Յիսուսին միացած մնալով՝ սիրենք ամենաաղքատներին.Պապի քարոզը, 3 մայիսի, 2015թ.
Յիսուս կամենում է, որ մենք մշտապէս միացած մնանք Իրեն, ինչպէս ճիւղերը՝ որթատունկին. Յիսուս ճշմարիտ Որթատունկն է: Յիսուս ուզում է, որ մենք հասկանանք Իր հետ միացած մնալու կարեւորութիւնը.բացատրել է Քահանայապետը մայիսի 3-ին՝ «Ուրա՛խ լեր, Թագուհի» աղօթքից յետոյ: Յիսուս մեզ հետ միացած է մնում Եկեղեցւոյ միջոցով, որը կեանք է տալիս հատաւացեալներին: Ճիւղերը չեն կարող ինքնաբաւ լինել, որովհետեւ կեանքի միակ աղբիւրը Որթատունկն Ինքն է: Սուրբ Հոգու շնորհներով մենք հաղորդութեան մէջ ենք մնում Յիսուսի հետ եւ պահում ենք մեր մկրտութեան ժամանակ Քրիստոսից ստացած նոր կեանքի պարգեւը: Սուրբ Հոգու շնորհի միջոցով մեր հոգիները, միտքը, կամքը, նոյնիսկ մեր մարմինները վերափոխւում են:
Քրիստոսին միացած մնալով՝ մենք ի զօրու ենք դառնում մտածելու Նրա պէս, գործելու Նրա պէս, աշխարհին նայելու Նրա աչքերով եւ ուրեմն՝ ունակ սիրելու մեր եղբայրներին, յատկապէս՛ ամենաաղքատներին, ամենատառապեալներին, Յիսուսի սիրով եւ այդպիսով բարութեան, խաղաղութեան, գթասրտութեան պտուղներ տալու:
Սրբազան Քահանայապետն աղօթել է, որ ինքներս մեզ վստահենք Տիրամօր բարեխօսութեանը, որպէսզի կարողանանք Եկեղեցում լինել կենդանի ճիւղեր եւ վկայել մեր հաւատքի մասին հետեւողականօրէն՝ ի մտի ունենալով, որ բոլորս մեր մասնաւոր կոչումներով մասնակից ենք Յիսուս Քրիստոսի նոյն եւ մէկ փրկարար առաքելութեանը: