«Խոհեմության առաքինությունը մարդուն տանում է դեպի բարություն»:
Մարտի 20-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց խոհեմության մասին: Այն գլխավոր առաքինություններից մեկն է և հիշատակվում է նաև անտիկ փիլիսոփայության մեջ: Ունկնդրության տեքստը կարդաց Պետքարտուղարության աշխատակիցը։
Միջնադարյան գրվածքներում առաքինությունները կարծես ինչ-որ կենդանի օրգանիզմ լինեն, որտեղ ամեն մի տարրն իր ներդաշնակ տեղն է զբաղեցնում, ինչպես միջնադարյան ճարտարապետության ոճով կառուցված տաճարի որմնասյուները, սյուները և խոյակները. դա օգնում է տեսնել մարդու ներդաշնակությունն ու նրա ձգտումը բարությանը:
Նորին Սրբության խոսքերի համաձայն, խոհեմություն չի նշանակում վախկոտ զգուշություն կամ մշտական կասկած սեփական գործողություններում. իմաստուն մարդը ստեղծագործաբար է մոտենում խնդիրներին և փորձում հասկանալ իրողության ողջ բարդությունը՝ առանց հույզերի և արտաքին ճնշման ազդեցության, ինչն արժանի է հատուկ ուշադրության մեր աշխարհում, որտեղ գերիշխում են մակերեսայնությունն ու տափակաբանությունը:
Մեջբերելով Սբ. Թովմա Աքվինացու խոսքերը՝ Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ խոհեմությունը՝ «առաքինությունների կառավարը», սովորեցնում է մեզ վերահսկել մեր արարքները և ուղղորդել դեպի բարություն, ընտրել և բանական որոշումներ կայացնել: Այս առաքինությունն ունեցող մարդը գիտի, թե ինչ է ուզում, վերլուծում է իրավիճակը, ընտրում է ամենահարմար տարբերակը և, ունենալով լայն մտահորիզոն ու ներքին ազատություն, ճիշտ որոշում է կայացնում։ Խոհեմությունն օգնում է խուսափել սխալներից, «աղետալի» եռանդունություն չցուցաբերել գործերում և խնդիրները լուծել ոչ միայն սեփական շահերը հաշվի առնելով, այլ նաև գործել հանուն համընդհանուր բարօրության:
Նորին Սրբությունն ընդգծում է, որ խոհեմ մարդը գիտի պահպանել անցյալի հիշատակը և հաշվի առնել ավանդույթները, որոնք անցյալ սերունդների իմաստության ժառանգությունն են։ Նա հեռատես է, խորաթափանց և, որոշելով նպատակը, ձեռք է բերում անհրաժեշտ միջոցներ դա իրականություն դարձնելու համար։
Աստվածաշնչյան բազմաթիվ օրինակներն օգնում են հավատացյալներին դաստիարակել ու զարգացնել խոհեմություն, ընդգծում է Սրբազան Քահանայապետը և հիշեցնում ավետարանական առակներն իմաստուն մարդու և կույսերի մասին: Իմաստուն մարդն իր տունը շինեց ոչ թե ավազի, այլ ժայռի վրա (տես՝ Մտթ. 7,24-27), իսկ կույսերը «իրենց լապտերների հետ միասին ամաններով ձեթ վերցրին» (տես՝ Մտթ. 25:1-13):
«Քրիստոնեական կյանքը պարզության և խորաթափանցության համադրություն է», – ընդգծում է Նորին Սրբությունը: – Աշակերտներին իրենց առաքելությանը նախապատրաստելիս՝ Հիսուս տալիս է հետևյալ խորհուրդը. «Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ: Այսուհետև խորագետ եղե՛ք օձերի պես և միամիտ՝ աղավնիների նման» (տես՝ Մտթ. 10,16): Այլ կերպ ասած, Տերը ցանկանում է, որ մենք պարզապես սրբեր չլինենք, այլ լինենք իմաստուն սրբեր, որովհետև առանց խոհեմության՝ մենք հեշտությամբ կշեղվենք ճշմարիտ ճանապարհից»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը