• Հավատքի Վարդապետության վերատեսչության նոր հռչակագիրը

    «Եկեղեցին հռչակում է բոլոր մարդկանց հավասար արժանապատվությունը»:


    Հավատքի վերատեսչությունը հրատարակեց Dignitas infinita հռչակագիրը, որը նվիրված է մարդու արժանապատվությանը և իր մեջ ներառում է վերջին տասնամյակի Պապական ​​ուսմունքը:

     

    Հավատքի Վարդապետության հռչակագիրը հիշեցնում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակի մասին: Վատիկանի փաստաթղթի երեք գլուխներում բովանդակված են մարդու արժանապատվության հիմնական դրույթները, իսկ չորրորդը ներկայացնում է մարդու իրավունքների մի քանի լուրջ խախտումների ցանկ: Հռչակագրի գլխավոր նորությունն այն է, որ այդ ցանկում բիոէթիկայի հիմնարար սկզբունքների հետ մեկտեղ, որոնք են հրաժարումը հղիության արհեստական ընդհատումից, էֆթանազիան, փոխնակ մայրությունը և այլն, ներառված են որոշ թեմաներ, որոնց մասին բարձրաձայնում է Սրբազան Քահանայապետը. աղքատություն, գաղթ, պատերազմ, մարդավաճառություն:

     

    Առաջին երեք գլուխները հաստատում են մարդկային անձի բացարձակ գոյաբանական արժեքը, ով ստեղծվել է Աստծո պատկերով ու նմանությամբ և փրկագնվել Հիսուս Քրիստոսով: Խոսքն անձեռնմխելի արժանապատվության մասին է, որը կախված չէ մշակութային փոփոխություններից։ Մարդու արժանապատվությունն ընդունված պարգև է, որը բնորոշ նաև է դեռ չծնված երեխային, անգիտակից մարդուն կամ մահամերձ ծերունուն: «Եկեղեցին հռչակում է բոլոր մարդկանց հավասար արժանապատվությունը՝ անկախ նրանց կենսապայմաններից կամ հատկանիշներից», – ասվում փաստաթղթի 17-րդ պարագրաֆում: Այդ արժանապատվությունը վերաբերում է ինչպես մարմնին, այնպես էլ հոգուն, և «մարդկային արժանապատվության ամենարժեքավոր հատկանիշը՝ Աստծո հետ հողորդակցման նրա կոչումն է»:

     

    Փաստաթղթում ընդգծվում է նրանց դիրքորոշման երկիմաստությունը, ովքեր «մարդկային արժանապատվության» փոխարեն նախընտրում են խոսել «անձի արժանապատվության» մասին՝ կարծելով, որ անձը միայն նա է, ով ունակ է կշռադատել և տրամաբանել: Այդ դիրքորոշման կողմնակիցները պնդում են, որ «անձնական արժանապատվությունից զրկված են չծնված երեխան կամ մտավոր հաշմանդամություն ունեցող մարդը»: Սակայն Եկեղեցին, ընդհակառակը, պնդում է, որ արժանապատվությունը բնորոշ է յուրաքանչյուր մարդու՝ անկախ հանգամանքներից: Բացի այդ փաստաթղթում նշվում է «մարդկային արժանապատվություն» տերմինի չարարկման մասին, որն օգտագործում են «նոր իրավունքների» արդարացման համար՝ կախված անձնական նախասիրություններից և ցանկություններից։

     

    Հավատքի Վարդապետության վերատեսչության հռչակագիրը թվարկում է մարդու արժանապատվության այնպիսի ծանր խախտումներ, ինչպիսիք են զանազան սպանությունները, եղեռնը, հղիության արհեստական ընդհատումը, էֆթանազիան, կամավոր ինքնասպանությունը, նաև այն, ինչը «խախտում է մարդու անձի անձեռնմխելիությունը, օրինակ անդամահատումը, ֆիզիկական և հոգեկան խոշտանգումները, հոգեբանական հարկադրանքը:  Վերջապես, ներկայացվում է «մարդու արժանապատվությունը վիրավորող լուրջ խախտումների ոչ սպառիչ ցանկը. անմարդկային կենսապայմաններ, կամայական կալանավորում, տեղահանություն, ստրկություն, մարմնավաճառություն, կանանց և երիտասարդների մարդավաճառություն, աշխատանքի խայտառակ պայմաններ»: Բացի այդ հիշատակվում է նաև մահապատիժը, որը «ոտնահարում է յուրաքանչյուր մարդու անօտարելի արժանապատվությունը՝ անկախ հանգամանքներից»։

     

    Հավատքի Վարդապետության վերատեսչության փաստաթղթում նշվում է «աղքատության դրամայի»՝ ժամանակակից աշխարհի մեծ անարդարության և պատերազմի մասին, «որը մարդու արժանապատվությունը ժխտող ողբերգություն է»: «Այսօր չափազանց դժվար է պահպանել նախորդ դարերում հասունացած բանական չափանիշները և խոսել հնարավոր «սրբազան պատերազմի» մասին», – գրված է Վատիկանի հռչակագրում։ Բացի գաղթականների և մարդավաճառության զոհերի տառապանքներից, գրված է «մարդկային օրգանների և հյուսվածքների առևտրի, երեխաների սեռական շահագործման, ստրկական աշխատանքի մասին, ներառյալ՝ մարմնավաճառությունը, թմրանյութերի և զենքի առևտուրը, ահաբեկչությունը և միջազգային կազմակերպված հանցավորությունը»: Խոսվում է նաև սեռական բռնության մասին, իսկ կանանց նկատմամբ բռնությունը նկարագրող պարագրաֆում ներառված է հարկադիր աբորտը, որի զոհերը հաճախ դառնում են մայրն ու երեխան՝ տղամարդկանց եսասիրությունը բավարարելու համար: Դատապարտվում են բազմակնությունը, կիբերհարձակումը, պոռնոգրաֆիան և առցանց մոլախաղերը:

     

    Առանձնհատուկ ուշադրություն է դարձվում «գենդերային տեսությանը»։ Նախ ասվում է, որ համասեռամոլների նկատմամբ ցանկացած խտրականություն, ագրեսիա և բռնություն պիտի արմատախիլ արվի, ապա դատապարտվում է գենդերային տեսությունը, որը ձգտում է վերացնել սեռերի միջև տարբերությունները։ Մերժվում է սեռափոխությունը, որը սպառնում է բեղմնավորման պահից մարդու ստացած բացառիկ ու եզակի արժանապատվությանը: Սակայն դա չի նշանակում, որ «սեռական օրգանների անոմալիայով տառապող անձը, որն արդեն իսկ նկատելի ծնվելու պահին կամ զարգանում է ավելի ուշ, չի կարող որոշում կայացնել այդ անոմալիան հեռացնել բժշկական միջամտության օգնությամբ», – ասվում է Dignitas infinita հռչակագրում:

     

    Հռչակագիրն ավարտվում է կոչով, որպեսզի «անկախ հանգամանքներից, մարդու արժանապատվության հարգանքը դառնա համընդհանուր բարօրության պահանջ և ամեն մի իրավական համակարգ հանձնառու լինի պահպանել այն»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց