«Հպարտությունը ծնում է սնափառություն և ուռճացնում ինքնապարծությունը, մարդուն ստիպում է մտածել, որ ինքն ավելի կարևոր է, քան կա իրականում»:
Մարտի 6-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը «արատներ և առաքինություն» թեմայի վերաբերյալ և հատուկ ուշադրություն դարձրեց հպարտությանը, որն ամենածանր մեղքերից է և, ըստ հին հեղինակների, «բոլոր արատների թագուհին»: Նախ՝ Նորին Սրբությունն ասաց, որ նա դեռ չի ապաքինվել հարբուխից, և խնդրեց Պետքարտուղարության իր աշխատակցին՝ մոնսինյոր Ջիրոլին կարդալ ուղերձի տեքստը։
Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ հպարտությունը ծնում է սնափառություն և ուռճացնում ինքնապարծությունը, մարդուն ստիպում է մտածել, որ ինքն ավելի կարևոր է, քան կա իրականում, և ատել ուրիշներին՝ նրանց համարելով ստորադաս։ Նման վեհացումը թաքցնում է ավելի մեծ մեղք. «Աստված դառնալու» անհեթեթ նկրտում։ Դանթեի «Աստվածային կատակերգությունում» այս մեղքի պատիժը կատարվում է քավարանի հենց առաջին շրջանում, որը խոսում է այս արատը հաղթահարելու դժվարության, ինչպես նաև այն հեռավորության մասին, որը նա ստեղծում է մարդկանց և Աստծո միջև: Հպարտության մեղքը Ծննդոց Գրքում նկարագրված է՝ որպես սկզնական մեղք (տես՝ Ծննդոց 3,5), և որն էլ դատապարտվում է Ավետարանում, որովհետև Աստված հաճախ էր գործ ունենում հպարտ մարկանց հետ: Հպարտությունը կործանում է մարդկային հարաբերությունները, սակայն Աստծո ողորմածության շնորհիվ այն կարող է հանգեցնել նաև փրկարար հնազանդության, ընդգծեց Նորին Սրբությունը: Պետրոս առաքյալը վստահ ու համոզված էր Քրիստոսի հանդեպ իր անսասան հավատարմության մեջ, սակայն վտանգի պահին ենթարկվում է մահվան վախին և դառը անկում ապրում։ Նա սգում է իր դավաճանությունը, բայց բժշկվում է Հիսուսի կողմից՝ դրանով իսկ ցույց տալով, որ փրկությունը գալիս է խոնարհության միջոցով, որը հպարտության ցանկացած դրսևորման ամենաարդյունավետ բուժումն է:
Որպես օրինակ Սրբազան Քահանայապետը բերեց ավետարանական հայտնի Magnificat օրհներգը. Սուրբ Կույս Մարիամը փառաբանում է Աստծուն, Ով ցրեց «ամբարտավաններին իրենց սրտի խորհուրդներով» և բարձրացրեց խոնարհներին: Աստվածամոր այս խոսքերն իրենց արձագանք են գտնում Հակոբոս առաքյալի իր համայքին ուղղված ուղերձում, որը տառապում էր երկպառակության պատճառով. «Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Հակոբոս 4,6):
Ընդհանուր ունկնդրության ավարտին Նորին Սրբությունը հիշեցրեց, որ Մեծ Պահքը բարենպաստ ժամանակաշրջան է հպարտոթւյան դեմ պայքարելու համար. մենք բոլորս կոչված ենք խոնարհությամբ լցնելու մեր սրտերը՝ Աստծուն մոտենալու և Նրա առատ շնորհը ստանալու համար։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը