«Համբերությունը լավ բան է, սակայն համառությունն ավելի լավ է»։
Փետրվարի 11-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Վատիկանի բազիլիակայում գլխավորեց կիրակնօրյա Սուրբ Պատարագը և սրբադասեց XVIII դարի արգենտինացի աշխարհական Մարիա Անտոնիա դե Պաս-ի- Ֆիգերոային (Մամա Անտուլային):
Իր քարոզում Նորին Սրբությունը խորհրդածում էր ծիսական ընթերցումների շուրջ, որոնք պատմում էին բորոտության ու մերժվածության մասին, որոնցից Հիսուս ցանկանում է ազատել և բժշկել մարդուն։ Այդ ժամանակներում բորոտները ստիպված էին քաղաքից հեռու ապրել, որովհետև հասարակությունը նրանց վտարում էր՝ նախապաշարմունքների և վարակվելու վախի պատճառով, հիշեցրեց Սրբազան Քահանայապետը: Սակայն Տերը դիմադրում է կարծրատիպերին և երկու արարք անում. դիպչում է բորոտին և բժշկում նրան:
Նորին Սրբությունն ընդգծում է, որ Աստված Հիսուսի մեջ մարդացավ, որպեսզի դիպչի մեր անզորությանը, տկարությանն ու մեղքին: Ընդօրինակելով Քրիստոսին՝ աշակերտները պետք է զգուշանան եսասիրությունից և նախապաշարմունքներից, որոնք հեռացնում ու օտարում են մերձավորներից և պարփակվում են սեփական բարեկեցության մեջ: Սերն ու կարեկցանքն են «հոգու բորոտության» դեղը:
Բժշկվելու համար մարդն ունի Տիրոջ հպման կարիքը. աղոթքի, երկրպագության, խոսքի և խորհուրդների միջոցով մենք թույլ ենք տալիս Հիսուսին գործել մեր մեջ, ազատել մեզ մեղքից և պարփակումից: Քրիստոսի հպման շնորհիվ մեր մեջ վերածնվում է լավագույնը, նորոգվում են սրտերը, սպիանում են անցյալի սխալների վերքերը, առողջանում են հարաբերությունները, և մենք ձեռք ենք բերում սիրելու ունակություն՝ առանց նախապաշարմունքների ու վախի: Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ վերածննդի հրաշքը կարող է ամեն օր տեղի ունենալ, երբ մենք ողորմածության գործեր ենք անում ընտանիքում, աշխատավայրում, հասարակության մեջ և ծառայում ուրիշներին՝ չմտածելով սեփական փառքի մասին: Նման սիրո օրինակ է Մարիա Անտոնիա դե Պաս-ի- Ֆիգերոան. չնայած բոլոր դժվարություններին՝ նա անձնուրաց օգնում էր ուրիշներին, որպեսզի նրանք նույնպես զգային Քրիստոսի հպումը և համոզված էր, որ «համբերությունը լավ բան է, սակայն համառությունն ավելի լավ է»։
«Թո՛ղ նրա օրինակն ու բարեխոսությունը օգնեն մեզ լինել գթառատ և ողորմած», – քարոզի ավարտին ասաց Նորին Սրբությունը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը