• Եվրոպայում պոպուլիզմը թուլացնում է եղբայրության գաղափարները

    «Քրիստոնյաները պիտի նոր եռանդով կյանքի կոչեն Կաթողիկէ Վարդապետության հարուստ ժառանգությունը»:


    Օգոստոսի 24-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ողջույնի ուղերձով դիմել է Ավստրիայի Ալպբախ քաղաքում տեղի ունեցած Եվրոպական ֆորումի մասնակիցներին: 1945թ. սկսած այս միջոցառումը համախմբում է քաղաքական գործիչների, գիտնականների, ձեռներեցների և ուսանողների՝ եվրոպական ու համաշխարհային խնդիրների լուծման ուղիները քննարկելու համար:

     

    Նորին Սրբությունն ընդգծում է, որ Եվրոպան համարում է «մարդու իրավունքների մայրցամաք», որովհետև հենց այդտեղ են զարգացել մարդու իրավունքների կարևոր սկզբունքները: Այսօր Եվրոպայում ճգնաժամ է, ինչպես ցանկացած ճգնաժամ, սա ևս իր հետ բերում է և՛ վտանգներ, և՛ հնարավորություններ: Հենց այդ ժամանակ էլ ակտիվանում են պոպուլիստական տարբեր շարժումներ, որոնք հիմնականում պայմանավորված են տնտեսական և քաղաքական գործոններով:

     

    «Պոպուլիստական «ալիքը» բերեց նրան, որ Եվրոպայում որոշ գաղափարներ մոռացվեցին, իսկ կարևոր սկզբունքները, որոնք վերաբերում էին հասարակության ամենախոցելի անդամներին, հետին պլան մղվեցին»:

     

    Այդ արժեքների շարքում Սրբազան Քահանայպետն առանձնացնում է մարդկային արժեհամակարգն ու եղբայրությունը՝ գաղափարներ, որոնք միշտ կապված են եղել «Ավետարանի արմատների» հետ: Նոր մշակութային համատեքստի ֆոնին Եկեղեցին ապրում է աշխարհիկ հասարակության մեջ, սակայն դա չպետք է զարմացնի կամ վախեցնի, վստահ է Ֆրանցիսկոս Պապը, քանի որ Աստված ապրում է նաև այդպիսի աշխարհում: Ընդհակառակը, քրիստոնյաները պիտի նոր եռանդով կյանքի կոչեն Կաթողիկէ Վարդապետության հարուստ ժառանգությունը: Նորին Սրբությունը հիշեցնում է Եվրոպական Միության համապարփակ հիմքերի մասին և հույս հայտնում, որ այդ արժեքները կպահպանվեն. «Այդ համատեքստում եղբայրության սկզբունքները հատկապես կարևոր են»:

     

    Ուղերձի ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ է անում եվրոպական համայնքներին ուղիներ և միջոցներ փնտրել՝ ներքին բևեռացումը նվազեցնելու և աշխարհի առաջ բացվելու համար։ Նորին Սրբությունը շնորհակալություն է հայտնում Եվրոպական ֆորումի մասնակիցներին՝ արդի սոցիալական մարտահրավերների պայմաններում իրենց առաքելությանը հավատարիմ մնալու համար և մաղթում, որ նրանք լինեն եվրոպական գաղափարների «վարակիչ» վկաները։

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց