• Սուրբ Հաղորդությունը սովորեցնում է եղբայրություն և բժշկում աշխարհը

    «Հենց միասնության մեջ է, որ կարելի է ծառայել աշխարհին և բժշկել այն»:


    Սեպտեմբերի 8-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը տեսաուղերձով դիմել է Սուրբ Հաղորդության Միջազգային կոնգրեսի մասնակիցներին, որը տեղի է ունեցել Էկվադորում՝ «Եղբայրությունը բժշկում է աշխարհը» բնաբանով:

     

    Նորին Սրբության խոսքերի համաձայն, Հաղորդությունը միշտ զորեղ դասեր է տալիս և դրանցից մեկն էլ եղբայրությունն է: Եկեղեցու առաջին իսկ Հայրերն են խոսել դրա մասին, որ հացի խորհուրդը խրախուսում է Աստծո Ժողովրդին ձգտելու միասնության, քանի որ ցորենի մի հատիկից հաց չես թխի:

     

    Աստծո հետ միասնությունից ծնված խորը եղբայրությունը թույլ է տալիս քրիստոնյաներին «աղացվել» ցորենի պես և դառնալ հաց՝ Քրիստոսի Մարմին, մասնակցելով Հաղորդությանը և սրբերի ժողովին: Իգնատիոս Անտիոքացու ուղերձից վերցված այս միտքը Սրբազան Քահանայապետը համեմատում է գերմանացի միանձնուհի Անգելա Աուչի հետ, որը մահացավ Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում. ձերբակալվելուց առաջ՝ նա իր հարազատներին և ծանոթներին կոչ արեց դիմակայել չարին և հաճախ լինել Սուրբ Խորհուրդների մեջ:

     

    «Անգելա Աուչի հաճախակի հաղորդություն առնելու կոչը, հատկապես Հռոմի Պապի և այն ժամանակ հալածվող Եկեղեցու համար աղոթքի համատեքստում, նշանակում էր Սուրբ Հաղորդության մեջ գտնել այն կապը, որն ամրապնդում է հենց Եկեղեցին և եղբայրությունը իր անդամների ու Աստծո միջև: Սա նրա համար մի այնպիսի դիմադրություն էր, որն անհաղթահարելի էր թշնամու համար»:

     

    Հենց այսպիսի պարզ քայլերն են, որ օգնում են հավատացյալներին դառնալ «կիվրենացիներ» Քրիստոսի համար, Ով՝ հանուն փրկության, Իր վրա վերցրեց ողջ աշխարհի տառապանքների բեռը:

     

    Տեսաուղերձի ավարտին Նորին Սրբությունը օրհնեց Սուրբ Հաղորդության Միջազգային կոնգրեսի մասնակիցներին և կոչ արեց սովորել Աստծո և այլ մարդկանց հետ եղբայրության դասերը, որովհետև հենց միասնության մեջ է, որ կարելի է ծառայել աշխարհին և բժշկել այն:

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց