«Մարդկանց հետ շփվելիս ես ինձ լավ եմ զգում, հոգեբանորեն ես չեմ կարող հեռու լինել մարդկանցից». Ֆրանցիսկոս Պապ
26 մայիսի, 2015թ.
Ֆրանցիսկոս Սրբազան Պապը օրեր առաջ արգենտինական La Voz Del Pueblo թերթի հետ հարցազրույցի ժամանակ խոսել է իր կենսաձևի ու նախասիրությունների մասին:
Լրագրող Juan Beretta-ն հարցրել է Պապին, թե պապ դառնալով ինչ սովորություններից է ստիպված եղել հրաժարվել և ինչն է, որ հարկադրված է անել այսօր: Պապն ասել է, որ չի սիրում պրոտոկոլային կենսաձև, բայց քահանայապետի ծառայությունը ստիպում է ամեն բան անել հավուր պատշաճի: Խոստովանել է, որ երբեմն կարոտում է հասարակ մարդկանց հետ շփումներին:
«Մարդկանց հետ շփվելիս ես ինձ լավ եմ զգում, հոգեբանորեն ես չեմ կարող հեռու լինել մարդկանցից».ասել է Պապը և խոստովանել, որ կարոտում է փողոցներում քայլելուն, ինչն իր ամենասիրած սովորությունն էր Արգենտինայում, նա սիրում է օգտվել քաղաքային տրանսպորտից, ինչպես բոլորը, սրճարանում ուտել պիցցա, զրուցել մարդկանց հետ, «ապրել քաղաքի կյանքով»:
Նա պատմել է իր այսօրվա առօրյայի մասին.գիշերները քնում է 6 ժամ, արթանանում առավոտյան 4:00-ին, ի դեպ առանց զարթուցիչի, աղոթում, ապա Սբ. Պատարագ մատուցում և անցնում իր ամենօրյա հոգնեցնող պարտականություններին: Օրվա ընթացքում քնում է մոտ 40 րոպե և նորից գործի անցնում: 78 ամյա Պապն ասում է, որ երբեմն ահավոր գերհոգնածություն է զգում: Քնելուց առաջ մի քիչ կարդում է (այս պահին՝ Սբ. Silouan Athonite-ի գործերը):
Արդյո՞ք Պապը լալիս է, հարցրել է լրագրողը՝ հիշելով, որ Պապը միշտ կարևորում է արտասվել կարողանալը՝ ի տես ուրիշների ցավի:
Պապը շատ է տխրում և երբեմն հուզվում, երբ իմանում է մարդկային ողբերգությունների մասին լուրերը, «Երբ տեսնում եմ հիվանդ երեխաների, ասում եմ Տիրոջը.«Ինչու՞ նրանք և ոչ ե՛ս»»:
Շատ է ազդվում բանտարկյալներին տեսնելիս, որովհետև մտածում է.«ոչ ոք չի կարող վստահ լինել, որ մի օր էլ ինքն էլ մի հանցանք չի գործի ու բանտ չի ընկնի» և հարցնում է ինքն իրեն, թե ինչու այդ մարդիկ կյանքում չեն ունեցել նույն հնարավորություններն, ինչ ինքն է ունեցել:
Պապը չի վախենում սպառնալիքներից և համարձակ է, ինքն իրեն հանձնել է Տիրոջ ձեռքը:
Թերթ կարդում է առավոտյան՝ լուրերին ծանոթանալու համար, բայց հեռոսւտացույց ընդհանրախես չի նայում 1990թ. ի վեր, երբ այդպես է խոստացել Տիրամորը:
Ֆրանցիսկոս Պապը երջանիկ է, որ իրեն սիրում են անվանել «աղքատների Պապ»: «Այսօր աշխարհում մեծագույն չարիքներն են՝ աղքատությունը, կոռուպցիան և մարդավաճառությունը».ասել է նա:
Նա վստահ է, որ իդեալներն են, որ մեզ առաջ են տանելու, թեկուզև շատերը մտածում են, որ, ասենք, աղքատության վերացումը ուտոպիա է:
«Շատ տխուր կլինի, եթե երիտասարդը չունենա իդեալներ և ուտոպիաներ»:
Շատ խնդիրներ հաղթահարելու համար մեզ պետք է երեք բան՝ «հիշողություն, ներկան տեսնելու կարողություն և ուտոպիական հայացք՝ դեպի ապագան», ասել է Պապը:
Երբ լրագրողը հարցրել է նրան, թե ինչպես կուզենար, որ մարդիկ հիշեն իրեն, պատասխանել է.
«Որպես մի մարդ, ով իր լավագույնն է արել՝ բարիք գործելու համար: Ես ոչ մի այլ նկրտում չունեմ»: