• «Այսօր ավելի կարիք կա համարձակ վկաների՛, քան թե ուսուցիչների».Պետրոս և Պողոս առաքյալների տոնը

    Հունիսի 29-ին Կաթողիկէ Եկեղեցին տոնեց Սբ. Պետրոսի և Սբ. Պողոսի տոնը: Ամեն տարի Հույն Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությունը ժամանում է Հռոմ՝ կաթողիկէ եղբայրների հետ միասին նշելու այդ մեծ տոնը, քանի որ դա նաև Կաթողիկէ Եկեղեցու հիմնման տոնն է: Իսկ նոյեմբերի 30-ին Սուրբ Աթոռի պատվիրակությունն է գնում Պոլիս՝ Սթամբուլ, ուղղափառ եղբայրների հետ միասին նշելու Անդրեաս առաքյալի տոնը:


    29 հունիսի, 2015թ.

     

    Հույն ուղղափառների պատվիրակությունը ղեկավարում էր միտրոպոլիտ Հովհաննես Զիզուլոսը, ով նաև ներկա էր Պապի Laudato si’ շրջաբերականի հրապարակման ասուլիսին: Տոնի առթիվ Սբ. Պետրոսի տաճարում մատուցված Սբ. Պատարագի շարականները Սիքստինյան կապելլայի երգչախմբի հետ միասին երգել է Անգլիկան Եկեղեցու երգչախումբը.սա ընդգծում է տոնակատարության էկումենիկ բնույթը:

     

    Իր քարոզում Սրբազան Պապը խոսել է սուրբ առաքյալների քաջության մասին՝ ի հեճուկս իրենց հալածող կառավարիչների: Նման քաջություն են այսօր ցուցաբերում աշխարհի տարբեր անկյուններում դաժան, անմարդկային ու անհասկանալի հալածանքների ենթարկվող քրիստոնյաները, ասել է Պապը: Առաքյալների քաջությունն առաջ տարավ ավետարանցման գործը, նրանք չէին վախենում նահատակվելուց: Նրանց օրինակով պետք է հիշել, որ քրիստոնեական կյանքը կոչ է աղոթքի, հավատքի և վկայության:

     

    Պետրոսի և Պողոսի ստեղծած համայնքը, որն անդադար աղոթում էր Տիրոջը, սովորեցնում է մեզ, որ աղոթող Եկեղեցին ամուր կանգնած է իր ոտքերի վրա և առաջ է գնում: «Քրիստոնյան, որն աղոթում է, միշտ պաշտպանված է, առաջնորդվում է, ապահով է և, ամենակարևորը, երբեք միայնակ չէ».ասել է Քահանայապետը:

     

    «Պետրոսը և Պողոսը մյուս բոլոր առաքյալների նման սերմանեցին Եկեղեցու սերմերն իրենց արյունով, խմեցին Տիրոջ բաժակը և դարձան Տիրոջ մտերիմները…

    Քրիստոնյան, որը չի վկայում, ամուլ է, ինչպես մի մեռյալ, ով կարծում է, թե ինքը կենդանի է, ինչպես չորացած մի ծառ, որը պտուղ չի տալիս…Եկեղեցին չարին հաղթել է շնորհիվ իր զավակների քաջ, գործնական և խոնարհ վկայության»:

     

    Սբ. Պատարագի ընթացքում Սրբազան Պապը մի քանի նոր միտրոպոլիտական արքեպիսկոպոսների շնորհեց նրանց իշխանությունը խորհրդանշող Pallium կոչվող հագուստը: Պալիումը նշանն է ոչխաների, որոնց հովիվը պետք է կրի իր ուսերին, ինչպես Քրիստոս՝ Բարի Հովիվն է կրում:

     

    Նոր արքեպիսկոպոսներին Սրբազան Պապն ասել է հետևյալը.

     

    «Եկեղեցին ուզում է, որ դուք լինեք աղոթքի՛ մարդիկ, աղոթքի ուսուցիչներ, որ սովորեցնեք ձեզ վստահված ժողովդրին, որ ամեն տեսակի գերությունից ազատագրությունը բացառապես Աստծո գործն է և պտուղն աղոթքի…

     

    Եկեղեցին ուզում է, որ դուք լինեք հավատքի՛ մարդիկ, հավատքի ուսուցիչներ, ովքեր կարող են սովորեցնել հավատացյալներին՝ չվախենալ բազում Հերովդեսներից, ովքեր հալածում են նրանց զանազան խաչակրությամբ…

     

    Եկեղեցին ուզում է, որ լինեք վկայությա՛ն մարդիկ, Սբ. Ֆրանցիսկոսն ասում էր.«Միշտ քարոզեցե՛ք Ավետարանը, և եթե հարկ է, բառեր օգտագործեցե՛ք»: Չկա վկայություն՝ առանց հետևողական կյանքի: Այսօր ավելի մեծ կարիք կա ոչ թե ուսուցիչների, այլ՝ համարձակ վկաների, ովքեր համոզված են և համոզում են, վկաների, ովքեր չեն ամաչում Քրիստոսի անունից և Նրա Խաչից…

     

    Աղոթել սովորեցրե՛ք՝ աղոթելով, հավատք քարոզեցե՛ք՝ հավատքով, վկայություն տվե՛ք՝ ապրելով».պատվիրել է Սրբազան Պապը:

     

Օրացույց

Օրացույց