2015թ. հուլիսի 12-ին Հայ Եկեղեցին տոնեց Պայծառակերպության տոնը: Սա Եկեղեցու 5 տաղավար տերունական տոներից է և շատ կարևոր՝ իր ուղերձով: Տոնը հիշատակումն ու վերապրումն է Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառակերպության ճշմարտության, որը գրի են առել Մատթեոս (17:1-13), Մարկոս (9:1-12) և Ղուկաս (9:28-36) ավետարանիչները:
13 հունիսի, 2015թ.
Ի՞նչ է տոնի ուղերձը և խորհուրդը:
Գյումրիի և Աշոցքի կաթողիկէների ժողովրդապետ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանն իր քարոզում բացատրեց.
«Քրիստոնյայի ամբողջ կյանքը ճանապարհ է դեպի Թաբոր լեռը, որը Երկնքի Արքայությունն է, որտեղ Տիրոջ լույսով կողողվենք, կտեսնենք Տիրոջը՝ դեմ առ դեմ և այդ փառքի մեջ կմնանք ընդմիշտ…
Քրիստոնյայի կյանքի իմաստն է՝ այլափոխվել, կերպարանափոխվել՝ Տիրոջը նմանվելով, մեր կյանքի նպատակը պայքարի միջոցով դեպի Թաբոր լեռը, դեպի Արքայությունը բարձրանալն է»:
Վարդապետը հիշեցրեց Հովհաննեսի ընդհանրական առաջին նամակի տողերը, որտեղ ասում է, որ «Աստված լույս է և Նրա մեջ խավար չկա» (Ա Հվհ., 1:5): Աստված, ինչպես Հիսուսին Թաբոր լեռան վրա, լուսավորում է մեզ.
«Մոտեցե՛ք Տիրոջը և առե՛ք լույսը. այսպես ենք աղոթում ենք Սբ. Պատարագի ժամանակ: Ով նայում է Քրիստոսին, երբեք խավարի մեջ չպիտի մնա, նույնիսկ եթե խավարը ամեն կերպ փորձում է մեզ ճնշել»:
Երբ Հիսուսի դեմքը արեգակի նման դարձավ, իսկ զգեստները՝ սպիտակ, աշակերտներին երևաց աստվածային փառքի շողքը, որպեսզի հաստատի նրանց հավատքը: Պետք էր, որ նրանք տեսնեին աստվածայինը Հիսուսի մեջ, որովհետև մինչ այդ տեսել էին միայն նրա մարդկային կերպարանքը: Աստծո փառքը մի պահ բացվեց նրանց աչքի առաջ և լուսավորեց նրանց:
Բայց Քրիստոսի փառքը տեսնելը և հասկանալը նշանակում է նաև Հիսուսի Խաչը կրելու պատրաստակամություն ունենալ, բացատրում է վարդապետը: Շատ քչերն են, որ ուզում են Քրիստոսին չարչարանակից լինել, բոլորը ուզում են միայն փառքը վայելել: Երբ որ պետք է Քրիստոսի խոսքը կատարելու համար խաչ կրել, շատերն են ուրանում նրան, նույնիսկ առաքյալներն ուրացան: Երկնքի Արքայության փառքին արժանանալու համար անհրաժեշտ է նախ Քրիստոսի չարչարանքները կիսել:
Այս խոսքերն առավել շեշտադրությամբ Հ. Պետրոսն ուղղեց Սբ. Պատարագի ընթացքում իր իսկ կողմից հոգևորականի զգեստ ընդունած ճեմարանի ուսանող Մայիս Մելիքյանին:
«Հոգևորականի զգեստը կամ սքեմը Տիրոջը հետևելու իր ցանկության արտահայտությունն է, բայց կյանքը լի՛ է փորձություններով, Քրիստոսի խաչին հետևելու պարտականությամբ».ասաց վարդապետը: Սքեմավորման կարգի աղոթքներում քահանան ասում է.
-Թո՛ղ, որ այս սքեմը, որն այսօր կհագնես, քեզ համար լինի խթան, որպեսզի ավելի ամուր բռնես գութանը՝ Աստծո դաշտում և երբեք հետ չնայես: Հարատև նմանվի՛ր Քրիստոսին, որպեսզի երբևէ դառնաս Նրա Ավետարանի քարոզիչն ու Սբ. Խորհուրդների սպասավորը…ուզու՞մ ես ընդունել և կրել հոգևորականի սքեմը՝ Աստծուն անմնացորդ նվիրվելու տեսանելի նշանը:
-Թեկնածուն պատասխանում է– Կամենում եմ…Աստծու օգնությամբ:
Մայիս Մելիքյանը ծվել է 1974թ. հուլիսի 4-ին, Տավուշի մարզի Կոթի գյուղում: 2013թ. 39 տարեկան հասակում, Աստծո ծառայությանը նվիրվելու կոչում զգալով, հոգևորականների առաջնորդությամբ վճռել է պատրաստվել քահանայական ծառայության և Բարձշն. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի արտոնությամբ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանի կողմից ուղարկվել ուսման՝ Կազախտանի «Մարիա Մայր Եկեղեցւոյ» կաթողիկէ ճեմարան: 2015թ. սեպտեմբերին Մելիքյանը կփոխադրվի ճեմարանի ուսման երրորդ տարին և կսկսի ուսումնասիրել աստվածաբանության դասընթացը՝ առաջին երկու տարում ավարտած լինելով փիլիսոփայության դասըթնացը, ըստ ուսումնական ծրագրի: Ճեմարանում ուսումը 5 տարի է:
Մայիս Մելիքյանի համար Քրիստոսի Պայծառակերպության տոնին սքեմավորվելը մեծ երջանկություն է և ոգևորություն՝ հաստատակամորեն ընթանալու իր ընտրած ճանապարհով: Նման երջանկության սպասում է յուրաքանչյուր վճռական ճեմարանական: