• Քրիստոնյան՝ միամիտ՝ աղավնու նման և խորագետ՝ օձի պես

    Մեծ Պահոց խորհրդածություն. շարունակություն


    Նախորդ անգամ խոսում էինք գիտակցության պահեցողության մասին եւ հիշեցինք Հոբ Երանելուն՝ այդ բազմավաստակ տառապյալին, որ խաղալիք դարձավ սատանայի ձեռքին, բայց ի վերջո ջախջախեց այդ խորամանկ օձի գլուխն իր անհողդողդ արդարամտությամբ: Հոբը մեզ համար մի տիպար է մեկի, ով տառապանքով եւ համբերատարությամբ շահեց սեփական հոգին, ըստ Տիրոջ խոսքի. «Ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները», Ղկ. 21,19: Հոբը, մյուս մարգարեները, Տեր Հիսուս Քրիստոս Ի՛նքը եւ Իր բազում աշակերտները, որոնք Իր անվան համար ընդունեցին նահատակության պսակը եւ արյամբ վկայեցին Աստծո հանդեպ իրենց նվիրման մասին, համբերատարությամբ կրեցին իրենց տառապանքը, քանի որ իրենց մեջ՝ որպես գանձ, մշտապես եւ անխախտ համոզմունքով պահում էին նույն միտքը՝ ՄԻԱՅՆ ԱՍՏՎԱԾ եւ ՄԻԱՅՆ ՀԱՆՈՒՆ ԱՍՏԾՈ.

     

    սա նշանակում է հետեւյալը.

    -միայն Աստված է մշտապես ճիշտ,

    -միայն Աստծո ձեռքերում է մարդու ամբողջ երջանկությունը՝ անկախ այս պահին մարդուն բաժին հասած նեղություններից,

    -միայն Աստված կարող է հանել մարդուն մահվան գբից եւ ստվերների աշխարհից, ինչպես աղոթում է սաղմոսերգուն,

    -միայն Աստծուն կարելի է վստահել մաբողջությամբ,

    -միայն Աստծուց կարելի է ստանալ բոլոր հարցերի պատասխանները,

    -ինչ    ուզում    է    լինի,    երբե՛ք-երբե՛ք     չմեղադրել

    Աստծուն՝ մեզ բաժին հասած փորձությունների, դժբախտությունների համար, քանի որ

    -Աստված բացարձակ Բարին է եւ Ինքնին Սերը. «Աստված սեր է», Ա Հվհ. 4, 10:

    Միամտություն և գառան խոնարհություն՝ Աստծո առաջ. ահա՛ այսպես կարելի է բնորոշել նրան, ով ապրում է այս սկզբունքների համաձայն: Սա ճիշտ Քրիստոսի պատվիրանն է՝ աշակերտներին, երբ նրանց ուղարկում է վկայելու Իր մասին.

    «Ահա՛, ես ձեզ ուղարկում եմ՝ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ, այսուհետ խորագետ եղե՛ք օձերի պես և միամիտ՝ աղավնիների նման», Մտթ. 10, 16:

     

    Աստծուն հաճելի պահեցություն կատարելու համար, կարծում եմ, յուրաքանչյուր քրիստոնյա կարիքն ունի հենց ա՛յս սկզբունքների՝ խոնարհություն և միամտություն. խոնարհություն՝ ինքն իր հանդեպ ազնիվ հայացք գցելու և տեսնելու սեփական մեղքերը, սեփական փոքրությունը, թշվառությունն՝ առանց աստվածային օգնության և միամտություն՝ բառի հոգևոր իմաստով, որի մասին ուզում եմ առավել ծավալել մեր այս խորհրդածությունը:

     

    «Միամիտ՝ աղավնիների նման». ասում է Տերը: «Հայկազեան» բառարանում Մտթ. 10, 16-ում օգտագործված «միամիտ» բառը բացատրվում է հետևյալ հոմանիշներով, որոնք համահունչ են հունարեն բնօրինակին և լատիներենին՝ անխառն, պարզ, անկեղծ մտքով կամ բարքով, պարզամիտ, անմեղ, աննենգ, անխարդախ, ողջամիտ (լատ.` sincerus, purus, simplex, integer): Կան նաև դարձյալ ավետարանական օգտագործմամբ՝ փոքր-ինչ այլ, բայց մեր խորհրդածության համար առավել օգտակար այլ իմաստներ՝ աներկմիտ, աներկբա, մտերիմ, հավատարիմ: Այս իմաստներից ո՞րը հատկապես ի նկատի ուներ մեր Տերը, այս հարցին Եկեղեցու սուրբ հայրերը տարբեր, բայց նման մեկնություններ են տալիս: Անկասկած, միամտությունը Տերն այստեղ օգտագործում է ոչ թե հեշտ խաբվելու, անփորձության, հիմարության իմաստով, որովհետև նախ ասում է՝ «խորագետ եղե՛ք օձերի պես…»: Ուրեմն, Տերն ուզում է, որ իր աշակերտները միաժամանակ լինեն և՛ խորագետ՝ տեսնելու համար չարի բոլոր որոգայթները, քողարկված խաբեությունները և՛ միաժամանակ աներկմիտ՝ մեկ և նույն մտքով, հավատարիմ, որ է՛ անկեղծ նվիրումը Տեր Հիսուս Քրիստոսին, սրբությունը և նմանությունը Քրիստոսին՝ ընդհուպ մինչև մահ, ճիշտ Հիսուսի նման, անշեղորեն գնալով նրա խաչի ճանապարհով՝ մշտապես և անփոփոխ կերպով ունենալով նույն միտքն ու կամքը, նույն սիրտը՝ ընծայաբերված, պատարագված Տիրոջը: Լինել մեկ մտքի հետևորդ և մարմնացում, մեկ մտքով ապրող, գառան նման անմռունչ հետևելով քաջ և միակ ճշմարիտ Հովվին՝ միշտ կարողանալով զանազանել Նրա քաղցր, ջերմ և հոգատար ձայնը՝ այս աշխարհի խառնակ թոհուբոհի և բազմատեսակ հրավերների մեջ, որոնց հետևում հաճախ կանգնած է սատանան: Սա է ճշմարիտ պահքը՝ պահել միևնույն միտքը, և ոչ թե ուրիշ մտքերի ետևից գնալ, ինչպես պատմության ընթացքում գնացին շատ հերձվածողներ: Պահել միայն Քրիստոսի՛ միտքը, ըստ Սբ. Պողոսի խոսքի՝ «Խորհեցե’ք այն, ինչ Հիսուս Քրիստոսի մեջ է…», Փիլ. 2, 5: Քրիստոնյան պետք է ինքն իրեն և աշխարհին նայի Քրիստոսի նման և Քրիստոսի հետ միասին՝ նույն մտքով, ինչպես մտածում է Հիսուս, և ոչ թե՝ ուրիշի՝ օտարի, այսինքն սատանայի մտքով, որ մտածում է միայն Աստծո ստեղծածն ավերելու մասին և, նախևառաջ, գողանալու նրանց սրտերն ու մտքերը, ովքեր ջանում են ամբողջովին իրենց կամքն ու միտքը նույնացնել Հիսուսի կամքի և մտքի հետ: Այսպիսիները ամենավտանգավորն են սատանայի համար:

     

    Մեզ ամեն վայրկյան սպասում է հավատքի պատերազմը, որտեղ ունենք առաքելություն՝ պահել, հսկել, «մեր հավատքի վահանով և Աստծո խոսքի սուսերով» (Եփ. 6, 16-17) պաշտպանել մեր միամտությունը, մտքի պարզությունը, սրտի մաքրությունը, հոգու աղքատությունը, ըստ երանիների՝ Մտթ. 5, 1-12: Սա նշանակում է Հիսուսի նման ունենալ միայն մեկ միտք կամ նպատակ՝ սիրել ի սպառ և սիրելո՛վ բարձրանալ առ Աստված, Հիսուսի նման լինել պարզ ու ազնիվ՝ ինքներս մեզ հետ, մարդկանց հետ և Աստծո հետ:

     

    Սերը պարզ է, բարությունը պարզ է, սրբությունը պարզ է, բայց չարի համար մնում է անհասկանալի, ինչպես և նրանց համար, ովքեր սիրում են իրենց ես-ը բարդացնել, ուռճացնել, լինել «աստվածների նման», ինչպես օձը խաբեց Եվային, բայց քրիստոնյային միայն մեկ բան է հարկավոր, ըստ Տիրոջ խոսքի, որ ասաց Մարթային՝ նրա քրոջ Մարիամի մասին, որ նստել էր իր տերունական ոտքերի մոտ և ամեն ինչ մոռացած՝ լսում էր Տիրոջը, մինչ Մարթան զբաղված էր ամեն տեսակ կենցաղային գործերով. «Մարթա՛, Մարթա՛, դու շատ բաներով ես զբաղված և մտահոգվում ես, բայց մեկ կարևոր բան է պետք. Մարիամն ընտրել է լավագույն մասը, որը նրանից չի վերցվի», Ղկ. 10, 41-42:

     

    Ա՛յս է մտքի և սրտի պահքը՝ միշտ բաց լինել Աստծո խոսքի և շնորհի առաջ՝ միամտությամբ և խորագիտությամբ. ամեն:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

Օրացույց

Օրացույց