• «Արհեստական բանականությունն ու խաղաղությունը». Սրբազան Քահանայապետի Խաղաղության Համաշխարհային Օրվա պատգամը

    «Արհեստական բանականությունը պետք է լինի ծառայություն մարդկային լավագույն ներուժին և բարձրագույն ձգտումներին, այլ ոչ թե մրցակցի նրանց հետ»:


    Հրատարակվեց 2024թ. հունվարի 1-ին նշվող Խաղաղության Համաշխարհային 57-րդ Օրվան նվիրված Քահանայապետական պատգամը, որի բնաբանն է «Արհեստական բանականությունն ու խաղաղությունը»:

     

    Նորին Սրբությունը պատգամը սկսում է խաղաղության մաղթանքով, որն է ուղղված Աստծո Ժողովրդին, ազգերին, պետությունների կառավարիչներին ու կառավարություններին, տարբեր կրոնների ներկայացուցիչներին ու քաղաքացիական ընկերություններին, ինչպես նաև բոլոր մարդկանց:

     

    Ութ կետերից կազմված պատգամը

     

    Պատգամը կազմված է ութ հատվածներից կամ գլուխներից, որոնցից յուրաքանչյուրում քննարկվում է հատուկ թեմա, նկարագրվում է արհեստական բանականությունը և մարդկային ընտանիքի կյանքի վրա նրա ունեցած ազդեցություններն ու հետևանքները։

     

    «Գիտության և արհեստագիտության առաջընթացը՝ որպես խաղաղության ճանապարհ», «Արհեստական բանականության ապագան խոստումների և վտանգների միջև», «Ապագայի արհեստագիտությունը. գործիքներ, որոնք ինքնուրույն են սովորում», «Տեխնոկրատական տիպարի սահմանափակման իմաստը», «Թեժ նյութեր բարոյականության համար», «Սրերը խոփեր պիտի դարձնե՞նք», «Կրթության մարտահրավերները», «Միջազգային իրավունքի զարգացման մարտահրավերները», սրանք են այն թեմաները, որոնց Սրբազան Քահանայապետը անդրադարձել է իր պատգամում։

     

    Արարչի մեզ պարգևած արժանապատվությունը

     

    «Բանականությունը այն արժանապատվության դրսևորումն է, որ մեզ տվել է Արարիչը, Ով մեզ ստեղծեց իր պատկերով և նմանությամբ» (Ծնդ. 1,26) ու մեզ հնարավորություն տվեց արձագանքելու իր սիրուն` ազատության և գիտելիքի միջոցով։ Գիտությունը և արհեստագիտությունը առանձնահատուկ կերպով են դրսևորում մարդկային բանականության այս հիմնարար հարաբերական որակը, քանզի ստեղծագործական ներուժի արտասովոր արդյունք են», գրում է Նորին Սրբությունը պատգամի սկզբում՝ մատնանշելով, որ Վատիկանյան Բ Տիեզերական Ժողովի «Gaudium et spes» հովվական սահմանադրությունը վավերացրել է իրականությունը։

     

    Գիտության և արհեստագիտության առաջընթացը ի նպաստ մարդու բարօրության

     

    «Գիտության և արհեստագիտության առաջընթացը, որը նպաստում է մարդկային հասարակության ավելի լավ կարգին, ազատության և եղբայրական հաղորդակցության աճին, կարող է հանգեցնել մարդու բարելավմանը և աշխարհի բարեփոխմանը», նշում է Նորին Սրբությունը՝ ուրախություն արտահայտելով գիտության ու արհեստագիտության ձեռք բերած նվաճումների համար և մի հարց է տալիս, թե «ի՞նչ հետևանքներ ունի նոր թվային արհեստագիտությունը։ Եվ ի՞նչ ազդեցություն կունենա անհատների և հասարակության կյանքի, միջազգային կայունության և խաղաղության վրա», ապա այս հարցումները մեկնելով՝ անդրադառնում է արհեստական բանականության ընկերության վրա ունեցած ազդեցությունների հարցին, որոնք «արդեն փոխում են հաղորդակցության դիմագիծը, կրթության, սպառողականության դիմագիծը և անձնական հարաբերությունները, ինչպես նաև առօրյա կյանքի տարբեր ոլորտների դիմագիծը»։

     

    Արհեստագիտության տարածմանը պետք է ընկերանա նաև պատշաճ կազմավորում

     

    Արհեստական բանականությունը պետք է հասկանալ, որպես տարբեր իրողությունների համաստեղություն, և մենք չենք կարող նախապես ենթադրել, որ նրա զարգացումը բարերար ներդրում կունենա մարդկության ապագայի և ժողովուրդների միջև խաղաղության գործում։ Այդպիսի դրական արդյունք հնարավոր է միայն այն դեպքում, եթե մենք դրսևորենք գործելու պատասխանատվություն և մարդկային հիմնարար արժեքները հարգելու ունակություն, ինչպիսիք են «ներառումը, թափանցիկությունը, անվտանգությունը, արդարությունը, գաղտնիությունը և հուսալիությունը»:

