Ուրախութիւն, որը չի կարող տալ աշխարհը.Պապի քարոզը Սուրբ Մարթայում, 7 մայիսի, 2015թ.
Ինչո՞վ է տարբերւում ճշմարիտ սէրը կեղծ սիրուց.հարց է տալիս Պապը եւ բացատրում:
Ճշմարիտ սիրոյ առաջին չափանիշը աւելի շատ գործե՛րն են, քան՝ խօսքը.ճշմարիտ սէրը սերիալ չէ, ֆանտազիա չէ, որից մարդու սիրտը սկսում է աւելի հաճախակի բաբախել, բայց ոչ աւելին: Ճշմարիտ սէրը հարատեւ է, այն մի պարզ խանդավառութիւն չէ, այն հաճախ ցաւոտ է.յիշենք՝ ինչպէս էր Յիսուսը կրում իր սիրոյ խաչը: Մատթէոսի աւետարանի 25-րդ գլուխը մեզ սովորեցնում է, թէ ի՛նչ է ճշմարիտ սէրը.նա ով սիրում է ճշմարտապէս, հետեւում է այդ պատուիրաններին՝ սովեալներին հաց է տալիս, մերկերին՝ հագուստ, խնամում է հիւանդին եւ այլն: Ուրեմն, սէրը շատ կոնկրետ է, բացատրում է Սրբազան Պապը:
Երկրորդ չափանիշը հարաբերութեան, շփման մէջ գտնուղ սէրն է, որը չի մեկուսանում, այլ տալիս է եւ ընդունում, ինչպէս Հօր եւ Որդու միջեւ հաղորդութիւնը, որը Սուրբ Հոգին է: Մեկուսացուած սէրը եսասիրութիւն է՝ հոգեւոր դէմքով քողարկուած: Բայց չի կարելի շփոթել.վանականները մեկուսացուած չեն, այլ սիրոյ հաղորդութեան մէջ են Աստուծոյ հետ:
Ուրեմն Յիսուսի սիրուն ապաւինելը նշանակում է գործել, հաղորդուել, երկխօսել թէ՛ Տիրոջ հետ, թէ՛ մեր եղբայրների ու քոյրերի հետ:
Սա պարզ է, բայց հեշտ չէ.
եսասիրութիւնը, միայն սեփական անձով հետաքրքրուելը գրաւիչ է, բայց այն տանում է մեզ դէպի ոչնչութիւն, դէպի հաղորդութեան, շփման բացառում: Յիսուս ասաց մեզ, որ ինքն ուրախ է Հօր սիրոյ մէջ եւ ուզում է, որ իր ուրախութիւնը լինի նաեւ մեր մէջ, եւ մեր ուրախութիւնը լիակատար լինի: «Այդ ուրախութիւնը հաճախ առանց խաչի չի լինում, բայց այն ոչ ոք չի կարող խլել ձեզնից».ասել է Սրբազան Քահանայապետը: