• Մեկնարկեց Caritas Internationalis-ի 20-րդ ընդհանուր համագումարը.«Առանց Քրիստոսի սիրո բոլոր ծրագրերն անիմաստ են».ասել է Պապը

    Մեկնարկեց Caritas Internationalis-ի 20-րդ ընդհանուր համագումարը.«Առանց Քրիստոսի սիրո բոլոր ծրագրերն անիմաստ են».ասել է Պապը


    2015թ. մայիսի 13-ին Հռոմում մեկնարկեց Միջազգային Կարիտասի (Caritas Internationalis) 20-րդ ընդհանուր համագումարը, որը կտևի մինչև մայիսի 17-ը: Այն գումարվում է 4 տարին մեկ, 162 երկրներում գործող Կարիտասների պատվիրակների, երիտասարդ կամավորականների մասնակցությամբ: Այս տարի ներկա կլինի մոտ 300 պատվիրակ և մոտ 50 կամավորական: Համագումարին մասնակցում է Հայկական Կարիտասի ընդհանուր նախագահ Բարձշն. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը և գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը:

     

    Մայիսի 12-ին Միջազգային Կարիտասի ղեկավարությունը մամլո ասուլիս է հրավիրել Սուրբ Աթոռի մամլո գրասենյակում և ներկայացրել համագումարի անելիքները:

     

    Քննարկվելու են առաջիկա 4 տարիներին Կարիտասի ընդհանուր առաքելության ուղղությունը, նպատակները և խնդիրները: Կլինեն նաև տնօրենների ընտրություններ: Լրանում է Միջազգային Կարիտասի նախագահ կարդինալ Օսկար Ռոդրիգեզ Մարադիագայի (Oscar Rodriguez Maradiaga) նախագահության 8-ամյա ժամկետը: Ընտրությունները կլինեն մայիսի 14-ին: Այդ պաշտոնի հավանական թեկնածուներն են Կիպրոսի Կարիտասի նախագահ Youssef Soueif-ը և Մանիլայի արքեպիսկոպոս կարդինալ Luis Tagle-ը:

     

    Համագումարի լոզունգն է «Մեկ մարդկային ընտանիք, որը հոգ է տանում արարչության մասին»: Նիստերի ընթացքում հրավիրված մասնագետները՝ աստվածաբաններ, էկոլոգներ, տնտեսագետներ, կանդրադառնան բնապահպանության խնդիրներին և դրանց հետևանքներին մարդկության աղքատ զանգվածների վրա, կխոսեն սոցիալական անարդարության մասին:

     

    Այս տարի Ֆրանցիսկոս Սրբազան Պապը կհրապարակի բնապահպանության մասին իր շրջաբերականը, որը հիմա թարգմանվում է տարբեր լեզուներով: Այն, հավանաբար, կներկայացվի Փարիզում՝ կլիմայի փոփոխությունների թեմայով հրավիրվելիք մի հանդիպման ընթացքում: Այդ շրջաբերականը, կարդինալ Մարադիագայի բացատրությամբ, բարոյական շեշտադրություն ունի, ոչ թե գիտական:

     

    Աստվածաբան Հայր Gustavo Gutierrez-ը լրագրողներին ասել է, որ Կարիտասը Եկեղեցու ձայնն է դժվարին իրավիճակներում ապրող մարդկանց համար և աղքատների կողքին է և Ավետարանի մասին վկայելով՝ փոխում է աղքատության դեմքը:

     

    Հատկապես հիմա ենք զգում «աղքատ Եկեղեցի՝ աղքատների համար» ճշմարտության կարիքը, շեշտել է կարդինալ Մարադիագան:

     

    Միջազգային Կարիտասի գլխավոր քարտուղար Michel Roy-ը փաստել է, որ անհնար է թվերով արձանագրել Կարիտասի տարաբնույթ աշխատանքի հսկայական ծավալը, բայց կարող է ասել, որ Կարիտասում աշխատում է մոտ 2մլն մարդ, որոնց մեծ մասը կամավորներ են: Իսկ Կարիտասի ծրագրերի շահառուների թիվը տասնյակ միլիոնների հասնում:

     

    Համագումարը սկսվեց մայիսի 12-ի երեկոյան Սբ. Պետրոսի տաճարում Սրբազան Պապի մատուցած Սբ. Պատարագով, իսկ մայիսի 13-ին սկսվեցին նիստերը:

     

    Իր քարոզի ընթացքում Պապը անդրադարձել է Կարիտասի առաքելությանը և ասել.

     

    «Ձեր ամբողջ ծառայության աղբյուրը Աստծուն և մերձավորին հեզությամբ և պարզությամբ ընդունելն է: Սա նախ դուք անձամբ եք զգում, որպեսզի հետո դուրս գաք աշխարհ և ծառայեք ուրիշներին Քրիստոսի անունով, ում հանդիպել եք և դարձյալ հանդիպելու եք յուրաքանչյուր եղբոր և քրոջ մեջ, ում կմոտենաք որպես ձեզ մերձավորներին: Շնորհիվ այս իրողության, դուք չեք վերածվի պարզ մարդասիրական կազմակերպության»:

     

    Կարիտասի աշխատողը պարզապես բարեգործական աշխատող չէ, այլ՝ Քրիստոսի վկան, ով փնտրում է Քրիստոսին, ով սիրում է մերձավորին՝ Քրիստոսի ոգով: «Մեր բոլոր ռազմավարություններն ու ծրագրերը դատարկ կլինեն, եթե մեր մեջ չենք կրում այդ սերը: Ո՛չ մեր սերը, այլ՝ Քրիստոսինը…ա՛յս կերպ կկարողանանք ծառայել բոլորին և սեղան բացել բոլորի՛ համար»:

     

    Կարիտասը ցույց է տալիս քրիստոնեական սիրո զորությունը և Եկեղեցու փափագը՝ հասնելու Հիսուսին՝ յուրաքանչյուր մարդու մեջ, հատկապես աղքատների և տառապյալների մեջ». ասել է Քահանայապետը:

     

    Քահանայապետի ամբողջ քարոզը կարող եք կարդալ այստեղ:

Օրացույց

Օրացույց