• Նորին Սրբությունը կոչ արեց պաշտպանել մարդկության արժանապտվությունը Արհեստական Բանականության դարաշրջանում

    «Միավորվելով մենք ամբողջ աշխարհին վկայում ենք մեր եռանդուն նվիրվածությունը մարդկային արժանապատվությանը»:


    Հուլիսի 10-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ողջույնի ուղերձ հղեց «Արհեստական բանականության էթիկան հանուն խաղաղության» ֆորումի մասնակիցներին, որը համաշխարհային հիմնական կրոնների ներկայացուցիչներին համախմբել էր Հիրոսիմա քաղաքում: Հանդիպումը կազմակերպել էին Կյանքի պաշտպանության պապական ակադեմիան, «Ճապոնիայում կրոնները հանուն խաղաղության» կազմակերպությունը, «Աբու Դաբիի խաղաղության ֆորումը» և Իսրայելի գլխավոր ռաբինության միջկրոնական հարաբերությունների հանձնաժողովը:

     

    Ֆորումի նպատակն է ստորագրել «Արհեստական ​​բանականության էթիկայի Հռոմի կոչը», որն ընդգծում է խաղաղության ամրապնդմանը նպաստող էթիկական սկզբունքների պահպանման կարևորությունը:

     

    Իր ուղերձում Սրբազան Քահանայապետը հավանություն է տալիս այդ նախաձեռնությանը և ընդգծում, որ «միավորվելով մենք ամբողջ աշխարհին վկայում ենք մեր եռանդուն նվիրվածությունը մարդկային արժանապատվությանը»:

     

    Նորին Սրբությունն ընդգծում է մի կարևոր թեմա ևս, որն արդեն իսկ հնչել է G7 քաղաքական առաջնորդների հանդիպման ժամանակ.

     

    «Պետք է միշտ հիշել, որ մեքենան որոշակի ձևերով և նոր միջոցների կիրառմամբ կարող է ընտրություն կատարել ալգորիթմական գործընթացների օգնությամբ: Մեքենայի գործողությունը տեխնիկական ընտրություն է մի քանի հնարավոր տարբերակներից՝ հիմնված հստակ սահմանված չափանիշների կամ վիճակագրական եզրակացությունների վրա: Սակայն մարդը ոչ միայն ընտրություն է կատարում, այլ նաև ընդունակ է հոգու խորքում որոշումներ կայացնել: Որոշում կայացնելը ընտրության առավել ռազմավարական տարրն է և պահանջում է գործնական գնահատում: Կատարելով կառավարման բարդ առաջադրանքներ՝ մենք հաճախ պիտի կայացնենք որոշումներ, որոնք հետևանքներ կունենան բազամաթիվ մարդկանց համար: ‹…› Ի տարբերություն խելացի մեքենաների, որոնք, թվում էր, թե կարող են ինքնուրույն ընտրություն կատարել, անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ որոշումներ միշտ պետք է կայացնի մարդը»:

     

    Սրբազան Քահանայապետն իր խոսքում նաև ընդգծեց հանդիպման վայրի խորհրդանիշի մասին, քանի որ հենց Հիրոսիմա քաղաքն է դարձել տեխնոլոգիական կործանարար ուժի և անդադար խաղաղության ձգտման հզոր վկայությունը:

     

    «Շատ կարևոր է, որ մենք՝ որպես միավորված եղբայրներ, կարողանանք աշխարհին հիշեցնել հետևյալը. զինված հակամարտությունների դրամատիկ պայմաններում անհրաժեշտ է անհապաղ վերանայել այնպիսի տեխնիկական սարքերի՝ այսպես կոչված «մահաբեր ինքնավար զենքերի» ստեղծումն ու օգտագործումը»: Պետք է արգելել դրանց կիրառությունը, ձեռնարկել կոնկրետ ու գործուն քայլեր՝ այդ սարքերի նկատմամբ մարդկային վերահսկողություն սահմանելու համար: Ոչ մի մեքենա երբեք չպետք է որոշում կայացնի և ընտրություն կատարի, երբ խոսքը վերաբերում է մարդու կյանք խլելուն»,- իր ուղերձի ավարտին  գրում է Նորին Սրբությունը։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց