• 2015թ. ապրիլի 12-ի Սբ. Պատարագը՝ Հռոմում. Երանաշնորհ Հայրապետի հովվապետության գագաթնակետը (տեսաձայնագրությունը՝ հայերեն թարգմանությամբ)

    Նվիրում ենք Երանաշնորհ Տ. Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի հիշատակին:


    1 հունիսի, 2015թ.

    2015թ. ապրիլի 12-ին Սբ. Պետրոսի տաճարում Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցված Սբ. Պատարագի տեսաձայնագրության հայերեն այս թարգմանությունը հնարավոր եղավ ձեռք բերել օրերս, Վահե Լազարյանի ջանքերով, ով ապրիլի 12-ին ուղիղ եթերով իտալերենից հայերեն թարգմանեց և մեկնաբանեց այն ամենն ինչ տեղի էր ունենում Սբ. Պետրոսի տաճարում: Սբ. Պատարագը ուղիղ եթերով հեռարձակվում էր հայաստանյան բոլոր հանրապետական հեռուստաընկերություններով, նաև՝ Ռադիո Մարիամի on-line եթերով:

    Այս պատմական իրադարձության և դրա պտուղների մասին շատ է խոսվել և, հատկապես, այս օրերին, երբ վերարժևորվում ու նորովի գնահատվում է Երանաշնորհ Տ. Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի հոգևոր վաստակը:

    Հարկ է ևս մեկ անգամ շեշտել ըստ արժանվույն, որ ապրիլի 12-ի Սբ. Պատարագի մատուցումը՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ նահատակների, բացառապես Երանաշնորհ Հայրապետի և Հայ Կաթողիկէ Եկեղեցու եպիսկոպոսաց սինոդոսի ջանքերի, նախաձեռնության և խնդրանքի արդյունքն էր: Հայրապետը կանխատեսում էր, թե միջազգային հարթակներում ինչպիսի հզոր արձագանք կարող է ունենալ  կաթողիկէ աշխարհի սրտում՝ Սբ. Պետրոսի տաճարում, մատուցված Սբ. Պատարագը՝ հայ նահատակաց համար և այդ տաճարում Սրբազան Քահանայապետի շուրթերից հնչող սիրո և հարգանքի խոսքերը՝ հայ ժողովրդի հոգևոր հերոսության վերաբերյալ և, մանավանդ, դատապարտումը պատմական իրողության մերժման, որը նա համեմատեց վերքն առանց վիրակապի՝ արյունաքամ թողնելու արարքի հետ:

    Երանաշնորհ Հայրապետն իր հեռատեսությամբ գիտեր ի սկզբանէ, որ այդ Սբ. Պատարագը կլինի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի գագաթնակետը, մի հզոր քայլ՝ ամբողջ աշխարհում մեծ բարոյական հեղինակություն վայելող հոգևոր առաջնորդի կողմից, որը ավելի մեծ պտուղներ տվեց, քան՝ մի քանի տասնամյակների լոբբիստական, գիտական, իրավական, հասարակական կամ մշակութային աշխատանքը, որ տարվել և տարվում է ամբողջ աշխարհի հայության ջանքերով:

    Սբ. Գրիգոր Նարեկացուն Եկեղեցու վարդապետ հռչակելը ևս բացառապես Երանաշնորհ Հայրապետի ջանքերի արդյունքն էր, տարիների համառ ու համբերատար աշխատանքի պտուղը, ինչպես իր ճառում ասաց Արհ. Տ. Գրիգոր եպս. Կապրոյանը: Նրա ջանքերով հայ աստվածաբանական միտքը, հայ խորհրդաբանությունն ու հավատքի ապրումը ամուր տեղ գրավեցին Տիեզերական Եկեղեցու աստվածաբանական ժառանգության մեջ.տեղ վաստակել ընդամենը 36 Եկեղեցու վարդապետների մեջ, համաձայնեք, հիրավի, շատ մեծ գնահատանք է՝ հայ ժողովրդի պես ոչ մեծաթիվ ազգի համար:

    Երանաշնորհ Հայրապետի եկեղեցասեր ու ազգանվեր ծառայության շնորհիվ հայ ազգը 2015թ. հայտնվեց ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում և բացառապես դրական լույսի ներքո:

    Յիշատակ արդարոց օրհնութեամբ եղիցի:

    Եղիցի, եղիցի:

Օրացույց

Օրացույց