«Վիճակք ելին ինձ ընդ ընտիրս եւ ժառանգութիւն իմ հաճոյ եղեւ ինձ».Սղմ.ԺԵ
20 նոյեմբերի, 2015թ.
Երջանիկ օր է այսօր. Տիրոջ ողորմությամբ անարժանս ստացա քահանայական պաշտոնի փոքր աստիճանները կամ կարգերը՝ դռնապանի, ընթերցողի, երդմնեցուցչի, ջահընկալի և կիսասարկավագի: Արարողությունը կատարեց Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սյուլահյանը՝ առաջնորդական փոխանորդ կաթողիկէ հայոց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արլ. Եվրոպայի, օրհնությամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի, առընթերակայությամբ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանի, Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանի, Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանի, Արժ. Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանի, Գյումրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում, 2015թ. նոյեմբերի 20-ին:
Արարողությունը տեղի ունեցավ Սբ. Պատարագից հետո: Քահանաների թափորը և Սբ. Խորանի սպասավորներս, շարականների հնչյունների ուղեկցությամբ ուղղվեցինք դեպի եկեղեցու կենտրոնական հատվածը՝ ատյանից դուրս, որտեղ Հայր Մեսրոպն աղոթք բարձրացրեց առ Աստված և ասաց.
«Տեր, նայեա յերկրպագութիւնս մեր և պահպանեա զծառայ(ք)ս քո (կարգերը ստացող(ներ)ի անուն(ներ)ը) եւ զամենեսեան, որք են ի կարգ պաշտաման, և հաստատեա ի նոյն քոյին օգնականութեամբդ: Որպէս զի անարատ սպասավորեսցեն ի քո սուրբ եկեղեցիս եւ հասանիցեն հանդերձեալ բարեացդ…Թոթափեա ի սոցանէ զաղտս մեղաց, եւ հանգո ի վերայ սոցա զշնորհս քո…»:
Ապա նստեց առաջնորդական աթոռին, իսկ ես ծունկի եկա նրա առջև: Սաղմոսից հետո Հայր Մեսրոպը, ըստ կարգի, մազերիցս մի փունջ կտրեց խաչաձև՝ ասելով.
«Զի ի հատանել հերացդ՝ հատցի ի քէն երկրաւոր ցանկութիւն աշխարհի»:
Պարտավորիչ է նաև աղոթքի մյուս խոսքը.
«Ունկն դիր եւ տե՛ս բոլորիւ սրտիւ.զոր եղանակես բերանով՝ հաւատասցես սրտիւ: Եւ որոց հաւատացեր սրտիւ՝ ցո՛յց զնոյնս եւ գործով»՝ ինչ-որ խոսում ես, հավատաս սրտով և ինչին, որ հավատացիր, նույնը և գործով ցույց տաս:
Ապա ընդունեցի ավելը՝ ի նշան իշխանության Տիրոջ տունն ավլելու և մաքրելու, հետո Հայր Սուրբը շապիկ հագցրեց ինձ՝ ի նշան է մաքուր և անարատ կյանքի, որը պարտավոր է ունենալ յուրաքանչյուր սպասավոր:
Դռնապանի կարգը շնորհելիս՝ ստացա եկեղեցու բանալին և Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանի առաջնորդությամբ ուղղվեցի դեպի տաճարի դուռը՝ բացելու և փակելու: Այսու ստացողը պարտավորվում է եկեղեցի չթողնել աղանդավորներին, բանադրվածներին և չմկրտվածներին, ըստ կարգի:
Ընթերցողի կարգը շնորհելիս՝ ընդունեցի Սուրբ Գիրքը և լսեցի հետևյալ հրամանը.«Ա՛ռ զգիրս զայս, եւ լե՛ր Աստուծոյ բանին պատմող»: Այսու թույլտվություն ստացա՝ եկեղեցում ընթերցելու սուրբ գրերը՝ առաքելական նամակները, սաղմոսները:
Երդմնեցուցչի կարգը շնորհելիս՝ Հայր Սուրբից ընդունեցի Մաշտոցը, որտեղ, ի շարս այլ արարողությունների կանոնների, կա նաև երդմնեցուցչության կամ դևերին հալածելու աղոթքների կանոնը: «Որպէս զի կարող լինիցի Հոգւովն Սրբով՝ հալածել զդեւս ի մարմնոց եւ ի հոգւոց մարդկան, եւ երդմամբ հրաժարեցուցանել».լսեցի հրամանը: Բայց սա դիվահանության (exorcism) լիակատար իշխանություն չէ այլևս, ինչպես հնում էր, նման իշխանություն այժմ եպիսկոպոսը շնորհում է միայն քահանաներին:
Ջահընկալությունը, որը ստացա՝ ձեռքերումս ընդունելով եկեղեցական ջահը, ջահերը վառելու թույլտվությունն է և հոգևոր հանձնառություն՝ լույս լինելու աշխարհում, ինչպես պատվիրեց Քրիստոս: Ջահընկալը ստանում է նաև Սբ. Պատարագի ժամանակ պատարագչին գինի և ջուր մատուցելու թույլտվություն:
