«Որքա՜ն մարդիկ՝ խաբվելով իրենց մասին կեղծ պատկերացումներից, ընկել են մեղքերի մեջ»:
Փետրվարի 28-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը «արատներ և առաքինություն» թեմայի վերաբերյալ և խորհրդածեց նախանձ ու սնափառություն մեղքերի մասին, որոնք Եկեղեցու հոգևոր ավանդույթի հատուկ ուշադրության կենտրոնում են:
Ընդհանուր ունկնդրության խորհրդածությունն ընթերցեց Պետքարտուղարության աշխատակիցը, որում Նորին Սրբությունն ասում էր, որ նախանձը Սուրբ Գրքում նկարագրված ամենահին արատներից է. Աբելը մահանում է Կայենի ձեռքով, ով չէր կարողանում համակերպվել իր եղբոր հաջողության և ուրախության հետ: Այս արատը գրավել է բոլոր մշակույթների փիլիսոփաների և իմաստունների ուշադրությունը, ովքեր ընդգծում են, որ նախանձողը միշտ տխուր իջեցնում է հայացքը՝ դառնալով ատելության և ուրիշին վնաս պատճառելու ցանկության զոհը, մինչդեռ նա թաքուն ձգտում է նմանվել իր նախանձի առարկային կամ մարդուն: Նման մարդն ուրիշների հաջողության մեջ անարդարություն է տեսնում: Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ այդ արատի հիմքում Աստծո մասին կեղծ պատկերացումներն ու գաղափարներն են, երբ մարդը ցանկանում է իր եսասիրական տրամաբանությունը պարտադրել Բարձրյալին: Սակայն Աստծո տրամաբանությունը սերն է, և Տերն ուզում է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրն ուրիշի հետ կիսի իր բարիքները, որոնք Նա է պարգևում մեզ: Պողոս առաքյալը հորդորում է քրիստոնյաներին եղբայրաբար սիրել միմյանց և, որպես նախանձի դեղամիջոց, առաջարկում է մրցակցել՝ միմյանց հանդեպ փոխադարձ հարգանք դրսևորելով (տես՝ Հռոմ. 12,10):
Երկրորդ արատը սնափառությունն է, որը բնորոշ է այն մարդկանց, ովքեր ցանկանում են լինել ուշադրության կենտրոնում, եսասիրաբար շահագործել ուրիշներին, ստանալ համընդհանուր հիացմունքն ու սերը: Սնափառությունն ու նախանձը հաճախ իրար են ուղեկցում և պահանջում բարձր ինքնագնահատական, քանի որ պարծենկոտ մարդիկ չեն կարողանում հասկանալ և կարեկցել ուրիշներին, որովհետև նրանց հարաբերությունների հիմքում մերձավորին անդադար ճնշելու սկզբունքն է գործում: Նման մարդիկ ձգտում են ցուցադրել իրենց անհատականությունը, ձեռքբերումներն ու հաջողությունները. նրանք ուշադրության և գովասանքի հավերժ «մուրացկաններ» են, իսկ եթե նրանց չեն ընդունում և ճանաչում, ապա նրանց համակում է զայրույթն ու դժգոհությունը: Մեջբերելով Եվագրոս Պոնտացու խոսքերը, Նորին Սրբությունն ընդգծում է, որ հոգևոր կյանքում հաջողությունների հասնելուց հետո հեշտությամբ կարելի է ընկնել սնափառության գայթակղության մեջ, բայց «այն գովասանքը, որը սնափառ մարդը հույս ունի ստանալ աշխարհից, շուտով վատ հետևանքներով կշրջվի իր իսկ դեմ. որքա՜ն մարդիկ՝ խաբվելով իրենց մասին կեղծ պատկերացումներից, ընկել են մեղքերի մեջ, որոնց համար հետագայում ամաչել են:
Սնափառությունը հաղթահարելու լավագույն խրատը կարելի է գտնել սուրբ Պողոսի վկայության մեջ: Առաքյալը միշտ համակերպվում էր այն տկարության հետ, որն այդպես էլ չէր կարողանում հաղթահարել: Նա երեք անգամ խնդրել է Տիրոջն իրեն ազատել այդ տանջանքներից, սակայն Հիսուս պատասխանել է նրան. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»: Այդ օրվանից Պողոսն ազատություն է ձեռք բերում: Մեզ համար նույնպես շատ կարևոր է լսել նրա եզարակացությունը և կիրառել այն. «Եվ արդ, լավ էլ է, որ ես պարծենամ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը» (2 Կորնթ. 12,9), խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը