Հունիսի 21-ին Թուրինում, երիտասարդների հետ զրուցելիս, Սրբազան Պապը խոսել է երիտասարդների ներկա սոցիալական ու հոգեբանալան ճգնաժամային վիճակի մասին և տվել ծուռը շտկելու միակ ճշմարիտ բանալին:
24 հունիսի, 2015թ.
Երիտասարդության մոտ 40%-ն այսօր գործազուրկ է, ինչու՞, ինչու մարդը համաշխարհային տնտեսական համակարգի կենտրոնում չէ, այլ փո՛ղն է կենտրոնում, և ամեն ինչ փողի համար է արվում, ասել է Պապը և հիշեցրել իսպանական ասացվածքը.
«փողի համար կապիկն էլ կպարի»:
Արդյո՞ք կարելի է նման պայմաններում կյանքից ինչ-որ բան ակնկալել: Ունենք երիտասարդություն, որը չի կարող սովորել, գործազուրկ է, երիտասարդներ, ովքեր ամաչում են և թերարժեք են զգում իրենց, որովհետև աշխատանք չունեն: Որքա՛ն հաճախ են նրանք տրվում թմրամոլությանը, ինքնասպանություն գործում, կամ գնում են կռվելու ահաբեկիչների դեմ՝ գոնե ինչ-որ բան անելու համար, ինչ-որ իդեալի համար: Եվ սրա համար էր Հիսուս զգուշացնում մեզ՝ մարդու ապահովությունը չկապել աշխարհիկ հարստության և իշխանությունների հետ:
Ինչպե՞ս ապրել մի կյանք, որը չի ոչնչացնում, որը չի հուսահատեցնում: Մենք պետք է առաջ շարժվենք կառուցողական ծրագրերով, որոնք չեն հուսահատեցնում, հարկ է օգնել միմյանց, պետք է ոչ միայն կերակրենք փողոցում հայտնված երեխաներին, փախստականներին մեկ օր կամ երկու օր, այլև օգնենք նրանց կրթություն ստանալ:
Երբ կառուցում ենք, կյանքի հանդեպ վստահությունը վերադառնում է:
Երիտասարդը չպետք է թոշակի անցնի 20 տարեկանում, շեշտել է Պապը, այլ պետք է լողա հոսանքին հակառակ, այս տնտեսական պայմաններում, ուր տիրում է հաճույքի պաշտամունքը (hedonism), սպառողական մտածողությունը (consumerism)՝ «օճառի պղպջակների» նման արժեքներով:
«Կառուցողական քայլեր արե՛ք, թեկուզ փոքր, բայց դրանք մեզ ի մի են հավաքում, միացնում են մեր իդեալներով, սա լավագու՛յն հակաթույնն է կյանքի հանդեպ անվստահության դեմ…եղե՛ք ստեղծագործ և քաջ…
Հաճախ գովազդները ուզում են մեզ համոզել, որ սա լավն է, այն մեկը լավն է և ստիպում են հավատալ, որ դրանք ադամանդներ են, բայց զգու՛յշ եղեք, մեզ հասարակ ապակի են վաճառում: Եվ պետք է միամիտ չլինենք, այլ պայքարենք: Մի՛ գնեք կեղտը, որը հրամցնում են որպես ադամանդ»:
Երիտասարդները միգուցե մտածեն, որ Պապը Վատիկանում է, վարդապետներն անում են իր գործը, Պապը հանգիստ է և չգիտի առօրյա կյանքը, բայց Պապը շատ լավ հասկանում է՝ որտեղ ենք ապրում բոլորս, ասել է Քահանայապետը և հիշեցրել, որ 19-րդ դարի վերջում, երբ Իտալիայում ահավոր պայմաններ էին, երբ երկիրը լի էր մասոններով, սատանայապաշտներով… բազում սրբեր եղան Եկեղեցում այդ սև օրերին: Ինչու՞: Որովհետև այդ սրբերը գիտակցում էին, որ հարկ է լողալ հոսանքին հակառակ.
«Երբ իրականությունը ապակի է, ոչ թե ադամանդ, ես ստեղծում եմ ի՛մ իրականությունը՝ բայց՝ ծառայելով ուրիշներին…եթե մնաք ձեր տեղում կանգնած, կկործանեք ձեր կյանքը…սարսափելի է տեսնել մի երիտասարդի, ով, կներեք, ապրում է ինչպես մի բույս…նրա կյանքը չի շարժվում…Տխրում եմ, երբ տեսնում եմ, որ երիտասարդը թոշակի է անցնում 20 տարեկանում…
Իսկ ի՞նչն է ստիպում երիտասարդին թոշակի չանցնել. սիրելու ցանկությու՛նը, նվիրե՛լը այն, ինչ ամենագեղեցի՛կն է մարդու մեջ, Աստծո համար…«Աստված սե՛ր է»: Երբ երիտասարդը սիրում է, նա ապրում է, կյանքը աճում է…նա աճում է, աճում է և տալիս է»:
Սրբազան Պապը երկու բան է կարևորում է սիրո մեջ՝
կոնկրետ սեր գործերով
և կապ, երկխոսություն:
Սիրել՝ նշանակում է հարգել դիմացինին, վստահ լինել, որ այլոց կյանքը սուրբ է, չօգտագործել ոչ ոքի սեփական հաճույքի համար, լինել զուսպ, ժուժկալ և չտրվել այս աշխարհի հաճոյապաշտությանը: Սերը ինքն իրեն զոհելն է՝ ուրիշների համար: Սերը ծառայություն է, ինչպես ցույց տվեց Հիսուս՝ իր աշակերտների ոտքերը լվանալով: Սրբազան Պապը խնդրել է երիտասարդներին միշտ մտածել Աստծո՝ իր ժողովրդի հանդեպ սիրո պատմության մասին, որը պսակվեց Որդու մահով՝ Խաչի վրա: