
Ընդ հովանեաւ պաշտպանութեան քո ապաւինիմք, Կո՛յս փառաւորեալ եւ ամենօրհնեալ
2026թ. սեպտեմբերի 5-ին Ղազանչիում տեղի ունեցավ ՀԿԵՄ Աշոցքի երիտասարդական խմբի հանդիպումը՝ նվիրված Սուրբ Կույս Մարիամի Ծննդյան տոնին (որը Եկեղեցին տոնում է սեպտեմբերի 8-ին) և Մարիամի Լեգեոն համաշխարհային կազմակերպության 105-րդ տարեդարձին նվիրված երիտասարդական միջոցառում (7 սեպտեմբերի), որին մասնակցեցին Ղազանչիի, Բավրայի և Սիզավետի երիտասարդներ: Հոգևոր հովիվը երիտասարդներին շնորհավորեց Սուրբ Կույս Ծննդյան տոնի առիթով և հրավիրեց միասին աղոթել Տիրամորը՝ նրա մայրական առաջնորդությամբ Աշոցքի համայնքների և հատկապես երիտասարդների հոգևոր դիմագիծն ավելի ճոխացնելու դիտավորությամբ:
Երիտասարդները տեսասահիկներով պատմեցին Սուրբ Կույսի Ծննդյան, Վարդարանի աղոթքի, Սուրբ Կույսի Լուրդում երևումների և Տիրամոր Հրաշագործ մեդալյոնի մասին, իսկ Աշոցքի ժողովրդապետ Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը խոսեց Մարիամի Լեգեոնի 105 ամյա պատմության և հոգևոր ժառանգության մասին:
Ներկա երիտասարդներից շատերը Մարիամի լեգեոնականներ են՝ ներգրավված լինելով զանազան կամավորական աշխատանքների մեջ, որոնք կատարում են որպես Մարիամի առաքյալներ և զինվորներ, որպես աշխարհականների առաքելություն: Աշոցքի երիտասարդները՝ Տ. Հովսեփի հետ միասին, ջանում են իրենց գործունեության մեջ առավել շեշտել առաքելագործությունը և, որտեղ հնարավոր է, աշխատել հատկապես Մարիամի Լեգեոնի 105-ամյա փորձառության միջոցով՝ որպես կանոնավոր գործող լեգեոնի մասնաճյուղեր՝ ամենաշաբաթյա ժողովների և առաքելությունների միջոցով, որը թեև բարդ է, քանի որ մշտական ջանքեր և նվիրում է պահանջում երիտասարդներից, բայց ձևավոևում է առաքելագործ մտածողություն և մնայուն արժեքներ, որոնք Սուրբ Հոգու ներգործությամբ և Սուրբ Կույսի հովանու ներքո անպայման ունենալու են գեղեցիկ պտուղներ՝ Աշոցքի համայնքների հոգևոր նկարագիրը բարեփոխելու համար, ինչը ցույց է տալիս Լեգեոնի վերջին տարիների աշխատանքը այս համայնքներում: Լեգոնի առաքելագործ մտածողությունը և ջանքերն իրենց հերթին օգնում են կայացնել ՀԿԵՄԸ՝ Հայ Կաթողիկէ Երիտասարդների միությունը, որը հիմնվեց անցած տարի՝ հստակ ռազմավարությամբ և տեսլականով և որի զարգացման պատասխանատվությունը սիրով ստանձնել են նվիրյալ մի խումբ երիտասարդներ:
Հանդիպման երկրորդ հատվածում երիտասարդները խաղացին ինտելլեկտուալ խաղ, ապա դիտեցին և քննարկեցին Սբ. Քարլո Աքութիսի մասին վերջերս ՀԿԵՄ-ի և Ռադիո Մարիամի ջանքերով հայերեն թարգմանված, netforGod կազմակերպության կողմից նկարահանած փաստավավերագրական ֆիլմը:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
7 սեպտեմբերի, 2026թ.
Տոն հիմնադրման Մարիամի Լեգեոնի





