Կաթողիկէ ջավախահայերը նախանձախնդիր են իրենց ազգային ինքնության պահպանության հարցում:
23 նոյեմբերի, 2015թ.
2015թ. նոյեմբերի 17-ին Ջավախքի Ծինուբան հայ կաթողիկէ համայնքում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողություն՝ ձեռամբ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սյուլահյանի՝ առաջնորդական փոխանորդի կաթողիկէ հայոց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արլ. Եվրոպայի, առընթերակայութամբ Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանի, Գերպ. Հ. Անտոն վրդ. Գրիգորյանի և Ծինուբանի ժողովրդապետ Արժ. Տ. Պողոս քահանա Գրիգորյանի և ներկայությամբ Ծինուբանի, հարևան Նեոխրեբ, Ծղալթբիլա, Աբաթխև, Ջուլղա գյուղերի հավատացյալների բազմության:
Արարողությանը ներկա էր նաև խաչքարի տեղադրման հովանավոր ծնունդով նույն գյուղից, Ալմա Աթայում բնակվող պրն. Հարություն Սերոբյանը: Խաչքարը գտնվում է գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցուն կից:
Ծինուբան գյուղը գտնվում է Ախալցխայից 9,5 կմ դեպի հարավ-արևմուտք: «Ծինուբան» նշանակում է «դիմացը հարթ»: Գյուղի բնակիչների թիվը ներկայում մոտ 350 է: Ներկայիս կաթողիկէ բնակչության նախնիները այդ գյուղում հաստատվել են 1830թ.՝ գաղթելով Արևմտյան Հայաստանի Կարին գավառից:
Գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է, ըստ տարբեր աղբյուրների, 1869թ. կամ 1879թ., բնակիչների ծախսերով, վերանորոգվել է 1908թ.: Նորակառույց եկեղեցու առաջին քահանան եղել է Տ. Հակոբ Սահարյանը: Եկեղեցին գործել է մինչը 1936թ.: 1937թ. կոմունիստներն այն դարձրել են ցորենի պահեստ, բայց ընդամենը մի քանի օր անց գյուղացիները եկեղեցուց դուրս են բերել ամբողջ ցորենն ու պահպանել այն որպես եկեղեցի, թեև կաթողիկէ քահանաների գործունեությունը գյուղում (ամբողջ ԽՍՀՄ տարածքում) արգելված էր: 1969թ. եկեղեցին վերոնորգվել է, խաչը վերատեղադրվել: