«Արժևորենք մեր Մյուռոնն իբրև շաղախ ազգային միասնականության».Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ
28 սեպտեմբերի, 2015թ.
2015թ. սեպտեմբերի 27-ին` Վարագա Ս. Խաչի տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մյուռոնօրհնեքի արարողությունը:
Սրբազան արարողությանը իրենց եղբայրական մասնակցությունն էին բերել Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդը, Հռոմի Սրբազան Պապի ներկայացուցիչներ Վսեմաշուք Կարդինալ Լեոնարդո Սանդրին և պապական նվիրակ արքեպս. Մարեկ Սոլչինսկին, այլ քույր եկեղեցիների բարձրաստիճան ներկայացուցիչներ (Ղպտի Ուղղափառ Եկեղեցու, Ասորի Ուղղափառ Եկեղեցու, Հնդիկ Մալաբար Եկեղեցու, Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Հույն Ուղղափառ Պատրիարքության, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքության, Ռուս Ուղղափառ Եկեղեցու, Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու, Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու, Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու, Չեխիայի Ուղղափառ Եկեղեցու, Ալբանիայի Ուղղափառ Եկեղեցու, Ասորի Կաթոլիկ Եկեղեցու, Հայ Կաթողիկե Եկեղեցու, Անգլիկան Եկեղեցու, Ֆինլանդիայի Լյութերական Եկեղեցու, Սան Էջիդիո համայնքի և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակներ):
Ստորև՝ ըստ Հայ Առաքելական Եկեղեցու տեղեկատվության հրապարակման:
Ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Հայոց Եկեղեցու Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, թեմակալ առաջնորդներ ու թեմական պատվիրակություններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, ազգային բարերարներ, մշակույթի և գիտության գործիչներ և Հայաստանից ու աշխարհասփյուռ համայնքներից ժամանած բազմահազար ուխտավոր հայորդիներ:
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կյանքի այս կարևոր պատմական իրադարձությանը Հայոց Եկեղեցու հոգևոր դասին և համայն հայ ժողովրդին աղոթակից էին ն ու ներկայացուցիչները:
Արարողությունն սկսվեց երեկոյան ժամը 17:00-ին: Տերունական աղոթքից հետո Հայրապետական հանդիսավոր թափորը Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի առջևից շարժվեց դեպի Մայր Աթոռի` Ս. Տրդատ արքայի անունը կրող Բաց Խորանը: «Խորհուրդ խորին» և «Ուրախ լեր» շարականների երգեցողության և Մայր Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո, խաչերի և խաչվառների առաջնորդությամբ, ուխտավորների ծափողջույնների ուղեկցությամբ Ամենայն Հայոց Հայրապետը, օրհնելով ներկա ժողովրդին, ամպհովանու ներքո ուղեկցվեց դեպի Բաց Խորան:
Վեհափառ Հայրապետի ընթերականերն էին Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Մայր Տաճարի երգչախումբը «Հրաշափառ» շարականի հանդիսավոր կատարումով Բաց Խորանի մատույցներում դիմավորեց Հայրապետական թափորին, ապա միասնական Տերունական աղոթքով սկսվեց Մյուռոնօրհնության խորհրդավոր արարողությունը:
Սկզբում «Որ զշնորհս» շարականի երգեցողության ներքո բուրվառակիրները խնկարկեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած եպիսկոպոսաց դասը և Սրբալույս Մյուռոնի կաթսան, ապա Հին ու Նոր Կտակարաններից հատվածներ և Ս. Մյուռոնին նվիրված աղոթքներ ընթերցվեցին:
Ավետարանից հետո հնչեց «Բաց մեզ Տէր» շարականը, որի ժամանակ խորան հրավիրվեց Մյուռոնի կնքահայր տիար Հայկ Տիտիզյանը, ով Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ միասին բացեց Ս. Մյուռոնի կաթսան:
Այնուհետև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսը Մյուռոնի կաթսայի մեջ հեղեց ծաղկանց նյութը և բալասանը, որից հետո ձեռամբ Նորին Սրբության կաթսայի մեջ լցվեց նաև Անթիլիասում օրհնված նոր Մյուռոնը, որ Վեհափառ Հայրապետին էր մատուցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը:
Սրբազան Ավանդության համաձայն` «Առաքելոյ աղաւնոյ» շարականի երգակցության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեռոնաթափ աղավնիով կաթսայի մեջ հեղեց նաև հին Մյուռոնը` նորին փոխանցելով Ս. Գրիգոր Լուսավորչի ձեռքով օրհնված սրբալույս Մյուռոնի զորությունը:
Նորին Սրբությունն օրհնեց նոր Մյուռոնը, տյառնագրեց և խառնեց նաև Կենաց Փայտի մասունքով խաչով, Աստվածամուխ Ս. Գեղարդով և հայոց հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի Աջով։
Այնուհետև Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսը իր պատգամն ուղղեց ներկաներին և համայն հայությանը: Իր խոսքում, անդրադառնալով Մյուռոնի դերին՝ ազգապահպանության և ազգային միասնութան համատեքստում՝ Վեհաափառն ասաց հետևյալը.
«Սուրբ Մյուռոնն իր հոգեղեն զորությամբ հավատքի զենք եղավ նաև 100 տարի առաջ Հայոց Ցեղասպանությանը զոհ դարձած մեր ժողովրդի զավակների համար, ովքեր հաղթող նահատակներ եղան՝ պահելով իրենց հավատարմությունն առ Աստված ու առ հայրենին: Եղեռնահար մեր ժողովուրդը մյուռոնադրոշմ հավատքով վերապրեց Ցեղասպանությունը, հաղթեց մահին: 100-ամյա մեր ուղին եղավ վերածննդի ուղի, և այսօր մեր անկախ պետականության հովանու ներքո ազգային զարթոնքի նոր հորիզոններ են լուսավորվում: Մեր նորօրհնյալ կյանքի հուսալերությամբ նորաեփ այս Մյուռոնը՝ օրհնված Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական տարում, նաև՝ մեր սրբացյալ նահատակների բարեխոսության հայցով, կոչում ենք ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՌՈՆ՝ հավատով, որ այն հավատացյալների հոգիներին դրոշմելու է մեր սուրբ նահատակների, Տիրոջ բոլոր վկաների և հայրենյաց պաշտպան մեր նախնյաց հոգու արիությունն ու անպարտ ոգին:
Սիրելիներ, արժևորենք մեր Մյուռոնը որպես Մյուռոն սրբացյալ կյանքի, Մյուռոն վերազարթոնքի, որպեսզի հոգևոր նորոգությամբ, մեր արդար կյանքով ու ողորմած գործերով շարունակենք վերելքի մեր ուղին: Արժևորենք մեր Մյուռոնն իբրև շաղախ ազգային միասնականության, որպեսզի կարող լինենք հաղթահարել մեր կյանքի դժվարությունները, փարատել հոգսերն ու նեղությունները: Այսօր, երբ աշխարհը լի է տագնապներով, մարդկային կյանքեր խլող հակամարտություններով՝ հատկապես Մերձավոր Արևելքում, ուր անասելի տառապանք և կորուստներ են կրում նաև մեր ժողովրդի զավակները, երբ խաթարված է անդորրը մեր հայրենիքի սահմաններում, և տակավին արդար վճիռ չի ստացել մեր ժողովրդի իրավունքների ճանաչումը, հրամայական է ամուր միասնականությամբ զորացնել մեր հայրենիքը, որ լինի ապավենը համայն մեր ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի, մեր արդար դատի հաղթանակի և ոգեշնչող ուժը՝ ազգային զարթոնքի»: