• Սուրբ Աթոռը ներկայացրեց Պապի նոր շրջաբերականը՝«Laudato si` Գովեմ զՔեզ»

    2015թ. հունիսի 18-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս, որտեղ հանրությանը ներկայացվեց Ֆրանցիսկոս Սրբազան Պապի նոր շրջաբերական նամակը, որը կոչվում է Laudato si` Գովեմ զՔեզ:


    19 հունիսի, 2015թ.

     

     Շրջաբերականը բնապահպանության մասին է.հոգ տանեն՛ք մեր ընդհանուր տան մասին.սա է գլխավոր ուղերձը: Այս հույժ կարևոր եկեղեցական փաստաթուղթը ներկայացրել է «Արդարություն և խաղաղություն» պապական խորհրդի նախագահ կարդինալ Փիթեր Թրքսոնը: Նրա հետ միասին իրենց կարծիքներն են արտահայտել նաև Հույն Ուղղափառ Եկեղեցու Պերգամոնի միտրոպոլիտ Հովհաննես Զիզուլասը, ով խոսել է պապական նամակի աստվածաբանության շուրջ, Կլիմայի ազդեցության Պոդսդամի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր John Schellnhuber-ը, ով խոսել է շրջաբերականում գիտական տեղեկությունների մասին, Կաթողիկէ բարեսիրական ծառայությունների նախագահ Carolyn Woo-ն, ով խոսել է տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի մասին, որոնց շուրջ խոր անդրադարձ կա շրջաբերականում, և Հռոմի աղքատ ծայրամասերում 20 տարվա մանկավարժական փորձ ունեցող ուսուցիչ Valeria Martano-ն:

     

    Սա խոսում է այն մասին, որ շրջաբերականում արծարծված են շատ լուրջ և բազմազան խնդիրներ, և որ շրջաբերականը լայն հետաքրքրություն է վայելում տարբեր զբաղմունքի տեր անձանց շրջանում:

     

    Բանախոսները շեշտել են, որ նոր շրջաբերականի նպատակներից մեկը երկխոսություն հաստատելն է այն կազմակերպությունների և անձանց միջև, ովքեր կիսում են Սրբազան Պապի մտահոգությունները աշխարհի՝ մարդու և բնության, ներկայիս աղետալի վիճակով, մեր ընդհանուր տան մասին միասնաբար հոգ տանելու անհրաժեշտությամբ: Միասնական է եղել նաև շրջաբերականի ստեղծումը.բազմաթիվ մարդիկ իրենց ներդրումն են ունեցել այս նամակի տարբեր հատվածների կազմության գործում:

     

    Շրջաբերականի անունը Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզացու աղոթքից է.«Laudato si’ mi’ Signore»՝ «Գովե՛մ զՔեզ, Տե՛ր իմ»: Ամբողջ նամակը շնչում է սրբի ոգով՝ աղոթական խորհրդածություն՝ աշխարհի մասին, հոգատարություն՝ վիրավորների, կարիքավորների հանդեպ, բնության հանդեպ, այդ մեծ սրբին հատուկ ուրախությամբ և անկեղծությամբ:

     

    Միտրոպոլիտ Զիզուլասը խոսել է շրջաբերականի էկումենիկ բնույթի մասին, քանի որ այդտեղ քննարկվող խնդիրները վերաբերում են բոլորին, ոչ միայն Կաթողիկէ քրիստոնյաներին:

     

    «Ես տեսնում եմ այդ նամակում մի կարևոր էկումենիկ չափում, որը բաժանված քրիստոնյաներին բերում է մի ընդհանուր խնդրի առջև, որին պետք է դիմագրավենք միասին: Մենք ապրում ենք մի ժամանակում, երբ հիմնարար գոյության խնդիրները գերակայում են մեր ավանդական բաժանումներից և դրանք դարձնում են հարաբերական՝ ոչնչացնելու աստիճան: Նայեցե՛ք, օրինակ, թե ինչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում.արդյո՞ք քրիստոնյաներին հալածողները հարցնում են, թե ո՛ր Եկեղեցուն կամ դավանանքին են պատկանում իրենց զոհերը: Քրիստոնեական միասնությունն այսպիսի պարագաներում փաստացի իրականություն է դառնում՝ հալածանքով և արյամբ՝ մարտիրոսության էկումենիզմով»:

    Այս արտահայտությունը բազմիցս օգտագործել է նաև Ֆրանցիսկոս Սրբազան Պապը:

     

    Մեր ընդհանուր տանը՝ Երկիր մոլորակին վտանգ է սպառնում, ինչի մասին գրված է շրջաբերականում: Եթե ընդհանուր է վտանգը, որը սպառնում է բոլորին, ապա միասնական պետք է լինեն նաև այդ վտանգը հաղթահարելուն ուղղված ջանքերը, ինչը և կոչ է անում Սրբազան Պապն իր շրջաբերականում, ասել է ուղղափառ միտրոպոլիտը.

     

    «Ֆրանցիսկոս Պապի շրջաբերականը կոչ է՝ ի միասնություն, միասնություն՝ աղոթքի մեջ՝ շրջակա միջավայրի համար, արարչագործության միևնույն Ավետարանով, մեր սրտերը դարձի բերելով, որպեսզի հարգենք և սիրենք բոլորին և ամեն ինչ, որ տվել է մեզ Աստված»:

     

    Պրոֆեսոր  John Schellnhuber-ը, խոսելով այլընտրանքային էներգիայի օգտագործման լայն հնարավորությունների մասին, ասել է.

    «Մոլորակի նկատմամբ խնամքը կարող է մեծապես բարեփոխվել, որտեղ կհաղթահարվեն մեծ անհավասարությունները»: Այս մասին գրում է Պապն իր շրջաբերականում՝ խոսելով քչերի կողմից երկրի բնական ռեսուրսների կամայական տիրապետման մասին, որի հետևանքն էլ սոցիալական անհավասարությունն ու սովն է տիրում աշխարհում:

     

    «Պապի շրջաբերականը մեզ հրավիրում է գործի դնել հասարակաց բարիքը…Մենք հաճախ ենք ապրում մեր մարդկային ճանապարհներով, որոնք բաժան-բաժան են և հակասական: Յուրաքանչյուր անձ ձգտում է ինքն իրե՛ն փրկել, ի՛ր անկյունում: Ամեն ոք ի՛ր շահն է փնտրում: Բայց կա «համայնական փրկություն», որը սկսվում է թույլերին ներս առնելով.սա արժեքավոր ռեսուրս է՝ առողջ բնապահպանության համար».ասել է ուսուցիչ Valeria Martano-ն:

     

    Ավելի ուշ կներկայացնենք նաև Պապի շրջաբերականի համառոտ էությունը:

     

    Շրջաբերականի անգլերեն ամբողջական տարբերակը՝ Laudato si Pope Francis’ Encyclical letter

     

     

     

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց