Մայիսի 22-ին Իռլանդիայում հանրաքուէ կլինի՝ համասեռամոլների ամուսնութիւնը թոյլատրելու հարցով.Եկեղեցին ընդդիմանում է
Իռլանդիայում 2015թ. մայիսի 22-ին պետական մարմինները հանրաքուէ են անցկացնելու՝ երկրի սահմանադրութեան մէջ ամուսնութեան մասին յօդուածը փոխելու եւ ըստ այդմ համասեռամոլների ամուսնութիւնը օրինականացնելու համար:
Եւ սա՝ մի երկրում, որտեղ բնակչութեան մօտ 85 %-ը կաթողիկէ է: Այն փաստը, որ Իռլանդիայում, ինչպէս եվրոպական երկրներում, օր օրի խորանում է աշխարհիկացման (secularization) տենդենցը, եւ բնակչութիւնը հեռանում է Եկեղեցուց, հաւանաբար, մեծ դեր ունի պատճառների մէջ, բայց խնդիրը շատ աւելի խորքային է եւ կարիք ունի լայն ուսումնասիրութիւնների:
Համասեռամոլներին ամուսնութեան իրաւունք շնորհելու համար Իռլադիայում օրենսդրական նախաձեռնութիւնները սկսուել են 2000թ.: Երկար քննարկումներից յետոյ 2010թ. կառաւարութիւնը մի օրենք ընդունեց, որով թոյլատրուեց համասեռամոլների քաղաքացիական համակեցութիւնը՝ օրենսդրական երաշխիքներով: Նոր փուլ սկսուեց, երբ 2011թ. ձեւավորուեց նոր կոալիցիոն կառաւարութիւն՝ Fine Gael (Իռլանդիայի ընտանիք) եւ Աշխատաւորական կուսակցութիւնների մանդատներով: Fine Gael-ը ամենանեծ կուսակցութիւնն է, ղեկաւարը երկրի վարչապետ Էնդա Քեննին է: Երկու կուսակցութիւններն էլ խանդավառուած են համասեռամոլներին լայն իրաւունքներ շնորհելուն ուղղուած օրինագծերն առաջ մղելու եւ երկրի սահմանադրութեան մէջ փոփոխութիւններ մտցնելու գործում: Պէտք է ասել, որ Fine Gael-ի անդամները մեծ դեր ունեն նաեւ Եվրախորհրդարանում: Չարաբաստիկ օրինագիծը խորհրդարանին ներկայացուեց 2015թ. հունուարին եւ որոշուեց այն օրենք դարձնել հանրաքուէով, իսկ ապրիլին այդ նախագծի համար լաւ հիմք ստեղծելու նպատակով ընդունուեց մի օրէնք, որով այլեւս համասեռամոլներին առանձին առանձին, ոչ զոյգերով, թոյլատրւում է երեխաներ որդեգրել:
Ըստ հանրաքուէի դրուելիք նոր օրինագծի, առաջարկւում է Սահմանադրութեան 41-րդ յոդուածին աւելացնել 4-րդ ենթաբաժինը, որտեղ գրուած կլինի մօտաւորապէս հետեւեալը (ըստ մեր թարգմանութեան).
«Ամուսնութիւնը կարող է կնքուել ըստ օրէնքի, երկու անձանց միջեւ՝ առանց նրանց սեռերի միջեւ տարբերութիւն դնելու»:
Սա թոյլ կտա համասեռամոլներին պաշտօնապէս ամուսնանալ, ճանաչուել որպէս ընտանիք, ինչպէս աւանդական ընտանիքները եւ վայելել Սահմնադարութեան հովանարութիւնը:
Ցաւօք, երկրի ազդեցիկ կուսակցութիւնները հիմնականում պաշտպանում են առաջարկուող օրինագիծը: Կան նաեւ ազդեցիկ տարբեր հասարակական կառոյցներ, որոն զբաղւում են այս հանրաքուէի քարոզչութեամբ:
Բուռն կերպով շարունակում է օրինագծի դէմ պայքարել Կաթողիկէ հոգեւորականութիւնը:
Իռլանդիայի կաթողիկէ Եկեղեցու արքեպիսկոպոս Դիարմույդ Մարտինը իր հոտին ուղղուած ուղերձում, հիմնուելով Եկեղեցու անխախտ դիրքորոշման եւ Ֆրանցիսկոս Պապի խօսքերի վրայ, բացատրում է, որ հասարակութեան մէջ այնքան է արմատացել անհաւատութիւնը, որ կրոնական հաւատքը դարձել է ծաղրի առարկայ, գրեթէ նոյնը՝ ինչ հաւատալիքը լեպրեկոնների գոյութեան մասին, Եկեղեցու զգուշացումներին քաղաքական գործիչներն արձագանքում են կոտրուած ձայնարկիչի կիսատ հնչիւններով: Նա ընդունում է, որ միգուցէ, Եկեղեցին նախկինում շատ դոգմատիկ է եղել եւ չի մտել քննարկումների մէջ, բայց հիմա վիճակը լրիւ այլ է. Եկեղեցին հագելով բոլորի անհատականութիւնը եւ ազատութիւնները, պարզ լեզուով յիշեցնում է աստուածադիր անխախտ օրէնքների մասին՝ միայն տղամարդու եւ կնոջ միջեւ գոյութիւն ունեցող ամուսնական կապի մասին՝ դատապարտելով ոչ թէ համասեռամոլների անհատականութիւնը, այլ՝ անընդունելի արարքը եւ արհամարհանքը Աստուծոյ օրէնքի հանդէպ: Նա բացատրում է, որ ամուսնութիւնը միայն հարսանեկան արարողութեան համար չէ, դա բնական ընտանիքի՛ հիմքն է, ինչը չի կարելի խախտել: Եպիսկոպոսը գտնում է, որ համասեռամոլները կարող են այս հասարակութեան մէջ ունենալ հարգուած իրաւունքներ՝ միմեանց հետ սիրոյ հարաբերութիւններ ունենալու, բայց պարտաւոր են հարգել տղամարդու եւ կնոջ հարաբերութիւնների բացառիկ բնոյթը:
Եպիսկոպոսը յոյս ունի, որ 2015թ. հոկտեմբերին Հռոմում գումարուելիք եպիսկոպոսաց Սինոդը կօգնի նորովի ընկալել Եկեղեցու վարդապետութիւնը: