• Գյումրիի հայ կաթողիկէ համայնքն իր կանոնավոր պաշտամունքը շարունակում է նորակառույց Մայր Տաճարում.Տոն Վարագա Սուրբ Խաչի

    «Սա մեծ ուրախություն է, որ արդեն եկեղեցի ունենք և կարիք չունենք աղոթելու նկուղներում: Փա՛ռք Աստուծոյ».այսպես սկսեց իր քարոզը Հայր Պետրոսը:


    28 սեպտեմբերի, 2015թ.

    2015թ. սեպտեմբերի 27-ին՝ Վարագա Սուրբ Խաչի տոնին, Գյումրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում Սբ. Պատարագը մատուցեց Գյումրիի և Աշոցքի հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանը: Այսպիսով, համայնքն իր կանոնավոր պաշտամունքային կյանքը շարունակում է նորակառույց տաճարում: Սա պատմական մեծ իրադարձություն է համայնքի կյանքում: Նկուղային հարկում 24 տարի աղոթելուց հետո, վերջապես, կարելի է աղոթել մեծ, լուսավոր և գեղեցիկ տաճարում: Սա հոգևոր կյանքի զարթոնքի սկիզբն է, հոգևոր արմատներին վերադառնալու, պաշտամունքային կյանքը, աղոթքը նորովի արժևորելու երկար սպասված հնարավորություն, աստվածային ողորմության և սիրո նշան:

     

    Ակնհայտ էր հավատացյալների ավելի մեծաթիվ ներկայությունը Սբ. Պատարագի ժամանակ: Շատերը սպասում էին նորակառույց տաճարի օծմանը՝ ավելի կանոնավոր կերպով եկեղեցի հաճախելու համար: Հասկանալի պատճառներով, նկուղային հարկի վանող մթնոլորտից հետո լուսավոր, գեղեցիկ տաճար դուրս գալը շատերի համար կարևոր պայման է՝ Աստծո հետ իրենց մտերմությունն արտահայտելու, ավելի ջերմեռանդորեն աղոթելու համար: Նյութական եկեղեցու գեղեցկությունը հրավիրում է դեպի երկնային Եկեղեցու գեղեցկությունը, երկրային գեղեցկությունը նշան է երկնային գեղեցկության:

     

    DSC06489

     

    Վարագա Սուրբ Խաչի տոնը, այս իմաստով, առավել քան խոսուն է. կիրակնօրյա Սբ. Պատարագի կանոնավոր մատուցման վերսկսումը Խաչի տոնին պատահական չէ: Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանը, հիշեցնելով ավանդությունը՝ Վարագա լեռան ստորոտում Հռիփսիմյան կույսերի կողմից բերված Քրիստոսի Խաչափայտի մասունքի երևման մասին, շարունակեց.

     

    «Այսօր մեր Խորանի Սբ. Սեղանի վրա կա Քրիստոսի Կենարար Խաչափայտի Սուրբ Մասունքը: Մենք կանգնած ենք Սուրբ Խաչի առջև՝ փառք տալու Տիրոջը՝ Իր սիրո համար, որն Ինքը ցույց տվեց՝ խաչվելով: Խաչը մեզ մոտ միշտ զարդարված է, որովհետև կյանքի իմաստ ունի, ոչ թե մահվան: Մահից դեպի կյանք անցավ Քրիստոս, և նույն ճանապարհով պետք է անցնի յուրաքանչյուր քրիստոնյա: Մենք ևս, եթե ուզում ենք Քրիստոսի հետևորդ լինել, պետք է խաչ կրենք:

     

    Բայց շատ ավելի հեշտ է պաշտել, սիրել, համբուրել նյութական խաչը, որը տեսնում ենք եկեղեցիներում, կամ մեր պարանոցին կախված, կարող ենք դրանով պարծենալ՝ ասելով, թե ահա ես խաչ եմ կրում, ես քրիստոնյա եմ, բայց շատ ավելի դժվար է համբուրել և սիրել ի՛մ խաչը՝ իմ սեփական կյանքում:

     

    Ի՞նչ ենք հասկանում «իմ խաչը» ասելով:

     

    Նշանակում է այն բոլոր դժվարությունները, որոնք մեզ հանդիպում են մեր կյանքում: Ամեն ոք ունի իր սեփական դժվարությունները՝ սեփական խաչը, որն ուրիշը չունի: Մեկի մոտ այդ խաչը տեսանելի է՝ ունի հիվանդություններ, տկարություններ, մյուսի մոտ այդ խաչը թաքուն է, ոչ ոքի համար տեսանելի չէ, բայց ինքը կրում է այդ խաչը իր սրտում:

     

    Չի կարելի ասել, թե այդ երկու տեսակ խաչերից մեկն ավելի ծանր է, մյուսը՝ թեթև, որովհետև դա միայն Աստված գիտե և՝ խաչը կրող մարդը: Հիսուս մեզ չսովորեցրեց փոխանակվել խաչերով, համեմատել մեր խաչերը, թե ու՛մ խաչն է ավելի ծանր: Այլ Հիսուս սովորեցրեց մեզ՝ ասելով.«Եթե մեկն ուզում է հետևել ինձ, թող վերցնի ի՛ր խաչը և գա իմ յետևից»: Ուրեմն, շատ պարզ է Տիրոջ պատգամը.որևէ մեկը չպետք է նայի իր խաչին ու այն համեմատի ուրիշի խաչի հետ, չպետք է ասի՝ Տե՛ր Աստված, ինչու՞ սրան ամեն ինչ հեշտ է տրվում, ինձ՝ դժվար, ինչու՞ ես հիվանդ եմ, իսկ նա՝ առողջ, ինչու՞սա լավ ընտանիք ունի, իսկ ես տառապում եմ ամուսնուս, կամ կնոջս ձեռքում:

     

    Չպե՛տք է ասել այդպես, որովհետև յուրաքանչյուրի խաչը ծանր է ուրույն ձևով: Տեսնելով՝ ուրիշին, չի կարելի հասկանալ, թե ինչպիսի խաչ է կրում, չպետք է դատել արտաքինից միայն:  Գուցե, արտաքուստ ամեն բան լավ թվա, բայց դա չի նշանակում, որ մարդը ներսից չունի այնպիսի մի խայթոց, ինչի մասին գրում է Սբ. Պողոսը: Աստված մեզնից յուրաքանչյուրին տալիս է բավարար շնորհ՝ կրելու մեր խաչը և դեն չգցելու այն մեր ուսերից:

     

    DSC06493

    Եթե մենք կոչվում ենք «խաչափաշտ ժողովուրդ», նշանակում է՝ չպետք է ուրանանք խաչի զորությունը: Քարելի է խաչքարեր ամեն տեղ դնել, բայց ուրանալ Խաչի զորությունը՝ երբ որ ես իմ կյանքում չեմ ընդունում խաչի իմաստը, ուզում եմ հեշտ ապրել, այդ դժվարությունը, որ ինձ նեղում է, բացարձակապես չեմ ուզում կրել: Խաչապաշտ մարդն այն մարդն է, ով իր խաչը կարողանում է կապել Քրիստոսի Խաչի հետ և կրել այդ խաչը՝ Սիմոն Կյուրենացու նման՝ ասելով աղոթքի մեջ.«Տե՛ր, ուզում եմ քեզ օգտակար լինել: Այդ Խաչափայտը, որ Դու կրեցիր դեպի Գողգոթա, ես էլ ուզում եմ մասամբ կրել՝ կրելով ի՛մ խաչը: Չհամեմատվելով ուրիշների հետ, չբողոքելով Քո դեմ և իմ ծանր խաչից»:

     

    Հարկ է շնորհակալություն հայտնել, փառք տալ Տիրոջը՝ մեր խաչի համար:

     

    Խնդրե՛նք Աստծուց որպեսզի կարողանանք ըմբռնել Խաչի իմաստը և սիրել Խաչը, ոչ միայն սիրել խաչերը եկեղեցիների վրա, խաչքարերի վրա, այլ մեր կյանքի խաչը սիրել: Իսկ դա առանց Սուրբ Հոգու զորության անհնարին է, որովհետև մարդ արարածը չի ուզում նեղություն կրել: Բայց ինչպես խաչով եկավ փրկությունը բոլորիս համար, խաչով էլ պետք է գա փրկությունը անհատականորեն՝ յուրաքանչյուրիս համար…»:

     

     Սբ. Պատարագից հետո ժողովրդապետը բոլորին, հատկապես, նորեկներին, խնդրեց անպայմանորեն հաճախակի անհատական խոստովանություն կատարել, որպեսզի մաքրվեն մեղքերից և կարողանան մաքուր հոգով ու սրտով ընդունել Սբ. Հաղորդությունը:

     

    DSC06508

     

     

    Հավատացյալները անհատական խոստովանության հնարավորություն ունեն ամեն օր, երբ վարդապետները Մայր Տաճարում խոստովանություն են ընդունում, այդ թվում և՝ Սբ. Պատարագի ժամանակ, երբ պատարագչից բացի եկեղեցում կա այլ հոգևորական:

     

    Սրբոց Նահատկաց Մայր Տաճարում Սբ. Պատարագ է մատուցվում ամեն օր, կիրակի օրերին՝ ժամը 10:30-ին, իսկ մյուս օրերին՝ 9:30-ին: Ժամերգություններ ևս կան ամեն օր՝ առավոտյան 9:00-ին և երեկոյան՝ 17:00-ին, ինչպես նաև՝ Աստվածամոր Սբ. Վարդարանի աղոթքը՝ 16:30-ին: Մայր Տաճարը բաց է ամեն օր, առավոտյան ժամը 8:00-ից և փակվում է երեկոյն ժամը 19:00-ին:

     

    DSC06509 DSC06515

Օրացույց

Օրացույց