Կիսարկավագի կարգը շնորհելիս՝ Հայր Սուրբն իր ձեռքը դրեց գլխիս՝ ի նշան Սուրբ Հոգու շնորհի տվչության: Կիսասարկավագը, ըստ կանոնների, օգնում է սարկավագին, զգեստավորում է պատարագիչ քահանային, սպասավորում է Սբ. Պատարագի և մյուս խորհրդակատարությունների ժամանակ: Ձեռնադրվելիս ստանում է հոգևորական սքեմ (որն անարժանիս կտրվի առաջիկա օրերին), իսկ ձախ ձեռքի բազկին ընդունում է բազկուրարը, ինչը նշանակում է, որ դեռ կարող չէ տանել Քրիստոսի լուծը, այլ հանձն է առնում մի փոքր մասը միայն: Սարկավագը ստանում է ուսուրարը, իսկ քահանան՝ ամբողջ ուրարը.այսինքն քահանայական կարգեր ստացողի լուծն աստիճանաբար ավելանում է և քահանայական ձեռնադրության ժամանակ ձեռնդարյալը Քրիստոսի լուծը վերցնում է ամբողջությամբ: Այսինքն, քահանայական կարգեր ընդունողն ի սկզբանէ պետք է պատրաստ լինի տանելու Քրիստոսի լուծը, որը քաղցր է, պետք է պատրաստակամ լինի նմանվելու Քրիստոսին և, Նրա գերագույն օրինակով, զոհաբերվելու Տիրոջ Սուրբ Սեղանին՝ Տիրոջ ժողովրդի, այսինքն՝ Եկեղեցու համար:
Քրիստոսի լուծը կիսելը գերագույն երջանկություն է, բայց, միաժամանակ, ծանր պարտականություն, որից հրաժարվելը կամ խույս տալը մեծագույն հանցանք է: Քրիստոս կանչում է Իրեն նմանվելու, Իրեն ծառայելու, կիսելու իր բեռը, Իր Խաչի ծանրությունը՝ Տիրոջ փառքի և մարդկանց փրկության համար: Այս կոչումից հրաժարվելը նշանակում է Քրիստոսից երես թեքել, Հիսուսի անսահման սերն ու մտերմությունը մերժել, նրա առաքելության մեջ մաս և բաժին ունենալուց եսասիրաբար կամ հեշտասիրաբար հրաժարվել:
Ծնկաչոք, Աստծո շնորհով և տկար ուժերովս գիտակցելով արժանիքներիս ոչնչությունը՝ հեղձուկը կոկորդումս՝ լսում էի Հայր Սուրբի աղոթքի բառերը, որ լույսի ճառագայթների նման թափանցում էին մինչև խեղճ հոգուս խավար անկյունները.
«Սուրբ պահեա՛ զսա ի կոչումն յոր կոչեցաւ, Տէր հզօր եւ ամենակալ: Եւ արժանի արա՛ ամենայն իմաստութեամբ եւ խելամտութեամբ զաստուածեղէն քոց բանից կարդացմունս առնուլ ի միտ եւ առնել: Պահեա՛ զսա առանց ամօթոյ եւ արատոյ արժանաւորիլ ի պատշաճ ժամանակի հասանել մեծի աստիճանի սարկավագութեան: Շնորհեա սորա զհեզութիւն, զխոնարհութիւն եւ զպարկեշտութիւն.փչեա՛ ի սա զՀոգիդ քո Սուրբ արժանի լինել…»:
«…առանց ամօթոյ եւ արատոյ արժանաւորիլ…».սրանք ամենասուր բառերն էին, որոնց մասին չեմ կարողանում հանգստութեամբ մտածել: Ամոթի ու արատի անոթ չդառնալ՝ առաջին հերթին Տիրոջ առաջ, ամեն օր Սուրբ Զոհի Սեղանին սպասավորելիս հիշել այս բառերը և քննել սեփական խիղճը, անարժան կյանքը: Եվ եթե մեկ օր այդ բառերը դառնան առօրյա գաղջություն, ուրեմն պետք է սկսեմ անդրադառնալ, որ չարը սկսում է հաղթել ինձ և բռնած պահել տկարություններիս ճահճում…
Ծանր է, բայց խնդրում եմ Տիրամոր մայրական խնամքն ու բուժիչ աղոթքներն ինձ համար, որպեսզի կարողանամ առաջանալ Տիրոջ ծառայելու կոչմանս մեջ և մի գեղեցիկ օր հասնել քահանայության:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Սրբազան Առաջնորդին՝ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանին, Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սյուլահյանին, իմ հոգևոր հայր Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանին, Արժ. Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանին, Գերհ. Հ. Անտոն ծ.վ. Թոթոնջյանին, ծնողներիս և բոլոր այն անձանց, ովքեր այս կամ այն կերպ աջակցել և աջակցում են հոգևոր զարգացմանս ու աճմանս:
«Տէրն իմ հովիվն է,
եւ ինձ ոչինչ չի պակասի». Սղմ. ԻԲ
Սրբուհի Աստուածածին, Մայ՛ր Աստուծոյ, բարեխոսեա՛ վասն մեր մեղաւորացս, այժմ եւ ի ժամու մահուան մերոյ.Ամէն:
Լևոն Գալստյան