«Աստվածամայրը ճանապա՛րհն է դեպի Քրիստոս»:
9 սեպտեմբերի, 2015թ.
Սեպտեմբերին 8-ին քրիստոնեական ավանդական եկեղեցիները տոնում են Աստվածամոր ծնունդը: Այս տոնը Արևմուտքում սկսել է նշվել 7-րդ դարից, իսկ հայ Եկեղեցում՝ 12-13-րդ դարերից սկսած: Սեպտեմբերի 8-ը անփոփոխ թվական է, այն Մարիամի Անարատ հղության տոնից՝ դեկտեմբերի 9-ից 9 ամիս հետո է, Աստվածամորը նվիրված 5 տոներից մեկն է (Աստվածամոր տոներն են՝ Ավետում, Անարատ Հղություն, Ծնունդ Մարիամի, Ընծայումն Մարիամի, Վերափոխումն): Հայ Եկեղեցին Աստվածամոր տոները դասում է Տերունական տոների շարքին:
Եկեղեցին Աստվածամորը հինգ տոն է նվիրել՝ առանձնացնելով նրան տոնացույցում հիշատակվող մյուս սրբերից՝ Քրիստոսի փրկագործության մեջ նրա ունեցած առանձնահատուկ դերի շնորհիվ: Գերհ. Հ. Անդրանիկ ծ.վ. Կռանյանն իր «Հայ ծիսական պաշտամունքը» գրքում գրում է.
«Սբ. Աստվածածինը աստվածային խորհրդի սպասավորն է, մարդկային արարածների մեջ սրբազնագույն անձն է, որ բոլորից ավելի արժանացավ մասնակցելու մարդեղության խորհրդին, մարդու փրկչագործությանը՝ Քրիստոսի մայր դառնալով, Նրան իր ծոցում կրելով…Մեր հայրերը խորհում են Աստծուն փառաբանել, երբ Աստվածամոր այս մենաշնորհները մեկական տոնի են վերածում: Մեր հայրապետների՝ Սուրբ Կույսի հանդեպ ցուցաբերած բացառիկ հարգանքը և սերը աստվածաբանորեն առընչված են Հիսուսի փրկչագործական արարքի հետ» (էջ 50)
Աստվածամոր ծննդյան մասին ավետարաններում տեղեկություններ չկան, այդ մասին մեզ պատմում է Եկեղեցու Սրբազան Ավանդությունը՝ հիմնվելով դեռևս 2-րդ դարից տարածված ավանդության վրա: Ամենահին ձեռագիրը, որտեղ պատմվում է Մարիամի ծննդյան մասին՝ Աննայից և Հովակիմից, Հակոբոսի պարականոն ավետարանն է՝ գրված մոտ 145թ.:
Հայ կաթողիկէ բոլոր եկեղեցիներում սեպտեմբերի 8-ին Սբ. Պատարագ է մատուցվել: Գյումրիում հավատացյալները վարդի փնջեր էին բերել եկեղեցի՝ Աստվածամորը հանդեպ իրենց սերն արտահայտելով: Սբ. Պատարագի ժամանակ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանը, ով մշտապես սովորեցնում է մեծ ջերմեռանդությամբ սիրել աղոթել Աստվածամորը, ասաց հետևյալը.
«Աստվածամայրը ճանապա՛րհն է դեպի Քրիստոս, նա միշտ տանում է մեզ դեպի Քրիստոս: Չկա մեկը, որ նրանից ավելի սիրեց, ավելի լավ ճանաչեց Քրիստոսին…
Քրիստոսը խաչի վրայից Հովհաննեսին ասաց.«Ահա՛ քո մայրը», իսկ Մարիամին ասաց.«Ահա՛ քո որդին»: Եվ գրված է, որ Հովհաննեսը Մարիամին իր մոտ առավ (Հվն.19:26-27): Ուրեմն, մենք ևս պետք է Աստվածամորը վերցնենք մեզ մոտ, եթե ինքներս մեզ համարում ենք Քրիստոսի աշակերտները:
Երանի՛ այն մարդուն, ով Աստվածամորն ունի որպես ի՛ր մայրը, ով աղոթքի, վստահության և որդիական սիրո միջոցով իր կապը պահում է Աստվածամոր հետ…
Այն հավատացյալներին, ովքեր վարդեր էին նվիրել Աստվածամորը, վարդապետն ասաց.
«Աստմածամայրը երբեք պարտք չի մնա ձեզ, նույնիսկ մեկ ծաղիկը մեծ արժեք ունի Աստվածամոր համար: Վարդ նվիրելը ձեր սիրո արտահայտություն է Աստվածամոր հանդեպ»:
Վարդապետը խնդրեց միշտ մեծ շուքով տոնել Աստվածամոր տոները, որովհետև, նրա խոսքերով, Աստվածամայրը մեզ համար ամենաանուշ մայրն է, առաջնորդը՝ դեպի փրկություն, Քրիստոսին սիրելու մեծագույն ուսուցչուհին, ում դպրոցին մենք պետք է միանանք, եթե ուզում ենք շուտ հասնել մեր նպատակին, այն է՝ մեր սրբությանը:
«Երանի՛, թե յուրաքանչյուրս Աստվածամորը վերցնի իր սրտի մեջ, իր կյանքից ներս, նրա՛ հետ ապրի, նրա՛ն աղոթի, նրանի՛ց սովորի:
Ավետարանում Աստվածամոր մասին քիչ բան է գրված, բայց և շա՛տ բան կա: Գրված է, որ Աստվածամայրը մաքուր էր, սուրբ էր, միևնույն ժամանակ ինչպիսի՛ զորավոր աղջիկ էր, որ ընդունեց Աստծո կամքը, նույնիսկ վտանգելով իր կյանքը, իր սերը, որ ուներ Հովսեփի նկատմամբ: Փոխվեց նրա կյանքը, Աստված փոխեց նրա կյանքը, ամուսնացավ Հովսեփի հետ, բայց չապրեց ամուսնական կյանքով:
Երբ որ Հիսուս չարչարվում էր, նա իր որդու կողքին էր և տառապում էր, խաչի տակ հավատարիմ կանգնած էր: Եվ առաքյալների մոտ մնաց որպես նրանց մայրը, ամենասիրված անձը, ումից սովորում էին և հարցնում Տիրոջ մասին…Մենք շատ բան ունենք սովորելու Աստվածածնից:
Այս տոնին վերցնե՛նք Աստվածամորը մեր մեջ, թող նրա մայրական բարեխոսությունը, սերը, պաշտպանությունը մեզ հետ լինի, մեր ազգի հետ լինի հավիտյա՛ն»: