• Խաղաղության Նոբելյան մրցանակ՝ Ֆրանցիսկոս Սրբազան Պապին.ամերիկահայերի և կոնգրեսականների նախաձեռնությունը

    Հայերը շնորհակալություն են հայտնում Սրբազան Պապին


    1 հոկտեմբերի, 2015թ.

    Կալիֆորնիայում անգլերենով հրապարակվող The California Courier հայկական թերթի խմբագիր Հարութ Սասունյանը 2015թ. սեպտեմբերի 29-ին մի հոդված է հրապարակել, որտեղ կոչ է անում միջազգային հանրությանը՝ առաջարկել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան  Պապի թեկնածությունը՝ 2016թ. խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու համար: Հոդվածը թարգմանվել է նաև հայերեն և հրապարակվել հայկական մի քանի լրատվամիջոցների կայքերում:

     

    14.01.8

     

    Հարութ Սասունյան

     

    Հոդվածում Սասունյանը գրում է, որ Կանադայի խորհրդարանի պատգամավոր Judy Sgro-ն Կանադայի նախկին խորհրդարանական Սարգիս Ասատուրյանի խնդրանքով վերջերս Ֆրանցիսկոս Պապի թեկնածությունն առաջադրել է 2016թ. խաղաղության Նոբելյան մրցանակի համար: Sgro-ն իր նախաձեռնության տեքստում Սրբազան Պապին համարում է «բարին գործելու ներշնչական զորություն, հույսի խորհրդանիշ, ով «անցյալի սխալներն ու հակամարտությունները հաշտեցնելու իր ջանքերով, խաղաղության ամրապնդման, տարբեր տեսակետներ ունեցող կողմերի ավելի մեծ փոխըմբռնման և հանդուրժողականության զարգացման ուղղությամբ իր աշխատանքով դարձել է լայնամասշտաբ փոփոխության ճշմարիտ և կառուցողական ուժ»:

     

    Ասատուրյանը հարցրել է Սասունյանին՝ արդյոք կարող է գտնել որևէ ամերիկացի օրենսդիր, որը նույնկերպ կառաջադրի Ֆրանցիսկոս Քահանայապետի թեկնածությունը՝ նոբելյան մրցանակի համար: Սասունյանն իր հերթին հարցրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի կարծիքը, ով հայտնի է հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսում 106-րդ բանաձևի շրջանառության նախաձեռնությամբ և մշտապես աչքի է ընկել իր հայասեր և մարդասիրական գործունեությամբ: Շիֆը ոչ միայն համաձայնել է հանդես գալ նման առաջարկով, այլև՝ համոզել այլ կոնգրեսականների ևս՝ միանալու այդ նախաձեռնությանը:

     

    440px-Adam_Schiff,_official_photo_portrait,_111th_Congress

    Ադամ Շիֆ

     

    2015թ. սեպտեմբերի 23-ին Ադամ Շիֆը ԱՄՆ կոնգրեսին մի նամակ է ուղղել, որտեղ գրում է հետևյալը.

     

    «Հռոմի Պապն անգերազանցելի պերճախոսությամբ, խոնարհությամբ և կարեկցանքով իր ամբիոնն օգտագործեց՝ կոչ անելու ամբողջ աշխարհի մարդկանց և ժողովուրդներին գործել հոգևոր, բարոյական արժեքներով և ուղղամտությամբ… Ֆրանցիսկոս պապը եղել է խաղաղության հզոր պաշտպան, ով կոչ է արել վերջ դնել հակամարտությանը և աջակցել ազգերի միջև կառուցողական կապերի հաստատմանը: Նա հորդորել է աշխարհին վեճերը կարգավորելու համար օգտագործել դիվանագիտություն և քննարկումներ, ոչ թե կիրառել ռազմական ուժ, պարտադրանք կամ վախ: Բռնությունը մերժելու այս հանձնառությունը, որ Պապն ամեն օր կիրառում է իր խոսքերում և գործունեության մեջ, ընկած է Խաղաղության Նոբելյան մրցանակի սկզբունքների հիմքում»:

     

    Ի նկատի ունենալով Սրբազան Պապի կողմից Հայոց ցեղասպանության փաստի վերահաստատումը Վատիկանում 2015թ. ապրիլի 12-ին մատուցված Սբ. Պատարագի ժամանակ, կոնգրեսական Շիֆը բարձր է գնահատում «նրա խիզախ դիրքորոշումը մարդու իրավունքների պաշտպանության և անցյալի ու ներկայիս բոլոր ցեղասպանությունների դատապարտման գործում»: Շիֆը շեշտում է, որ Պապը մշտապես դատապարտում է նաև Սիրիայում, Իրաքում և այլուր քրիստոնյաների և մահմեդականների դեմ ահաբեկչական գործողությունները, պատերազմները, որոնց հետևանքն է նաև գաղթականության ներկայիս սուր ճգնաժամը եվրոպական երկրներում:

     

    Ադամ Շիֆի նախաձեռնությունը, գրում է Սասունյանը, համընկավ Սրբազան Պապի՝ ԱՄՆ այցելության և Կոնգրեսում ելույթի հետ և մեծ ուշադրության արժանացավ կոնգրեսականների և ամերիկյան լրատվամիջոցների կողմից: Նկատենք, որ ամերիկահայերը մեծ խանդավառությամբ Նյու Յորքում Սրբազան Պապին դիմավորեցին  «Շնորհակալություն՝ հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտելու համար» վերտառությամբ պաստառներով:

     

    Սասունյանի հոդվածում բերված է Նոբելյան խաղաղության մրցանակի համար թեկնածության առաջադրման պայմանները.թեկնածություններ առաջադրողները պետք է լինեն պետական պաշտոնյաներ՝ խորհրդարանի կամ կառավարության անդամներ, միջազգային դատարանների, միջազգային իրավունքի ինստիտուտի ներկայացուցիչներ, պրոֆեսորներ  և այլն: Սասունյանը գտնում է, որ ԱՄՆ սենատորների և Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորները մեծապես կարող են աջակցել Սրբազան Պապի թեկնածության առաջադրմանը: Իսկ վերջում Սասունյանը գրում է.

     

    «Հռոմի Ֆրանցիսկոս պապը լիովին արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ թեև նա չափազանց համեստ է՝ դրան ձգտելու կամ նույնիսկ ընդունելու համար: Եթե նա շահի այդ մրցանակը, ամենայն հավանականությանբ, 1.5 միլիոն դոլար պարգևը կնվիրաբերի աշխարհի աղքատներին և կարիքավորներին»:

     

    Այստեղ անկհայտ է, որ այս նախաձեռնության ակունքներում, որն ամենայն հավանականությամբ, անարձագանք չի մնա և մոտ ապագայում կսկսի մեծ թափ հավաքել միջազգային ասպարեզում, կարևոր դեր ունեն սփյուռքահայ հայ ազդեցիկ հասարակական գործիչները: Թեև Ֆրանցիսկոս Պապի՝ նոբելյան խաղաղության մրցանակի արժանի լինելու մասին միտքը միայն հայերինը չէ, բայց կոնկրետ նախաձեռնություններում երևում է հայի՛ մատը: Հայերի այս շահագրգռությունը՝ Սրբազան Պապի թեկնածությունն առաջադրելու համար՝ երախտագիտության արդարացի արտահայտություն է.անուրանալի է 2015թ. ապրիլի 12-ին Սրբազան Պապի կողմից հայ դատի պաշտպանության համար կատարած քայլի պատմական, բարոյական, քաղաքական հսկայական նշանակությունը: Սա հայոց ցեղասպանության 100-ամյակի մեծագույն իրադարձություններից է, և, թերևս, մեծագույնը՝ հայկական պահանջատիրության հաղթանակների առումով.Սրբազան Պապը մեկ օրում արեց ավելին, քան հայ ժողովուրդը պետք է աներ տասնամյակներ շարունակ: Նորին Սրբությունն իր բարոյական մեծ հեղինակությամբ միջազգային հանրության խղճի առջև դրեց հայ ժողովրդի ցավը և արդարացի պահանջը, մեկ օրում այն դարձրեց միջազգային հանրության քննարկման թեմա և խթաններ տվեց Եվրոխորհրդարանում և այլ երկրների խորհրդարաններում հայանպաստ բանաձևերի ընդունման համար:

     

     Այս առումով պատահական չէ այն փաստը, որ 2015թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում իր ելույթում իր Հայոց Ցեղասպանության դատապարտման համար իր շնորհակալությունները սկսեց հենց Սրբազան Քահանայապետից.

     

    13588_b

    «…շնորհակալություն եմ հայտնում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին և հիշատակում նրա կողմից մատուցված պատմական Պատարագը, Եվրոպայի խորհրդարանին…»:

     

     Նոբելյան խաղաղության մրցանակի համար Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապի թեկնածությանը աջակցելը հայերի համար կլինի ոչ միայն Քահանայապետին երախտագիտություն հայտնելու լավագույն մի միջոց, այլև՝ հայ ժողովրդի համար Պապի կատարած քայլը պատմության մեջ դրոշմելու, ըստ այդմ՝ նաև հայոց ցեղասպանության ճանաչման, այլ ցեղասպանությունների դատապարտման նոր հնարավորությունների ապահովման միջոց: Ուստի, հարկ է ամեն կերպ սատարել ամերիկահայերի և ամերիկյան կոնգրեսականների նախաձեռնությունը:

     

    Հ.Գ.

    Ավելորդ չի լինի հիշեցնել, որ 2015թ. ապրիլի 12-ի իրադարձության մեջ, որի պտուղները դեռ երկար կքաղենք, անուրանալի է Հայ Կաթողիկէ Եկեղեցու Երջանկահիշատակ Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Ներսես Պետրոս ԺԹ-ի և հայ կաթողիկէ եպիսկոպոսների դերը: Մի փաստ, որի մասին հայկական լրատվամիջոցներում այդպես էլ չխոսվեց հավուր պատշաճի:

    Լևոն Գալստյան

Օրացույց

Օրացույց