• Պապը աշխարհի բոլոր քրիստոնյաների միության գրավականն է, հովիվը և ուսուցիչը

    2015թ.սեպտեմբերի 17-ին Կաթողիկէ Եկեղեցին տոնեց Եպիսկոպոսների սինոդոսի հիմնադրման 50-ամյա հոբելյանը: Այս առթիվ Ֆրանցիսկոս Սրբազան Պապի ելույթը չափազանց ուշագրավ ու էական է՝ իր շեշտադրումներով:


    20 հոկտեմբերի, 2015թ.

     

    Եպիսկոպոսների Սինոդը Վատիկանի Բ Ժողովի ամենաթանկարժեք ժառանգություններից մեկն է, ասաց Քահանայապետը: Պողոս 6-րդ Պապը վստահ էր, որ Եպիսկոպոսների սինոդի նպատակը էկումենիկ ժողովի պատկերը կենդանի պահելն էր: Այս նպատակը շարունակեցին նաև հաջորդ քահանայապետերը՝ ներառյալ Ֆրանցիսկոս Սրբազան Պապը: Վերջինս ուշադրություն է հրավիրում «սինոդ» բառի իմաստի վրա.այն նշանակում է «քայլել միասին»՝ աշխարհականները, քահանաները, Հռոմի եպիսկոպոսը միասին պետք է քայլեն: Սա դժվար է իրագործել:

     

    Նորին Սրբությունը հիշեցնում է Վատիկանի Բ ժողովի բացատրությունը՝ ամբողջ Եկեղեցում, կամ Աստծո ժողովրդի մեջ հավատքի ընդհանուր զգացումի մասին, ինչը Եկեղեցին անվանում  է «sensus fidei»՝ հավատքի զգացում, որը անսխալական է,  եթե բոլորը՝ եպիսկոպոսից միչև վերջին աշխարհականը լիակատար միաբան են՝ հավատքի և բարոյականության հարցերի շուրջ՝ ըստ հավատքի գերբնական զգացումի:

     

    Հիմնվելով այս ճշմարտության վրա՝ Նորին Սրբությունը հիշեցնում է իր՝ «Ավետարանի ուրախությունը» շրջաբերականում արտահայտած միտքը, թե Եկեղեցում յուրաքանչյուր մկրտյալ անձ ավետարանացման սուբյեկտ է՝ ըստ իր կարողությունների և շնորհների: Այս պատճառով էլ Նորին Սրբությունը այս օրերին ընթացող ժողովից առաջ հանձնարարել էր լսել թե համայնքներում ծառայող հոգևորականների և թե ընտանիքների կարծիքները, մտահոգությունները՝ տարբեր ընտանեկան խնդիրների շուրջ: Լինել սինոդական Եկեղեցի՝ նշանակում է  լսել միմյանց և լսել Սուրբ Հոգուն.սինոդի եպիսկոպոսները պետք է կարողանան լսել մարդկանց, որպեսզի ճիշտ որոշումներ ընդունեն:

     

    Պապը խնդրում է նաև մտածել Եկեղեցում Պապի հովվական առաջնորդությունը նորովի հասկանալու կարևորության մասին: Միմյանց լսելը իր գագաթնակետին է հասնում՝ Հռոմի եպիսկոպոսին լսելու՛ մեջ, ով կոչված է խոսելու որպես «բոլոր քրիստոնյաների հովիվ և ուսուցիչ», հիմնվելով ոչ թե իր սեփական համոզումների վրա, այլ՝ որպես վկա՝ ամբողջ Եկեղեցու հավատքի (totius fides Ecclesiae), երաշխավոր՝ Եկեղեցու հնազանդության՝ Աստծո կամքին, Քրիստոսի Ավետարանին և Եկեղեցու Սրբազան Ավանդությանը:

     

    Եկեղեցին պետք է միշտ գործի Պետրոսի հետ և Պետրոսին հնազանդվելով (cum Petro et sub Petro): Սա ազատության սահմանափակում չէ, այլ՝ միության երաշխիք: Պապը, Աստծո կամքով, «տևական և տեսանելի աղբյուրն ու հիմքն է միության թե՛ եպիսկոպոսների, թե՛ հավատացյալների բազմության»: Սրա հետ է կապված նաև «նվիրապետական հաղորդության» հասկացությունը.եպիսկոպոսները Հռոմի եպիսկոպոսի հետ միացած են եպիսկոպոսական հաղորդության կապով (cum Petro), և միաժամանակ նվիրապետորեն ենթակա են նրան՝ որպես ժողովի գլխին (sub Petro).

     

    Նորին Սրբությունը շարունակեց բացատրել, որ Հիսուս Եկեղեցին հիմնեց՝ առաքյալների ժողովը կարգելով որպես գլուխը Եկեղեցու, որի վեմը Պետրոսն է (Մտթ. 16:18)՝ նա, ով իր եղբայրներին պետք է հաստատի իրենց հավատքի մեջ (տե՛ս՝ Ղկ., 22:32): Բայց այս Եկեղեցում, ինչպես շրջված բուրգի պարագայում, գագաթը հիմքի տակն է: Որովհետև իշխանություն ունեցողները կոչվում են ծառաներ, նրանք ամենավերջիններն են: Աստծո ժողովրդին ծառայելո՛վ է, որ յուրաքանչյուր եպիսկոպոս դառնում է իրեն վստահված հոտի համար Քրիստոսի փոխանորդ: Նմանապես, Պետրոսի հաջորդը այլ ոք չէ, քան՝ Աստծո ծառաների ծառան:

     

    Եկեղեցին ճշմարտապես սինոդական է, երբ բոլորը միասին են գործում, աշխարհականները, քահանաները, եպիսկոպոսները, եպիսկոպոսներ միացած են Պապին:

     

    «Ես համոզված եմ, որ սինոդական Եկեղեցում, Պետրոսի առաջնայնությունը ավելի մեծ ուշադրության կենտրոնում կլինի: Պապը, ինքնին, Եկեղեցուց վեր չէ, այլ՝ Եկեղեցում է, մկրտյալ է՝ մկրտյալների մեջ, եպիսկոպոս է՝ եպիսկոպոսների մեջ, մեկը, ով որպես Պետրոսի հաջորդը, կոչված է առաջնորդելու Հռոմի Եկեղեցուն, որը նախագահում է բոլոր մյուս Եկեղեցիների վրա».ասաց Նորին Սրբությունը:

     

    Այսօր կարիք կա մտածելու «պապականության դարձի մասին» մասին, վստահ է Նորին Սրբությունը, այսինքն՝ պապականությունը վերաիմաստավորելու անհրաժեշտության մասին, և հիշեցնում է Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապի խոսքերը.

     

    «…Քրիստոս փափագում է  ամբողջական և լիարժեք հաղորդությունը այն բոլոր համայնքների, որոնց մեջ բնակվում է Իր Հոգին…ես վստահ եմ, որ այս առումով ունեմ մասնահատուկ պատասխանատվություն…՝գտնելու ճանապարհ, որպեսզի ի գործ դնեմ այնպիսի մի առաջնորդություն, որը առանց մերժելու այն, ինչ կարևոր է իր առաքելության մեջ, բաց է նոր իրավիճակի առջև»:

     

    Սինոդական Եկեղեցին նման է ազգերի մեջ բարձրացված մի նշանի՝ այս աշխարհում, որը, թեև հրավիրում է մասնակցության, համերաշխության…բայց հաճախ ժողովուրդներին թողնում է հզորների սահմանափակ խմբերի ագահ ձեռքերում:

     

    «Որպես մի Եկեղեցին, որը քայլում է մարդկանց հետ միասին՝ կիսելով պատմության դժվարությունները, եկե՛ք փայփայենք այն երազը, որ ժողովուրդների անկապտելի արժանապատվության վերահայտնագործումը և իշխանությունը՝ որպես ծառայություն գործադրելը կարող է օգնել նաև քաղաքացիական հասարակությանը՝ աճել եղբայրության և արդարության մեջ՝ ծնելով ավելի լավ մի աշխարհ».այսպես իր խոսքն ավարտեց Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապը:

Օրացույց

Օրացույց