«Չի կարելի Սուրբ Պատարագից հետո և Եկեղեցուց դեռ դուրս չեկած՝ բամբասել բոլորի և ամեն ինչի մասին»:
Սեպտեմբերի 1-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց օրվա ավետարանական ընթերցման շուրջ (Մկ. 7,1-8.14-15.21-23), որտեղ Տերը խոսում է «մաքուրի» և «անմաքուրի» մասին: Այս թեման շատ էր հուզում Հիսուսի ժամանակակիցներին. նրանց համար կարևոր էր ծեսերի և վարքի կանոնների պահպանումը, նրանք խուսափում էին շփվել և գործ ունենալ անմաքուր համարվող առարկաների և մարդկանց հետ, իսկ եթե դա տեղի էր ունեցել, ապա ծիսական մաքրում էին կատարում:
Այն ժամանակներում մաքրությունն ու անմաքրությունը դառել էին սևեռուն գաղափար որոշ կրոնավորների համար, պարզաբանեց Նորին Սրբությունը: Այդ կանոնների կատարմանն ու պահպանմանը խիստ հետևող որոշ օրենսգետներ և փարիսեցիներ Հիսուսին մեղադրեցին, որ Նա թույլ տվեց աշակերտներին անմաքուր ձեռքերով, այսինքն՝ առանց լվացվելու, հաց ուտել: Տերը փարիսեցիների այդ նախատինքին ի պատասխան խոսում է «մաքրություն» հասկացության մասին: Նա ասում է, որ մաքրությունը կապ չունի արտաքին ծեսերի հետ, այն ամենից առաջ ներքին տրամադրություն է: Հետևաբար, մաքուր լինելու համար՝ անիմաստ է ձեռքերը լվանալ, եթե դրանից հետո մարդն իր սրտում պահում է չար խորհուրդներ, ինչպիսիք են ագահությունը, նախանձը, հպարտությունը, չար մտադրությունները. խաբեություն, գողություն, դավաճանություն և զրպարտություն (տես՝ Մկ. 7,21-22): Քրիստոս նախազգուշացնում է, որ չպետք է մոլեռանդորեն հետևել ծեսերին, քանի որ այն հավատցյալին զրկում է բարությունից, մարդկայնությունից և գթասրտությունից:
Այս ամենը շատ կարևոր է նաև ժամանակակից քրիստոնյաների համար, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. «Չի կարելի, օրինակ, Սուրբ Պատարագից հետո և Եկեղեցուց դեռ դուրս չեկած՝ բամբասել բոլորի և ամեն ինչի մասին, որովհետև այդ չարախոսությունները քայքայում են մարդու սիրտն ու հոգին: Սուրբ պատարագի մասնակիցները չեն կարող նման բաններ անել, դա զզվելի է: Նա, ով ջերմեռանդորեն աղոթում է, չի կարող սառնասիրտ վերաբերմունք ցուցաբերել իր ընտանիքի անդամների նկատմամբ կամ արհամարհել տարեց ծնողներին, որոնք օգնության և ընկերակցության կարիք ունեն (տես՝ Մկ. 7,10-13): Դա երկակի կյանք է և չի կարելի նման կերպ վարվել»:
Փարիսեցիները հենց այդպես էլ վարվում էին, շարունակեց Նորին Սրբությունը. նրանք միայն արտաքնապես էին մաքուր, նրանց մոտ չկար բարի և գթասիրտ վերաբերմունք ուրիշների հանդեպ: Նման պարագայում Աստծո հետ հարաբերությունները վերածվում են միայն արտաքին արարքների, իսկ ներսում մարդն անհաղորդ է մնում Աստծո շնորհի մաքրագործող խորհրդին, որովհետև մտածում և գործում է առանց սիրո…
Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց ուխտավորներին մտածել հետևյալ հարցերի շուրջ.
«Որքա՞ն ենք մենք հետևողական մեր հավատքի մեջ՝ Եկեղեցու կյանքում և նրա պատերից դուրս: Արդյո՞ք մենք մեր զգացմունքներով, խոսքերով և արարքներով ցուցաբերում ենք մոտիկություն և հարգանք եղբայրների ու քույրերի նկատմամբ՝ արտահայտելով այն ամենը, ինչը խնդրում ենք աղոթելիս: Եկե՛ք մտածենք այդ մասին: Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ, որպեսզի մեր կյանքը դարձնենք Աստծուն հաճելի զոհ» (տես՝ Հռոմ.12,1):
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը