• Ի՞նչ է հարկավոր մարդկությանը 2016-ին.Պապի ուղերձը՝ հունվարի 1-ի առթիվ

    «Մերօրյա մարդը կլանված է սեփական «ես»-ով»:


    16 դեկտեմբերի, 2015թ.

     Ֆրանցիսկոս Սրբազան Պապը հրապարակել է իր ամենամյա ուղերձը՝ Խաղաղության համաշխարհային օրվա առիթով, որն ավանադաբար տոնվում է հունվարի 1-ին: Պապի այս ուղերձի մեջ արծարծվում են խաղաղությունը խաթարող համաշխարհային երևույթները և գծագրվում է այն ուղին, որով կարող ենք և պետք է ընթանանք՝ կառուցելու համար խաղաղ մարդկային ընտանիք:

     

    Անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած արատավոր երևույթները ստիպում են Սրբազան Պապին խոսել «երրորդ համաշխարհային պատերազմի աստիճանական ծավալման մասին», բայց, միաժամանակ, որոշ դրական տենդենցներ հիմք են տալիս հուսալու, որ մարդկությունը ունի կարողությունը՝ հաղթահարելու չարիքը և կռվելու ժխտողականության ու անտարբերության դեմ:

     

    Եկեղեցու համար 2015-ը հատուկ էր նրանով, որ տոնեցինք Վատիկանի Բ ժողովի 50-ամյակը, մի ժողով, որի նպատակը, ինչպես Սբ. Հովհաննես 23-րդ Պապն էր ասում, Եկեղեցու պատուհանները լայնորեն բացելն էր աշխարհի առաջ, ավելի արդյունավետ հաղորդակցության մեջ մտնելը մարդկանց հետ: Այդ տեսլականի զարգացումն է նաև Ողորմության տարվա հռչակումն ու մեկնարկը:

     

    «Ես հրավիրում եմ Եկեղեցուն աղոթել ու աշխատել, որպեսզի յուրաքանչյուր քրիստոնյա ունենա խոնարհ ու կարեկից սիրտ՝ ունակ ազդարարելու և վկայելու ողորմության մասին: Հուսով եմ, որ յուրաքանչյուրս կսովորի «ներել ու տալ», դառնալ ավելի բաց դեպի «նրանց, ովքեր ապրում են հասարակության եզրերում, եզրեր, որոնք ստեղծում է մերօրյա հասարակությունը», և չտրվել ստորացնող անտարբերությանը կամ այն միալար առօրյականությանը, որը խանգարում է մեզ հայտնագործել նորը: Թողնե՛նք կործանարար ցինիզմը».գրում է Սրբազան Պապը:

     

    Մարդկությունը հիմնարար կոչում ունի՝ ապրելու եղբայրասիրությամբ և համերաշխ: Իսկ անտարբերությունը չարիք է մարդկային ընտանիքի համար, համոզված է Քահանայապետը: Նա զատորոշում է անտարբերության մի քանի տեսակ.

     

    -անտարբերություն Աստծո հանդեպ, որն իր հերթին հանգեցնում է նաև անտարբերության՝ մերձավորի հանդեպ: Սա կեղծ մարդասիրության և գործնական մատերիալիզմի, ըստ այդմ, նաև՝ հարաբերապաշտության և նիհիլիզմի հետևանք է: Մենք սկսել ենք կարծել, թե մենք ենք կերտում ինքներս մեզ, մեր հասարակությունը, մենք ինքնաբավ ենք, պատրաստ ոչ միայն Աստծուն փոխարինել այլ բանով, այլև առաջ գնալ առանց Աստծու: Մենք վստահ ենք, որ ոչ ոքի ոչինչ պարտական չենք և մտածում ենք միայն մեր իրավունքների մասին: Հակառակ այս երևույթի, Բենեդիկտոս 16-րդ Պապն ասում էր, որ ոչ մարդը, ոչ էլ մարդկային զարգացումը չեն կարող պատասխանել մարդու գոյության իմաստի մասին հիմնարար հարցին, իսկ Պողոս 6-րդ ասում էր, թե ճշմարիտ հումանիզմը միայն այն է, որը բաց է Բացարձակի առջև և գիտակից այն կոչմանը, որը մարդկային կյանքին իր ճշմարիտ իմաստն է շնորհում: Կոչում՝ նմանվել Տիրոջը, լինել Նրա ճշմարիտ պատկերը, որ է մարդուս արժանապատվությունը:

