• Ովքե՞ր են գաղջ և անհամ քրիստոնյաները. Պապի քարոզը՝ Տիրոջ Սուրբ Մարմնի տոնին, 4 հունիսի, 2015թ.

    «Եկե՛ք խմենք մեծ ումպերով Քրիստոսի Աղբյուրից, որպեսզի փրկվենք այլասերման վտանգից…»:


    5 հունիսի, 2015թ.

     

    2015թ. հունիսի 4-ին Կաթողիկէ Եկեղեցին լատին ծիսակարգով նշեց Տիրոջ մարմնի և արյան տոնը: Սուրբ Աթոռում Սրբազան Պապը այս գեղեցիկ տոնակատարությունը կատարել է Սբ. Հովհաննես Լաթերանի բազիլիկ տաճարի մոտ, նախ Սբ. Պատարագ է մատուցվել, որից հետո  հազարավոր հավատացյալների հանդիսավոր թափորը մոմերով ու սրբապատկերներով շրջել է Հռոմի փողոցներում, հոգևորականների առաջնորդությամբ:

     

    «Թող այս թափորը արտահայտի մեր շնորհակալությունն՝ առ Աստված այն ամբողջ ճամփորդության համար, որ Աստված մեզ թույլ է տվել կատարել մեր աղքատության անապատներով՝ մեզ ազատելու ստրկությունից՝ սնելով մեզ իր սիրով՝ Իր Մարմնի և Արյան Խորհրդի միջոցով».ասել է Սրբազան Պապը:

     

    Սբ. Պատարագի քարոզի ժամանակ Պապն ուշադրություն է հրավիրել Սբ. Հաղորդության խորհրդի վրա:

     

    «Վերջին ընթրիքին Հիսուսը տվեց իր Մարմինն ու Արյունը՝ հացի և գինու միջոցով՝ մեզ թողնելու Իր անսահման սիրո Զոհի հիշատակը…Այս հաղորդությունը՝ լիառատ շնորհով, աշակերտներին տվեց այն ամենն, ինչի կարիքն ունեին պատմության ընթացքում՝ իրենց երկար ճանապարհի համար, Աստծո Արքայությունը տանելու յուրաքանչյուրին»:

     

    Սբ. Պատարագի ժամանակ հաղորդվելով Տիրոջ Մարմնին ու Արյանը՝ մենք միանում ենք Տիրոջը, դառնում ենք Նրա անդամները: Իսկ ի՞նչ է պատահում, երբ չենք միանում Տիրոջը, երբ հեռանում ենք Նրանից: Մենք հուսահատվում ենք մեր մեղքերի մեջ ընկղմված լինելով:

     

    Ե՞րբ ենք կտրվում Տիրոջից.

    այն ժամանակ, երբ չենք հնազանդվում Տիրոջ Խոսքին, երբ եղբայրասեր չենք, երբ մրցակցում ենք՝ գրավելու առաջին տեղերը, երբ քաջություն չունենք՝ սիրո գործեր անելու: Սբ. Հաղորդությունը օգնում է, որ մենք չկտրվենք Հիսուսից, որովհետև Դա՛ է միության կապը, կենդանի նշանը՝ Հիսուսի Սիրո, ով Ինքն Իրեն խոնարհեցրեց մեզ համար, որպեսզի միացած մնանք Իրեն:

     

    Սնվելով Սուրբ Հաղորդությամբ՝ մենք քայլ ենք անում մի ճանապարհի վրա, որտեղ ընդունելի չեն բաժանումները: Մեր մեջ ներկա Քրիստոսի՝ հացի և գինու նշանների ներքո, պահանջում է, որ սիրո ուժը գերազանցի բոլոր պատնեշները և որ միաժամանակ դառնա միություն՝ աղքատների համար, հենարան՝ թույլերի համար, եղբայրական ուշադրություն՝ նրանց համար, ովքեր պայքարում են ամենօրյա դժվարությունների դեմ:

     

    Եթե մնում ենք մեր մեղքերի մեջ և հուսահատվում, դա վախկոտություն է: Դա նշանակում է ազդվել մերօրյա կռապաշտություններից.դրանք են՝ արտաքին երևույթները, սպառումը, «ես»-ը՝ ամեն բանի կենտրոնում, նաև՝ մրցակցող լինելը, մեծամտությունը՝ չընդունելով սեփական սխալները կամ ինչ-որ բանի կարիք ունենալը: Այդ ամենը մեզ դարձնում է միջակ, գաղջ, անհամ քրիստոնյաներ:

     

    «Եկե՛ք խմենք մեծ ումպերով Քրիստոսի Աղբյուրից, որպեսզի փրկվենք այլասերման վտանգից…Քրիստոսի արյունը կփրկի մեզ մեր մեղքերից և կվերադարձնի մեր արժանապատվությունը».ասել է Սրբազան Պապը և շեշտել, որ Տիրոջը հաղորդվելը մեզ կդարձնի նաև սիրո առաքյալներ՝ ուրիշների համար.

     

    «Մենք կլինենք Տիրոջ աչքերը, որ փնտրում են Զակքեոսին և Մագդաղենացուն, կլինենք Նրա ձեռքերը, որոնք օգնում են մարմնով և հոգով հիվանդներին, կլինենք Նրա սիրտը, որը սիրում է հաշտության և հասկացված լինելու կարիքը»:

     

     

    Տոնակատարությունն՝ ամբողջությամբ, ըստ CTV-ի.

     

     

Օրացույց

Օրացույց