«Հարությունը կյանքի հաղթանակն է մահվան նկատմամբ»:
Regina Caeli աղոթքը արտասանելուց առաջ, որը զատկական շրջանում կարդացվում է «Հրեշտակ Տեառն» աղոթքի փոխարեն, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց այն ուրախության մասին, որը ծնվում է մեր մեջ Հիսուսի հարության ավետիսը լսելիս:
Օրվա ավետարանական ընթերցման հատվածում (Մտթ. 28, 8-15) մենք տեսնում ենք կանանց, ովքեր ուրախանում են Հիսուսի հարությամբ. նրանք «մեծ ուրախությամբ» դուրս են գալիս գերեզմանից և «վազում Հիսուսի աշակերտներին պատմելու» (Մտթ. 28, 8): Հարուցյալի հետ կենդանի հանդիպումից ծնված այդ ուրախությունը հույզերի պայթյուն է, որը խրախուսում է նրանց ուրիշների հետ կիսվել իրենց տեսածով, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ իմանան այդ ուրախ լուրը:
Մենք բոլորս փոքրուց սովորում ենք կիսվել մեր մեծ ու փոքր ուրախություններով. հաջողություններ դպրոցում, սպորտային նվաճումներ, ընտանիքում երեխայի ծնունդ: Սակայն ուրախությունը, որը Զատիկի առավոտյան ապրում են կանայք, ավելի մեծ է, քանի որ «Հիսուսի հարությունը ոչ միայն հիանալի լուր է կամ պատմության երջանիկ ավարտ, այլ մի իրողություն, որն ամբողջովին ու ընդմիշտ փոխում է մեր կյանքը»:
«Դա կյանքի հաղթանակն է մահվան նկատմամբ, հույսի հաղթանակն է հուսահատության նկատմամբ: Հիսուս ազատվում է գերեզմանի խավարից և հավերժ ապրում. Նրա ներկայությունը լուսավորում է ամեն բան»:
Հարության ուրախությունը մի ինչ-որ վերացական բան չէ, շարունակեց Նորին Սրբությունը. այն մեր ուրախությունն է, որովհետև մեզ է պարգևվել մեր Մկրտության օրը: Մենք նույնպես կարող ենք հանդիպել Հարուցյալին, Ով մեզ կասի. «Մի՛ վախեցեք» (Մտթ. 28, 10): «Եղբայրնե՜ր և քույրե՜ր, եկե՛ք չհարժարվենք զատկական ուրախությունից», – կոչ արեց Սրբազան Քահանայապետը:
Այդ ուրախությունը սնուցելու համար՝ մենք պիտի այդ կանանց նման հանդիպենք Հարուցյալին, քանզի Նա է մեր ուրախության աղբյուրը, որը երբեք չի սպառվում և չորանում. «Ուրեմն շտապենք փնտրել Նրան Հաղորդության մեջ, Նրա ներման մեջ, աղոթքի և կենդանի ողորմության մեջ: Ուրախությունն ավելի մեծ է դառնում, երբ այն կիսում են: Եկե՛ք կիսվենք այդ ուրախությամբ»:
«Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը, ով Զատիկին ուրախանում էր հարություն առած Որդով, օգնի մեզ լինել Նրա ուրախ վկաները», – խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը