• Արդյո՞ք երախտապարտ եմ Քրիստոսին.Խաչվերացի տոնը՝ առիթ խորհելու Աստծուց ինձ շնորհված մեծագույն Նվերի մասին

    «Խաչի քո, Քրիստոս, երկիր պագանե՛մք…եկա՛յք, հաւատացեալք, երկրպագեսցու՛ք Քրիստոսի, Աստուծոյ մերոյ, վասն զի եկն ի ձեռն Խաչին իւրոյ շնորհեաց պարգեւս աշխարհի…».շարական՝ ավանդաբար վերագրված Հակոբոս Տեառնեղբորը:


    14 սեպտեմբերի, 2015թ.

     

     

    Խաչվերացի տոնը մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից յուրաքանչյուրիս համար կատարած մեծագույն պատմական քայլի՝ Խաչելության խորհրդի մասին, շարունակաբար խորհրդածելու առիթ է, որն ընձեռում է մեզ Եկեղեցին: Յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է, ի միտ ունենալով Աստծո Որդու Զուրբ Զոհը՝ հանուն մարդու փրկության, մշտապես վերարժորել այն՝ իր անձի համար, որպեսզի կարողանա սեփական կյանքը վերաձևել ըստ այդ Զոհի՝ մեզ տված պատգամի:

     

    Խաչի խորհրդի մասին իր քարոզում խոսեց Գյումրիի և Աշոցքի հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանը:

     

    «Հիսուս կամավո՛ր ընդունեց Խաչը, ի՛նքը ուզեց գալ աշխարհ՝ Խաչի համար, Իր խաչելությունից առաջ ասաց.«Հա՛յր, փառավորի՛ր Քո Որդուն»: Հովհաննես Ավետարանիչը Խաչը համարում է Քրիստոսի Գահը, փառավորման Խորանը: Քրիստոս լիարժեք գիտակցությամբ և ազատ կամքով վերցրեց Խաչը, որովհետև դա եղավ միջոց՝ Իր սերը ցույց տալու, հաղթելու սատանային: Խաչը եղավ նշան հաղթության, սիրո, որով Քրիստոս Իր արյունը թափեց մեր փրկության համար…Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատա, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը»:

     

    Վարդապետը հիշեցրեց անապատում պղնձե օձի բարձրացման պատմությունը: Մովսեսը բարձրացրեց այդ օձը՝ որպես նշան հրեաների փրկության, որոնք անընդհատ տրտնջում էին դեպի Ավետյաց Երկիր ճանապարհին իրենց հասած դժվարություններից: Այդ պղնձե օձը Քրիստոսի Խաչի նախատիպն էր:

     

    «Քրիստոս իր մահվամբ հաղթեց մահին՝ Խաչի վրա. մահվանը, սատանայի գերությանը, որից մենք վախենում ենք, Քրիստոս իր մահվա՛մբ հաղթեց, մեկընդմի՛շտ: Ինչպես պղնձե օձի պարագայում էր, ըստ Աստծո պատվիրանի, այդպես էլ Խաչյալ Քրիստոսին հավատացողներն են փրկվում, ով հավատքով նայում է Նրան, փրկվում է»:

     

    Խաչը, որի վրա սպանում էին ամենաանարգ ոճրագործներին, եղավ մարդկության փրկության գործիքը, Աստված ունայնացրեց իր անձը և հանձն առավ ամենաանարգ մահը, բացատրեց Հայր Պետրոսը: Այս փաստը ծաղրի առարկա էր անհավատաների համար: Երբ Հիսուսին Խաչն էին հանել, այդ ժամանակ էլ շատերը ծաղրում էին Նրան, բայց Նա աղոթեց Հորը և խնդրեց ներե՛լ նրանց, «որովհետև չգիտեն, թե ինչ են անում»:

     

    «Սե՛րը Քրիստոսի վերջին խոսքն է: Նույնիսկ թշնամության, թույնի դիմաց Նա սե՛ր է տալիս, որը քավում է մարդու մեղքը, բոլորի՛ մեղքը՝ ամենասկզբինից մինչև ամենավերջին մարդը, որ դեռ ծնվելու է: Քրիստոս արդեն ամե՛ն բան արեց մեզ համար.ոչ մեկին չդատապարտեց, այլ բոլորին սիրեց:

     

    Պետք է շնորհակալ լինենք Քրիստոսին՝ մեզ պարգևած այդ փրկության համար: Պետք է երախտապարտ կյանք վարենք:

     

    Ինչպե՞ս.

     

    Սիրելո՛վ Քրիստոսին:

     

    Իսկ ինչպե՞ս պետք է սիրենք Քրիստոսին.

     

    Մարդու՛ն սիրելով:

     

    Ինչպե՞ս ներում ստանանք:

     

    Ուրիշի՛ն ներելով, ոչ թե պախարակելով:

    Այդպես ենք մեղքերի թողություն ստանում: Քանի որ Քրիստոս ինձ սիրեց և ներեց, ես իրավունք չունեմ ուրիշին չսիրելու և չներելու:

    Ա՛յս է քրիստոնեությունը, ա՛յս է մեր հաշտությունը Աստծո հետ:

     

    Վարդապետը խոսեց նաև Սբ. Պատարագի մասին, որը 2000 տարի առաջ Խաչի վրա Քրիստոսի մատուցած նույն Զոհն է՝ այլ կերպով.

     

    «Քրիստոսի նույն Զոհը այսօր արդիական է դառնում Սբ. Պատարագո՛վ: Սբ. Պատարագը այսօր, այս մատռան մեջ հաղորդում է մեզ այն բոլորը, ինչ որ Քրիստոս Խաչի վրա արեց մեզ համար: Հաղորդվում ենք Քրիստոսի Մարմնին և Արյանը, այն նույն Քրիստոսի, որ մեզ համար խաչվեց և հարություն առավ: Ըմպում ենք Նրա արյունը, որ մաքրում է մեր հոգիները: Մենք ուղղակի չենք հիշատակում 2000 տարի առաջ պատահածը: Ո՛չ: Մենք ապրու՛մ ենք դրանով: Մենք այդ Զոհը այսօ՛ր ենք մատուցում, այդ Զոհն այսօ՛ր է մեզ մաքրում:

     

    Ուրեմն, չենք կարող Խաչը չսիրել, Խաչի մեջ չգտնել մեր ուժի աղբյուրը: Այս ծաղկյալ Խաչը թող ծաղկեցնի՛ մոր հոգիները:

     

    Քրիստոսին շատերն են սիրում, բայց ո՞վ կարող է Քրիստոսին հետևեից գնալ մինչև վերջ՝ մինչև խաչին գամվելը: Պարտավոր ենք լինել ամբողջակա՛ն Քրիստոսը: Չենք կարող Քրիստոսի Խաչը մեզնից հեռացնել: «Եթե մեկը կամենում է հետեւել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եւ գա Իմ հետեւից…»(Մտթ.16:24-25):

     

    Հարկ է, որ գրկե՛նք այդ Խաչը, սիրե՛նք, համբուրե՛նք, թու՛յլ տանք, որ Այն մեր կյանքում խոր արմատներ գցի, այո՛, մենք պե՛տք է խաչվենք, բայց այդ Խաչը կծաղկեցնի՛ մեզ, ու՛ժ տա, կտանի՛ դեպի հավիտենություն»:

     

    Գյումրիի մատռան մեջ, յավարտ Սբ. Պատարագի, կարմիր և դեղին վարդերով զարդարված Խաչելության առջև հավատացյալները կատարեցին Սբ. Խաչի երկրպագություն և երգեցին «Խաչի քո, Քրիստոս, երկիր պագանեմք» շարականը:

     

    Լուսնակարներ՝ Սբ. Խաչի տոնին Հայաստանի հայ կաթողիկէ համայնքներում մատուցված Սբ. Պատարագի արարողություններից:

     

     

        DSC06185 DSC06189 DSC06192 DSC0619511988195_1668130083432146_198110572124782079_n12009615_1668129976765490_7808203458538072139_n12011351_943839288988694_2209325255825774699_n12004860_943839092322047_6343542857277776106_n

Օրացույց

Օրացույց