝ լուսանկարներով.

     

    Տաշիր

     

    21909_893661790673111_4488712393372689684_n 12391943_789810264456915_3428111208992939668_n

     

    Սարագյուղ, Փանիկ

     

     

    1035_988856634486959_4522570263371771458_n 529660_988094184563204_105955431767031404_n 944686_988856301153659_1865012720197576963_n 10400795_988090314563591_7580160978962657417_n

Օրացույց

Օրացույց