• Հրաժեշտ՝ առաքինազարդ քույր Սեսիլին.հոգեհանգստյան Սբ. Պատարագը և թաղման արարողությունը

    «Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը» (Բ Տիմ. 4:7):


    7 նոյեմբերի, 2015թ.

     

     2015թ. նոյեմբերի 7-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց առաքինազարդ քույր Սեսիլ Քէհէյանի հոգու հանգստության համար: Քույր Սեսիլը վախճանվեց նոյեմբերի 6-ին, Գյումրիի հիվանդանոցում: Սբ. Պատարագի արարողությանը ներկա էին հայ կաթողիկէ հոգևորականներ, Անարատ Հղության հայ քույրերը, քույր Սեսիլի հարազատները, Երևանում և Սպիտակում ծառայող Գթության քույրերը, Տիրամայր Հայաստանի կուսաստանի սաները, Հայկական Կարիտասի աշխատակիցներ, հավատացյալների բազմություն:

     

     Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանն իր քարոզը նվիրեց առաքինազարդ քրոջը.

     

    «Մեզ՝ հոգևորականներիս, համար բնական մի երևույթ է, որ Աստծո այգում աշխատելուց, նվիրվելուց հետո, ժամն է գալիս՝ մեկնելու, միանալու այն սուրբ Սեղանին, որ Քրիստոս, մեզ համար պատրաստել է: Այսօր հիշեցի Պողոսի նամակը Տիմոթեոսին, որտեղ ասում է.«Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը» (Բ Տիմ. 4:7): Քույր Սեսիլը, ում ճանաչում եմ իմ երիտասարդ տարիներից, վայելել եմ նրա աշխատանքը, օրինակը, նվիրումը, զոհողությունը, միշտ մի փառավոր պատկեր է մնում՝ մեր սրտում և մտքում: Մարդու մասին խոսել և ասել, թե ինչ է արել իր կյանքի ընացքում, փառասիրությու՛ն է, որովհետև երբ հոգևորականը նվիրվում է, այլևս ոչ մի իրավունք չունի, այլ՝ միայն պարտականություն՝ վկայելու, աշխատելու Աստծո այգում…բարիք սփռելու, օգնելու տկարին, առաջնորդելու երիտասարդությունը…: Այդ երկար տարիները, որ քույր Սեսիլը ապրեց, վկայում են այդ ամենի մասին: Այդ զոհողությունների, մահացությունների, վտանգների մեջ, Լիբանանի պատերազմի բոլոր այդ դժվարին, դժբախտ օրերում, այդ բոլոր չարչարանքների մեջ, որ քույրերը կրեցին իրենց դպրոցում, քույր Սեսիլը մնաց հավասարակշիռ, բարի, օրինակելի մի կերպար: Այդ բոլորի մեջ քույր Սեսիլը կարողացավ պահել հավատքը և աղոթքի կյանքը…

     

    Նվիրում՝ Քրիստոսի ծառայությանը, որն, ի վերջո, դափնեպսակ է ստանում, ինչպես ասում է Պողոս առաքյալը.«Եվ հիմա ինձ է սպասում արդարության պսակը, որ ինձ պիտի տա Տերը՝արդար դատավորը, այն օրը» (Բ Տիմ.4:8): Այսօր ամենայն պարզությամբ կարող ենք հրապարակավ վկայել, որ քույր Սեսիլը վայելում է այդ արդարության պսակը՝ որպես վարձատրություն իր ամբողջ կյանքի՝ 92 տարիների բոլոր զոհողությունների, որոնք նվիրեց Քրիստոսին…

     

    Այսպիսի պահերի՛ց պետք է կարողանանք առնել այն հոգևոր սնունդը, որ երբ խոսենք Հիսուսի հետ, կարողանանք պարզ հոգով նայել Քրիստոսին երեսին և ասել.«ի հեճուկս իմ բոլոր տկարություններին, ինքս ինձ նվիրում եմ Քեզ ծառայելուն»:

     

    Իմ ցավակցություններս եմ հայտնում քույր Սեսիլի հարազատներին, քույրերին, որ այսօր մի զինվոր տվեցին, բայց հնարավոր է, որ այդ հատիկը, որ հողի մեջ ընկավ, շատ արդյունք տա, հուսով եմ, որ շատ նոր առաքյալներ, նոր քույրեր կարողանան ներշնչվել և այս միաբանության մեջ ծառայեն հայ ազգի և Հայ Եկեղեցու բարգավաճմանը»:

     

     Սբ. Պատարագի ավարտից հետո ներկաներին իր ցավակցական խոսքն ուղղեց նաև Տիրամայր Հայաստանի կուսաստանի մեծավորուհի առաքինազարդ քույր Արուսյակ Սաճոնյանը.

     

    «Քույր Սեսիլը շատ աղոթասեր էր, օրական երեք անգամ աղոթում էր Վարդարան: Առավոտյան երբ իջնում էինք մատուռ, ինքն արդեն այնտեղ էր: Բոլոր իր դժվարությունները նա կարողացավ նվիրե՛լ: Ես վստահ եմ, որ նա մեզ հետ է: Դա է մեր հավատքը: Քույր Սեսիլը այն քույրերից է, ովքեր իրենց ամբողջ կյանքը տոչորվեցին հայրենիքի սիրով: Երբ մի քանի ամիս առաջ քույր Սեսիլին հարցրեցին, թե որտեղ ես ուզում մնալ կյանքիդ վերջում՝ Հռոմ, Լիբանան, նա ասել է՝ Հայաստանում: Միշտ ասում էր՝ ուզում էր հայրենիքի մեջ մեռնել ու թաղվել:

     

    Իր ամբողջ կյանքում աշխատեց երիտասարդ սերնդի համար: Նրա անունը նույնացած է Անարատ հղության քույրերի Հռիփսիմյանց վարժարանի հետ…մենք նրա աշակերտներն ենք: Հազարավոր աշակերտներ է պատրաստել, ովքեր այսօր տիպար մայրեր են: Նրա աշակերտներից մեկը՝ Անի Բեզիքյանը, մեզ նվիրեց մեր Երևանի կենտրոնը, որի համար պարտական ենք քույր Սեսիլին: Այսօր մենք շատ հովանավորներ ունենք, ովքեր քույր Սեսիլի աշակերտներն են: Վստահ եմ, որ Երկնքից պիտի շարունակի օգնել մեզ, որ կարողանանք մենք էլ, իր նման աշխատելով, սերունդներ պատրաստել:

     

    Քույր Սեսիլը, երբ որ 2000թ. եկավ Հայաստան, ասում էր. «Շատ սիրով էի աշխատում Լիբանանում և այլ տեղերում, բայց հայրենիքը ուրիշ բան է»…Միաբանությունը կորցրեց ազգասեր, մանկասեր մի մեծ մանկավարժ: Երբ որ ինքը 30 տարի տնօրենն էր Հռիփսիմյանց վարժարանում, այդ վարժարանը Լիբանանի լավագույն վարժարաններից էր…

     

    Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նրա եղբոր կնոջը՝ Սալբիին, որ վերջին երեք շաբաթների ընթացքում մեծ ծառայություն մատուցեց քույր Սեսիլին: Նաև շնորհակալություն իր եղբորը և քրոջ աղջկան, ովքեր Հունաստանից եկան»:

     

       Նույն օրը՝ ժամը 13:30-ին, Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում սկսվեց թաղման արարողությունը, որը կատարեցին Գերպ. Հ. Վարագ վրդ. Բերբերյանը և Արժ.Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը: Եկեղեցու կարգն ավարտելուց հետո հոգևորականներն իրենց ցավակցությունները հայտնեցին ներկաներին:

    Տեր Գրիգորն ավելացրեց նաև հետևյալը.

     

    «Ցորենի հատիկը ընկել է հողի մեջ և տվել իր արդյունքը: Այսօր երբ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող այն աղջիկները, որոնք ստացան լավ կրթություն և դարձան լավ մայր, հայ մնացին, քույր Սեսիլի աշխատանքի արդյունքն է: Երբ Աստված ցանում է, գիտե, թե ինչպես պետք է խնամի իր ցանած սերմը, եթե կարիքը կա խնամելու՝ ուրիշների համար: Եվ այն ծառայությունը, որ նա մատուցեց, լինի Լիբանանում, ԱՄՆ-ում կամ Հայաստանում, այն լավագույն պտուղն է, որ տվեց քույր Սեսիլը: Մեզ համար դա օրինակ պետք է լինի: Աստծո համար լավագույն բանը՝ ինքնազոհաբերությունն է ուրիշի համար: Չկա մարդ, որ ասի՝ հավատում եմ Աստծուն և ուրիշի համար չզոհվի: Երբ որ մենք մեր ամբողջ կյանքը, եռանդը դնում ենք ուրիշների հոգիների փրկության համար, նրանց լավագույնը տալու համար, սա՛ է իսկապես լավագույն օրինակը Աստծուն ծառայելու: Այն սերը, որ նա տվել է բոլորին, պատճա՛ռն է, որ այսօր աշխարհի չորս կողմերում աղոթում են նրա համար, որ բարեխոսի յուրաքանչյուրի հոգու փրկության համար:

     

    Սիրելի՛ քույրեր, ձեզ և մեզ համար սա մեծ կորուստ է: Վստահ եմ, որ նա Երկնքից պետք է բարեխոսի ձեզ համար: Եվս մեկ բարեխոս ունեցաք Երկնքում, ով պիտի խնդրի Աստվածամորից և միջնորդ լինի Աստծո առաջ՝ ձեր առաքելության հաջողության համար: Մեր հոգևոր դասի անունից ցավակցում ենք ձեզ, որովհետև յանձինս քույր Սեսիլի, կորցրեցինք մե՛ր քրոջը»:

     

     Առաքինազարդ քրոջ մարմինն ամփոփող դագաղը հանդիսավոր թափորով դուրս բերվեց եկեղեցուց և տեղափոխվեց Գյումրիի 2-րդ գերեզմանոց: Կատարվեց թաղման կարգը,  քույր Սեսիլի աճյունը հուղարկավորվեց Անարատ Հղության քույրերի գերեզմանոցում:

     

    Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի…

     

    DSC06741 DSC06745 DSC06748 DSC06758 DSC06767 DSC06770 DSC0677212195864_492373064277660_7373344043043769153_n

Օրացույց

Օրացույց