• Հիսուսի հետ հաղթական կյանք ապրենք

    «Հավատու՞մ ենք Հիսուսի հարության զորությանը»:


    Զատիկի երկրորդ կիրակի օրը, որը Սբ. Հովհաննես Պողոս II Պապը հաստատել է որպես Աստվածային Ողորմության օր, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Ուրախ Լեր Թագուհի» Մարեմեան աղոթքը կարդալուց առաջ, խորհրդածեց Հովհաննեսի Ավետարանից վերցված մի հատվածի շուրջ (Հվհ. 20, 19-30), որտեղ ասվում է, որ եթե հավատանք Հիսուսին՝ Աստծո Որդուն, ապա հավիտենական կյանք կունենանք Նրա անունով (տես՝ Հվհ 20, 31):

     

    Մենք բոլորս էլ ցանկանում ենք կյանք ունենալ, սակայն դրա համար կան տարբեր ճանապարհներ, պարզաբանեց Նորին Սրբությունը. օրինակ, ոմանց համար կյանքը վայելքի և հարստության մրցավազք է, նրանք սահմանափակվում են միայն ուտելով, խմելով, զվարճանալով, դրամ և հարստություն կուտակելով, նոր հույզեր զգալով: Սա հաճելի ճանապարհ է թվում, սակայն չի տանում դեպի իրական կյանք, որովհետև վայելքի և իշխանության փափագը երջանկություն չեն բերում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Նման կյանքով ապրելիս՝ կյանքի շատ կարևոր երևույթներ, որոնք մեր մարդկայնության բաղկացուցիչ մասն են կազմում, մնուն են չբացահայտված, օրինակ սերը, մեզ բոլորիս միավորող երազանքը, որը հավերժ ապրելու և անսահման սիրվելու հույսն է: Այսօր Ավետարանն ասում է, որ կյանքի այս լիությունը, որին կոչված է մեզանից յուրաքանչյուրը, իրականանում է Հիսուսի մեջ, որովհետև հենց Նա է մեզ տալիս կյանքի լիությունը:

     

    Որպեսզի հասկանանք, թե ինչպես կարելի է զգալ այդ լիությունը, եկե՛ք տեսնենք, թե ինչ է տեղի ունենում աշակերտների հետ, շարունակեց Նորին Սրբությունը. «Նրանք ապրում են իրենց կյանքի ամենաողբերգական պահը. մի քանի օրվա չարչարանքներից հետո՝ նրանք հուսահատ և վախեցած փակվել են Վերնատանը: Հարուցյալը գալիս է նրանց մոտ և ցույց տալիս Իր վերքերը» (տես՝ Հվհ 20, 20): Դրանք տառապանքի ու ցավի նշաններ էին, որոնք ցույց տալով Հիսուս կարող էր հիշեցնել, թե որքան դաժան են եղել մարդիկ Իր հանդեպ, սակայն Նա, ընդհակառակը, այդ վերքերի միջոցով ողորմություն և ներում է արձակում դեպի աշխարհ:

     

    «Այսպիսով, աշակերտները տեսնում և գիտակցում են, որ Հիսուսի հետ կյանքը միշտ հաղթում է, Հիսուսի հետ հաղթահարելի են մահն ու մեղքը: Նրանք ստանում են Նրա Հոգու պարգևը, որը նրանց նոր կյանք տալիս՝ որպես սիրելի զավակներ՝ լցված ուրախությամբ, սիրով և հույսով»:

     

    Այդ կյանքն ունենալու համար՝ բավական է միայն ամեն օր հայացքը դարձնել դեպի խաչված և հարություն առած Հիսուսին, հանդիպել Նրա հետ Խորհուրդներում և աղոթքներում, հավատալ Նրան, հավատալ, որ Նա մեզ հետ է, ընդունել Նրա շնորհը, հետևել Նրան, սիրել, ինչպես Նա է սիրում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. «Ամեն մի կենդանի հանդիպում Հիսուսի հետ մեզ թույլ է տալիս ավելի շատ կյանք ունենալ»:

     

    «Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ. հավատու՞մ ենք Հիսուսի հարության զորությանը, հավատու՞մ ենք, որ Հիսուս հարություն է առել»:

     

    «Արդյո՞ք մենք հավատում ենք Նրա հաղթանակին մեղքի, վախի և մահվան նկատմամբ: Արդյո՞ք մենք բաց ենք Տիրոջ, Հիսուսի հետ հարաբերությունների համար: Որքանո՞վ ենք մենք հնազանդ մեր եղբայրներին ու քույրերին սիրելու և երբեք հույսը չկորցնելու Նրա հորդորներին»:

     

    Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ ավելի մեծ հավատք ունենալ հարուցյալ Հիսուսի հանդեպ, որպեսզի «կյանք ունենանք» և կիսվենք զատկական ուրախությամբ, խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց