Ցավ ի սիրտ հաղորդում ենք, որ ըստ հայ կաթողիկէ պատրիարքարանի դիվանի հաղորդագրության, 2015թ. հունիսի 25-ին, Լիբանանի ժամանակով առավոտյան ժամը 8:45-ին, Ժեիթաուի հիվանդանոցում վախճանվեց Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տ. Ներսես Պետրոս ԺԹ-ը: Մահվան պատճառը սրտի կաթվածն է:
Հուղարկավորության կարգադրությունների մասին կհաղորդենք լրացուցիչ:
Կենսագրական տեղեկություններ
Ծնվել է Կահիրեում, 1940թ. հունվարի 17-ին: Հինգերորդ զավակն է խորապես հավատացյալ և ութ զավակներով հայ ընտանիքի:
Նախնական և միջնակարգ ուսումը ստացել է Կահիրեի Ֆրերների վարժարաններում: Քահանայական ծառայության նվիրվելու փափագով մեկնել է Հռոմ և ուսանել Լևոնյան պապական հայ դպրեվանքում, Գրիգորյան համալսարանում:
Քահանա է ձեռնադրվել Կահիրեում, 1965թ. օգոստոսի 15-ին՝ ձեռամբ Կահիրեի թեմի առաջնորդ Գերշն. Տ. Ռաֆայել եպս. Պայյանի, և ստանձնել Կահիրեի փոխժողովրդապետությունը՝ օգնելով Գերպ. Հովհաննես վրդ. Գասպարյանին, ով հետագայում դարձավ Հովհաննես Պետրոս ԺԸ Կաթողիկոս Պատրիարքը:
1968-1990թթ. եղել է Հելիոպոլսի ժողովրդապետը:
1990թ. փետրվարի 18-ին օծվել է եպիսկոպոս և նշանակվել Ալեքսանդրիայի հայ կաթողիկէ թեմի առաջնորդ:
1992-97թթ., որպես անդամ Եգիպտոսի կաթողիկէ նվիրապետության, վարել է Եգիպտոսի Կաթողիկէ եկեղեցիների հովվական խորհրդի ընդհանուր քարտուղարի պաշտոնը:
Որպես անդամ Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց Սինոդոսի, 1993-95թթ. եղել է անդամ Եպիսկոպոսների խորդհրդի և կառավարել Պատրիարքական ատյանը, նաև նախագահել Քահանայական կոչումների պատրիարքական հանձնախումբը, իսկ 1994-99թթ. անդամ էր Հայ Կաթողիկէ Եկեղեցու մնայուն Սինոդոսի:
Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց
1999թ. հոկտեմբերի 7-ին Եպիսկոպոսաց Սինոդոսի կողմից ընտրվել է Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց՝ Ներսես Պետրոս ԺԹ անունով: 1999թ. դեկտեմբերի 13-ին Եկեղեցական Հաղորդություն է ստացել Հովհաննես Պողոս Բ Սրբազան Պապի կողմից:
Գործունեության կարևոր հանգրվաններ
Հովանավորել է հայ կաթողիկէ վարժարանների զարգացումը, բացել է երկրորդական բաժինը Հարպոյան վարժարանում: Առաջ է մղել եկեղեցական լրատվամիջոցների զարգացման ու կայացման գործընթացը, ապահովել պատրիարքական «Մասիս» ամսաթերթի վերահրատարակությունը:
2001թ. հոկտեմբերի 7-ին նրա խնդրանքով և Հայաստանի քրիստոնեացման 1700-ամյակի առթիվ Հռոմում Սբ. Հովհաննես Պողոս Բ Սրբազան Պապը «Երանելի» հռչակեց 1915թ. ցեղասպանության ժամանակ նահատակված Մարտինի առաջնորդ Բարձշն. Իգնատիոս արքեպս. Մալոյանին:
2002թ. փետրվարին Մոսկվայում հիմնել է առաջին հայ կաթողիկէ ժողովրդապետությունը՝ շարունակելու և առաջ մղելու համար 1991թ. ձևավորված Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաքելությունը:
2005թ. հունվարին Հոգևոր Տիրոջ խնդրանքով և օրհնությամբ Սբ. Հովհաննես Պողոս Բ Սրբազան Պապը մեծ հանդիսավորությամբ Վատիկանի Սբ. Պետրոս տաճարի արտաքին պատին տեղադրեց Սբ. Գրիգոր Լուսավորչի արձանը:
2005թ. Հոգևոր Տիրոջ հովանու ներքո Հռոմում կազմակերպվեց գիտաժողով՝ նվիրված Սբ. Գրիգոր Նարեկացու վաստակին: 2009թ. հոկտեմբերի 14-ին, դարձյալ նրա նախաձեռնությամբ, նույն թեմայով գիտաժողով կազմակերպվեց Բեյրութի Քասլիք համալսարանում: Այս և մյուս գիտաժողովների նպատակը հիմք ստեղծելն էր՝ Նարեկացուն «Եկեղեցու վարդապետ» հռչակման համար:
2006թ. Հոգևոր Տերը այցելեց Արցախ.սա պատմության մեջ առաջին դեպքն է, որ Հայ Կաթողիկէ Պատրիարքը այցելեց Արցախ և ծանոթացավ կաթողիկէ արցախահայությանը:
2008թ. փետրվարին Հոգևոր Տիրոջ նախաձեռնությամբ Բենեդիկտոս 16-րդ Սրբազան Պապը Հռոմում մեծ հանդիսությամբ կատարեց բացումն ու օրհնությունը Սբ. Գրիգոր Լուսավորչի անվան հրապարակի: Ներկա էին հայ և օտարազգի բարձրաստիճան հոգևորականներ, քաղաքական գործիչներ, միանձնուհիներ, տարբեր երկրներից ժամանած հայ ուխտավորներ:
Հոգևոր Տիրոջ կաթողիկոսական բեղուն գործունեության կարևորագույն հանգրվանների պսակը եղավ 2015թ. ապրիլի 12-ին Սբ. Պետրոսի տաճարում Սրբազան Պապի ձեռամբ մատուցված Սբ. Պարատագը և Սբ. Գրիգոր Նարեկացուն «Եկեղեցու վարդապետ» (Doctor Ecclesiae) հռչակելը՝ Պապի կողմից: Այս պատմական կարևոր իրադարձությունը Հոգևոր Տիրոջ խնդրանքի, միջնորդության և ողջ Կաթողիկէ Եկեղեցում վայելած հարգանքի ու սիրո պտուղն էր, Հայ Եկեղեցու և հայ նահատակների հոգևոր մեծ վաստակի հավուր պատշաճի գնահատման ու արժևորման ուղղությամբ տարված հսկայական աշխատանքի արդյունքն էր՝ օգնությամբ և զորակցությամբ հայ կաթողիկէ Եպիսկոպոսաց Սինոդոսի և, իհարկե, Սրբազան Պապի վսեմ հովանու ներքո:
2015թ. ապրիլի 12-ի պատմական փաստը՝ պսակված Սրբազան Պապի՝ ամբողջ հայ ժողովրդին ուղղված ուղերձով, աննախադեպ թափով առաջ մղեց միջազգային հարթակում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը և հիմք դարձավ եվրոպական խորհրդարանում և տարբեր երկրներում նոր բանաձևերի ընդունման համար:
Սբ. Գրիգոր Նարեկացին, շնորհիվ Ամենապատիվ Հոգևոր Տ. Ներսես Պետրոս ԺԹ-ի ջանքերի և Սրբազան Պապի որոշման, դասվեց Կաթողիկէ Եկեղեցու 36 Եկեղեցու վարդապետների շարքում, ինչը նշանակում է, որ Նարեկացու աստվածաբանությունը այսուհետ ընկալվում է որպես հոգևոր հարստացման անհատակ աղբյուր ամբողջ տիեզերական Եկեղեցու համար:
Հետագայում դարձյալ պատշաճ անդրադարձներ կլինեն երջանկահիշատակ Ամենապատիվ Հոգևոր Տ. Ներսես Պետրոս ԺԹ-ի գործունեությանն ու դերին՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցում և հայ ժողովրդի կյանքում:
Յիշատակ արդարոց օրհնութեամբ եղիցի՛,
Եղիցի՛, եղիցի՛: