• Ծաղկազարդի Տոնական Պատարագը Սուրբ Պետրոսի հրապարակում

    «Օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով»:


    Մարտի 24-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը գլխավորեց Ծաղկազարդի Տոնական Պատարագը, այսինքն՝ Տիրոջ հանդիսավոր մուտքը Երուսաղեմ, որը Վատիկանում հավաքել էր տարբեր երկրներից ժամանած 25 հազար ուխտավորների։

     

    Սուրբ Պետրոսի հրապարակում մատուցված հանդիսավոր ժամերգությունը նշանավորեց Ավագ Շաբաթվա սկիզբը՝ Գողգոթայի Խաչի վրա Հիսուս Քրիստոսի չարչարանքն ու փրկարար մահը։ «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն, օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով», – երգում էր երգչախումբը, իսկ հավատացյալները՝ ձիթենու ճյուղերը ձեռքներին, թափորով շարժվում էին, դեպի Վատիկանի հրապարակի կենտրոնում գտնվող կոթողը: Հռոմի երկնքի տակ անցկացվող հանդիսավոր երթը հիշեցրեց, թե ինչպես 2000 տարի առաջ Հիսուս մոտք գործեց Երուսաղեմ:

     

    «Ամենակարող, հավիտենական Աստված, օծիր այս ճյուղերը Քո օրհնությամբ, որպեսզի մենք, գովերգելով Քրիստոս Թագավորին, կարողանանք Նրա միջոցով հասնել Երկնային Երուսաղեմ: Նա ապրում և թագավորում է հավիտյանս հավիտենից», – աղոթեց Նորին Սրբությունը: Այնուհետև Սբ. Մարկոսի Ավետարանից ընթերցվեց մի հատված, որը պատմում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի Չարչարանքների մասին:

     

    Սրբազան Քահանայապետը մեծ ուշադրությամբ մասնակցեց Սուրբ Հաղորդության Պատարգին, որը մատոցեց Արևելյան Եկեղեցիների Վերատեսչության վերատեսուչ արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտին։ Շարժողական դժվարությունների ու խնդիրների պատճառով՝ Նորին Սրբությունը չմասնակցեց արմավենիներով երթին, սակայն մնաց խորանի մոտ, իսկ երբ ընթերցվում էր Տիրոջ Չարչարանքների մասին դրվագը, Սրբազան Քահանայապետը ոտքի կանգնեց: Ավետարանական ընթերցումից հետո Սուրբ Պետրոսի հրապարակում տիրեց մեկ րոպե լռություն՝ խորհրդածելու և աղոթելու համար:

     

    Տոնական ժամերգության ավարտին Նորին Սրբությունը գլխավորեց կիրակնօրյա «Հրեշտակ Տեառն» աղոթքը, առաքելական օրհնություն տվեց ուխտավորներին և պապամոբիլով շրջան կատարեց ամբողջ հրապարակում՝ ողջունելով մեծաթիվ հավատացյալներին, Ծաղկազարդի Սուրբ Պատարագի մասնակիցներին:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց