• Մարդկությունը «դևի կեղտի» մեջ է, բայց դուք կարո՛ղ եք փոխել իրականությունը.Պապի խոսքը՝ ժողովրդական ակտիվիստներին, Բոլիվիայում

    «Մի վախեցե՛ք ասել, որ բոլորս կարիք ունենք փոփոխության…դուք փոփոխության սերմնացաններ եք».ասել է Պապը ներկա հազարավոր մարդկանց:


    10 հուլիսի, 2015թ.

     

    2015թ. հուլիսի 9-ին Սրբազան Պապը ներկա է եղել Ժողովրդական շարժումների միավորման 2-րդ համաշխարհային հավաքին և իր խոսքն ուղղել բարդ սոցիալական պայմաններում ապրող հասարակ ժողովրդի այլ ներկայացուցիչների, աշխատավորների, գործազուրկների:

     

    Սրբազան Պապը իրեն հատուկ ազնիվ և դիպուկ վերլուծություններով նախ խոսել է ամբողջ աշխարհում տիրող ներկա սոցիալ-տնտեսական, բնապահպանական խնդիրներից, մարդու իրավունքների ոտնահարման փաստերից: Մարդկության ներկա բոլոր խնդիրների պատճառը Պապը տեսնում է մեկ հիմնական պատճառի մեջ, որը Սբ. Բարսեղ Կեսարացու բառերով բնութագրում է «դևի կեղտը».

     

    «Փողի անսանձ մոլուցքն է ղեկավարում…Հենց որ փողի կուտակումը դառնում է կուռք և կառավարում մարդկանց որոշումները, հենց որ փողի հանդեպ ագահությունը ղեկավարում է ամբողջ սոցիալ-տնտեսական համակարգը, դա քանդում է հասարակությունը, դատապարտում ու ստրկացնում է  մարդկանց, ոչնչացնում է մարդկային եղբայրությունը, ժողովուրդներին իրար դեմ է հանում և նույնիսկ վտանգում մեր ընդհանուր տունը»:

     

    Այս պայմաններում բոլորը՝ նույնիսկ ապահով սակավաթիվ մարդկանց խումբը, գիտակցում է, որ առանց փոփոխությունների այլևս հնարավոր չէ ապրել:

     

    Բայց ինչպե՞ս: Նորին Սրբությունը լավ է հասկանում ներկա յուրաքանչյուրի վիճակը.

     

    «Ի՞նչ կարող եմ անել ես՝ որպես թուղթ, մաշված հագուստ, մետաղի ջարդոն հավաքող, ի՞նչ կարող եմ անել, եթե հազիվ եմ փող վաստակում՝ սեղանիս հաց դնելու համար: Ի՞նչ կարող եմ անել՝ որպես արհեստավոր, շրջիկ վաճառող, սայլակ քաշող, սևագործ բանվոր, եթե նույնիսկ աշխատանքային իրավունքներ չունեմ: Ի՞նչ կարող եմ անել՝ որպես գյուղատնտեսի կին, տնային տնտեսուհի, ձկնորս, երբ չեմ կարողանում պայքարել մեծ ընկերությունների տիրապետությանը: Ի՞նչ կարող եմ անել իմ խրճիթից, իմ փոքրիկ տնից, երբ ամեն օր խտրականություն եմ տեսնում: Ի՞նչ կարող են անել այն երիտասարդ ակտիվիստները, ուսանողները, որոնց սրտերը լի են հույսով և երազներով, բայց՝ առանց իրական լուծումների իմ խնդիրների համար».հարցնում է Պապը և պատասխանում.

     

    «Նրանք կարող են անել շա՛տ բան, շա՛տ բան: Դու՛ք՝ ներքևում գտնվողներդ, շահագործվածներդ, աղքատներդ, աղքատներդ ու ոչ արտոնյալներդ կարո՛ղ եք և անու՛մ եք շա՛տ բան: Ես կասեի՝ մարդկության ապագան ձեր ձեռքերու՛մ է, ձեր կարողությամբ՝ կազմակերպելու, իրականացնելու ստեղծագործ այլընտրանքներ, ձեր ամենօրյա ջանքերով՝ ստեղծելու սեփական տուն, աշխատանք, հող…Մի կորցրե՛ք ձեր հույսը…»

     

    Նորին Սրբությունը բացատրում է, որ չարժե սպասել, որ ճշմարիտ փոփոխություն կլինի մի քաղաքական որոշմամբ կամ սոցիալական կառուցվածքի փոփոխությամբ.առանց սրտի ու մտքի փոփոխության դա անհնար է և վաղ թե ուշ կհանգեցնի կոռուպցիայի, բյուրոկրատիայի:

     Դրա համար հարկ է սերմեր ցանել, որոնք չեն լինի պարզապես աթոռ զբաղեցնելու և արագ արդյունքի հասնելու ցանկություն: Հարկ է գործընթացնե՛ր սկսել և ոչ թե՝ պաշտոններ զբաղեցնել:

     

    Ժողովրդական շարժումները կարո՛ղ են պայքարել սոցիալական անարդարությունների դեմ, որովհետև հասարակ մարդիկ լավ են հասկանում միմյանց խնդիրները, որոնց հետ ամեն օր են առնչվում, տեսնում եմ միմյանց դեմքերը, միմյանց ցավը…այս ամենը սառը վիճակագրություն չէ, այլ մեր ցավն է, որի հանդեպ հնարավոր չէ անտարբեր մնալ, ասել է Նորին Սրբությունը՝ խոսքի մեջ հիշելով տարբեր օրինակներ, որոնց հետ ինքն էլ բազմիցս առընչվել է:

     

    Լուծումը տեղում փոքրամասշտաբ քայլերն են՝ ընդդեմ անարդարությունների, միմյանց կողքին կանգնելով: Այդպիսի բազում օրինակներ ունի Ժողովրդական շարժումների միավորումը, որոնց քաջ ծանոթ է Սրբազան Պապը: Անարադարության դեմ պայքարող հասարակ մարդիկ կարողանում են արդյունքների հասնել, որովհետև մոտ են կանգնած  իրենց ընկերների ամենօրյա խնդիրներին, ոչ թե գաղափարների ու հայեցակարգերի, այլ՝ միջանձնային պարզ շփման շնորհիվ:

     

    «Չի կարելի է սիրել հայեցակարգը, սիրում ենք մարդկա՛նց: Իսկական նվիրումը ծնվում է մարդկանց հանդեպ սիրուց, անունների և դեմքերի սիրուց, որոնք լցնում են մեր սրտերը…Համբերատար սերմանված այդ սերմերից…մեծ ծառեր, հույսի բուրաստաններ կբուսնեն, որոնք թթվածին կտան աշխարհին»:

     

    Եկեղեցին չի կարող և չպետք է հեռու մնա փոփոխությունների այս գործընթացներից.շատ քահանաներ հսկայական աշխատանք են կատարում՝ օգնելու մարդկանց, ովքեր պայքարում են իրենց ոտնահարված իրավունքների համար, վստահեցրել է Նորին Սրբությունը և խնդրել միշտ հիշել Աստվածամոր օրինակը, ով լինելով մի փոքր ժողովրդից սերած համսետ մի աղջիկ, անասնագոմը դարձրեց Հիսուսի տունը և մարդկությանը տվեց մեծագույն Հույսը:

Օրացույց

Օրացույց