Այսօր Նորշենը հայ կաթողիկէության ամենածաղկուն օրրաներից է:
3 հոկտեմբերի, 2015թ.
2015թ. հոկտեմբերի 2-ին Ախալցխայի շրջանի հայ կաթողիկէ Նորշեն կամ Ծղալթբիլա գյուղում օծվեցին և օրհվեցին Խաչի Ճանապարհի 14 կայաններ և մի խաչ՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի և առընթերակայությամբ Նորշենի ժողովրդապետ Գերհ. Հ. Անատոլի ծ.վ. Իվանյուկի, Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանի և Արժ. Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանի:
Արարողությունը սկսվեց մեծ թափորով.գյուղացիների հոծ բազմությունը հոգևորականների առաջնորդությամբ ուղղվեց դեպի գյուղից քիչ հեռու գտնվող անտառածածկ մի բլուր, որի վրա տեղադրված են Խաչի ճանապարհի նոր պատրաստված 14 կայանները: Տեր Հիսուս Քրիստոսի չարչարանքների տարբեր հանգրվանները նկարագրող պատկերները նկարված են քարե սալիկների վրա և ամրացված քարե մատուռանման պատվանդանների վրա:
Խաչի ճանապարհի կայանները սարերի վրա, անտառներում տեղադրելը շատ հին ավանդություն է, որը տարածված է եղել հատկապես միջնադարյան Եվրոպայում: Խաչի ճանապարհի ջերմեռանդության հիմնական տարածողները եղել են ֆրանցիսկյան վանականները՝ Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզեցու հիմնած ուխտի միաբանները: Ջերմեռանդությունը լայն տարածում է գտել նաև հայկական ավանդության մեջ և մինչ օրս պահպանվել է ու, ինչպես տեսնում ենք, շատ սիրված է հայ կաթողիկէ այն համայնքներում, որտեղ հավատքը, կրոնական ինքնությունն ու ավանդությունները ավելի խոր արմատներ ունեն և աչքի բիբի նման պահպանվում են: Վրաստանի հայաբնակ կաթողիկէ գյուղերը, մանավանդ, այդպիսին են:
Նորշենում կաթողիկէ հայությունը հաստատվել է 1830-ականներին՝ գաղթելով Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգի նույնանուն գյուղից: «Ծղալթբիլա» անունը վրացական ծագում ունի, նշանակում է «տաք ջուր»: Այդպես են անվանել գյուղի մեջտեղում գտնվող հանքային տաք ջրի աղբյուրի պատճառով: 1849թ. նորշենցիները կառուցել են իրենց Հիսուս Փրկիչ եկեղեցին և այնտեղ դրել Էրզրումից իրենց հետ բերած Աստվածածնի սրբապատկերն ու ձեռաց խաչը, որոնք մինչ օրս պահպանվել են: Եկեղեցին 1930-ականներին վերածվել է պահեստի, պաշտամունքային արարողությունները դադարել են, որովհետև գյուղի հոգևորականներին աքսորել են, ձերբակալել կամ գնդակահարել: Մի քանի տասնամյակ բարեպաշտ ու ջերմեռանդ հավատացյալները ստիպված են եղել աղոթել տներում՝ Սբ. Վարդարան, ժամերգություններ, ինչպես որ կարողացել են. նույնիսկ աղոթքի համար գյուղական ուրույն ֆոլքլորային եղանակներ են ձևավորվել, որոնք մինչ օրս կարելի է լսել պաշտամունքի ժամանակ:
1990թ. Հիսուս Փրկիչ եկեղեցին վերաբացվեց: Նորշենցիների խնդրանքով Հռոմի Սրբազան Քահանայապետը Նորշեն ուղարկեց Հայր Անատոլի Իվանյուկին, ով, թեև ազգությամբ ուկրաինացի է, կարճ ժամանակում կարողացավ յուրացնել հայերենը, Հայ Եկեղեցու ծեսը և սկսեց Նորշենում վերածնել հոգևոր կյանքը: Հայր Անատոլիի ջանքերով գյուղում վերականգնվեց կանոնավոր պաշտամունքը, Սբ. Պատարագը, ժամերգությունները, Սբ. Վարդարանի, Խաչի ճանապարհի, տոնական թափորների ջերմեռանդական ավանդությունները, որոնք ավագ սերունդը հիշում էր պապերի պատմություններից և մեծ սիրով սկսեց իր առօրյա կյանքը կապել աղոթքի ու եկեղեցու հետ: Եկեղեցին վերստին կյանք առավ, նորոգվեց, զարդարվեց նոր սրբապատկերներով:
Այսօր Նորշենը հայ կաթողիկէության ամենածաղկուն օրրաներից է, ժողովուրդը բծախնդրությամբ կատարում է տոների, պահքի հետ կապված եկեղեցական կանոնները, մշտապես մասնակցում Սբ. Պատարագի, հաղորդվում և խոստովանում:
Խաչի ճանապարհի այս նոր կայանները տեղադրել են Սանկտ Պետերբուրգում բնակվող նորշենցի եղբայրներ Մոսոյանները, ովքեր որոշել են իրենց հայրենի գյուղում ի կատար ածել իրենց մոր երազանքն ու մտահղացումը՝ գյուղի ժողովրդին նվիրել Խաչի ճանապարհի կայաններ: Ամբողջ գյուղի համար սա միասնական ջերմեռանդության արտահայտման ևս մեկ գեղեցիկ հնարավորություն է, հին ավանդությունը պահելու և նոր ձևով շարունակական դարձնելու միջոց: