2015թ. հունիսի 30-ին Սրբազան Պապը Վատիկանում ընդունել է Քրիստոնյաների և հրեաների միջազգային խորհրդի (International Council of Christians and Jews) 250 պատվիրակների: Այս կազմակերպության առաքելությունը երկու կրոնական հասարակությունների միջև երկխոսությանը նպաստելն է:
1 հուլիսի, 2015թ.
Պապի հետ հանդիպման առիթը Վատիկանի Բ տիեզերաժողովի «Nostra Aetate» (Մեր ժամանակներում) փաստաթղթի հրապարակման 50-ամյա հոբելյանն էր: Այդ փաստաթղթով Կաթողիկէ Եկեղեցու և հուդայականություն դավանող հրեաների միջև հարաբերությունները որակական նոր փուլ մտան և զգալի բարելավվեցին: Այդ փաստաթուղթը, Ֆրանցիսկոս Պապի բնորոշմամբ, անվերապահորեն ճանաչում է «քրիստոնյաների հրեական արմարտները…և վճառականորեն դեմ է հակասեմիթիզմին»:
«Մեր մարդկային մեկուսացումը, անվստահությունը միմյանց հանդեպ և հպարտությունը հաղթահարված են Ամենակալ Տիրոջ Հոգու շնորհիվ, մեր մեջ անդադար աճում է վստահությունն ու եղբայրությունը: Այլևս միմյանց համար օտարներ չենք, այլ՝ բարեկամներ և եղբայրներ».շեշտել է Քահանայապետը և հիշեցրել, որ բացարձակապես բոլոր քրիստոնյաներն ունեն հրեական արմատներ:
Շատ ընդհանրություններ կան նաև դավանանքի մեջ, հավատում ենք «միևնույն Աստծուն՝ տիեզերքի Արարչին և պամության Տիրոջը, իսկ Նա՝ Իր անսահման բարությամբ և իմաստությամբ, միշտ օրհնում է մեր հավատարմությունը՝ երկխոսությանը»:
«Քրիստոնեության միությունը Քրիստոսի մեջ է, հուդայականության միությունը՝ Թորայի: Քրիստոնյաները հավատում են, որ Հիսուս Քրիստոս աշխարհում մարմնացած Աստծո Խոսքն է, հրեաների համար Աստծո Խոսքը նախևառաջ Թորայում է: Երկու կրոնական ավանդություններն էլ հիմնված են Մեկ Աստծո՝ Ուխտի Աստծո վրա, Ով հայտնվում է մարդկանց՝ իր Խոսքում: Աստծու հետ ճշմարիտ հարաբերություն ունենալու համար քրիստոնյաները Քրիստոսին են դիմում, հրեաները՝ Թորայի ուսմունքին».ասել է Պապը:
Սուրբ Աթոռ մեծ ուշադրությամբ հետևում է Քրիստոնյաների և հրեաների միջազգային խորհրդի գործունեությանը, հատկապես այն բանից հետո, երբ 1974թ. Սուրբ Աթոռում ստեղծվեց Հուդայականության հետ հարաբերությունների հանձնաժողովը:
«Nostra Aetate» փաստաթղթում գրված է.
«Եկեղեցին, մերժելով բոլոր տեսակի հալածանքներն ընդդեմ մարդու, հիշելով այն ընդհանուր ժառանգությունը, որ կիսում է հրեաների հետ և առաջնորդվելով ոչ թե քաղաքական դրդապատճառներով, այլ՝ Ավետարանի հոգևոր սիրով, ժխտում է ատելությունը, հալածաքնը, հակասեմիթիզմի դրսևորումները՝ ուղղված հրեաների դեմ, բոլոր ժամանակներում և ում դեմ էլ, որ լինի» (4):