     

    -Անտարբերություն մերձավորի հանդեպ: Ինչպե՞ս է դա արտահայտվում: Որոշ մարդիկ մեծ տեղեկատվություն ունեն այն ողբերգությունների մասին, որոնք բաժին են ընկնում այլոց, բայց չեն կարեկցում նրանց, իրենց հայացքը գամված է միայն սեփական անձերին: Նման մարդիկ հաճախ սկսում են մեղարդել հենց տառապյալներին՝ նրանց բաժին ընկած դժբախտությունների համար, մտածում են, որ կրթությունը տառապյալներին կդարձնի հանգիստ, վարժեցված ու անվնաս: Մյուս խմբի մարդկանց, ովքեր ամեն ինչով ապահովված կյանք ունեն, բացարձակապես չի հետաքրքրում ուրիշների ճակատագիրը, խնդիրները: Այս ամենը հանգեցնում է մերօրյա մարդու կլանումով՝ սեփական «ես»ով, և մարդը կորցնում է խաղաղությունը Աստծո հետ, մերձավորների հետ և բնական միջավայրի հետ, որտեղ ապրում է:

     

    Երբ մարդիկ փակ են Աստծո առաջ, հեշտությամբ ընկնում են հարաբերապաշտության (relativism) գիրկը և անկարող են դառնում գործել խաղաղության և արդարության համար: Նրանց համար միակ ընդունելի նորմը դառնում են հենց իրենք: Սա հանգեցնում է աննախադեպ դաժանության: Սոցիալական անարդարության, զանգվածների դժգոհության, բռնությունների երևույթները Աստծո և մերձավորի հանդեպ անտարբերության հետևանք են:

     

    Ինչպե՞ս հաղթահարել այս համատարած անտարաբերությունը: Միայն սիրո միջոցով՝ ողորմության միջոցով: Քրիստոսի կյանքը և Ավետարանը մեզ տալիս են ողորմության գործադրման բանալիները: Մենք պետք է նմանվենք Տիրո՛ջը: Ողորմությունը Տիրոջ սիրտն է, այն պետք է լինի նաև Աստծո որդիների սիրտը, որն ավելի արագ պետք է բաբախի, երբ սեղանին է դրված մարդու արժանապատվությունը, գրում է Քահանայապետը: Միմյանց համար պատասխանատվություն և պարտականություններ ստանձնելով պետք է կարողանանք կառուցել համերաշխություն:

     

    Համերաշխության կարելի է հասնել նախևառաջ կրթության և մարդ անհատի ճիշտ ձևավորման միջոցով: Կրթությունը սկսվում է ընտանիքից՝ նախնական վայրը, որտեղ ապրվում ու փոխանցվում են սիրո, միասնության, միասին կիսելու, հոգատարության արժեքները, որտեղ փոխանցվում է հավատքը՝ սկսած աղոթական ջերմեռանդության առաջին դասերից, որոնք մայրը տալիս է զավակին: Կրթօջախների մասին խոսելիս Ֆրանցիսկոս Պապը հիշեցնում է Բենեդիկտոս 16-րդի խոսքերը.

     

    «Ցանկացած կրթօջախ կարող է լինել մի վայր, ուր բացվածություն կա վերազանցականի (transcendent) և մերձավորի հանդեպ, կա երկխոսություն…ուր գնահատվում են երիտասարդների անձնական կարողությունները, ներքին հարստությունները, ուր երիտասարդները կարող են սովորել հարգել իրենց եղբայրներին ու քույրերին, կարող են սովորել զգալ հրճվանքը եղբայրասիրության գործերի և այլոց հանդեպ կարեկցանքի»:

     

    Իր ուղերձի վերջում Ֆրանցիսկոս Սրբազան Պապը իր խորհրդածությունները վստահում է Սուրբ Կույս Մարիամին՝ Եկեղեցւոյ Մորը, «ով հոգ է տանում մարդկության պետքերի մասին, որպեսզի նա իր Որդուց՝ Խաղաղության Իշխանից խնդրի մեր աղոթքների բավարարումը և մեր եղբայրական ու միացյալ աշխարհի համար ամենօրյա ջանքերի օրհնությունը»:

     

     

Օրացույց

Օրացույց