     

    «Արհեստագիտության տարածմանը պետք է ընկերանա նաև պատշաճ կազմավորում՝ ի նպաստ պատասխանատվության …. իսկ մենք խաղաղության և հասարակաց բարիքի, մարդկային ու հասարակական համապարփակ զարգացման ձգտելու պարտավորություն ունենք», գրում է Նորին Սրբությունը և շեշտում նաև հարկավորությունը, որ թվային առաջդիմությունը կատարվի հարգելով արդարությունը ու զգուշացնի այն առաջդիմությունների և զարգացումների մասին, որոնք չեն բարելավում մարդկային ընտանիքի կյանքի որակը։

     

    «Արհեստական բանականությունը պետք է լինի ծառայություն մարդկային լավագույն ներուժին և բարձրագույն ձգտումներին, այլ ոչ  թե մրցակցի նրանց հետ», հաստատում է Նորին Սրբությունը։

     

    Ալգորիթմները

     

    Ապա Սրբազան Քահանայապետը խոսում է այն առաջադիմությունների մասին, որոնք արձանագրված են նաև հաղորդակցության ոլորտում և զգուշացնում թաքուն վտանգների ու այն իրողության մասին, երբ արհեստական բանակությունը կօգտագործվի ապատեղեկատվություն տարածելու և հասարակական կյանքի վրա ազդող ժխտական հետևանքներ ունենալու նպատակով:

     

    Մեր աշխարհը չափազանց մեծ է, բազմազան և բարդ, որպեսզի այն ամբողջությամբ ճանաչենք ու դասակարգենք: Մարդկային միտքը երբեք չի կարող սպառել իր հարստությունը, նույնիսկ ամենաառաջադեմ ալգորիթմների օգնությամբ:

     

    Ավելին, արհեստական բանականության կողմից վերլուծված տվյալների մեծ քանակությունն ինքնին անկողմնակալության երաշխիք չէ։ Երբ ալգորիթմները հավաքում են տեղեկատվությունը, միշտ վտանգ կա, որ այն կխեղաթյուրվի՝ կրկնելով այն միջավայրի անարդարություններն ու նախապաշարումները, որտեղից նրանք ծագում և սկիզբ են առնում։

     

    Չափավորության իմաստը

     

    Վտանգն այն է, որ որոշ ընտրությունների հիմքում ընկած չափանիշները դառնում են նվազ պարզ, որոշումների կայացման պատասխանատվությունը թաքնված է, և արտադրողները կարող են խուսափել համայնքի բարօրության համար գործելու պարտավորությունից: Եվ այս պարագայում շատ կարևոր է մարդկային և հասարակական զարգացման «չափավորության իմաստը»։ Սեփական սահմանի ճանաչումն ու ընդունումը՝ անփոխարինելի պայման է լիության պարգևը ճիշտ ընկալելու համար:

     

    Նորին Սրբությունը խոսում է այն վտանգի մասին, որն ի հայտ կգա, երբ արհեստական բանականությանը հանձնվեն որոշ որոշումների կայացումը, օրինակ երբ որևէ մեկը պարտք է խնդրում դրամատնից, կամ դիմում է որոշակի աշխատանքի կամ հասարակական օգնության հայց է ներկայացնում …. այստեղ Սրբազան Քահանայապետն ընդգծում է «զանազան մակարդակների վրա միջամտության» պակասը, որը կարող է հանգեցնել նախապաշարմունքի և խտրականության, նաև որոշ ծրագրային սխալներ կկրկնեվեն՝ առաջացնելով միայն անարդարություն։ Այնուհետև Քահանայապետը ակնարկում է այն վտանգների մասին, որոնք կարող են նաև փոխել մարդկանց որոշումները ու մտածումները, եթե արհեստական բանականությունն օգտագործվի սխալ մարդկանց կողմից:

     

    Հարգել մարդ անհատի իրավունքները

     

    «Ալգորիթմները չեն կարող սահմանել մարդկային իրավունքները, հիմնական արժեքները՝ կարեկցությունը, ողորմությունն ու ներումը անտեսելով անհնար է վերացնել կարելիությունը, որպեսզի անձը կարողանա հետևում թողնել իր անցյալը», գրում է Նորին Սրբությունը՝ ընդգծելով մարդ անհատի արժանապատվության հարգանքը:

     

    Վեցերորդ գլխում Քահանայապետը անդրադառնում է պատերազմին ու այդ պատերազմներում արհեստական բանականության օգտագործման հարցին, որը առաջացնում է բարոյական հարցեր։ Արհեստական բանականությունը չի կարող լինել բարոյական պատասխանատվության կրող և, հետևաբար, հրամայական է, որ այդ գործիքներին սահմանվի մարդկային հսկողություն, քանզի մարդն ունի ոչ միայն բանականություն, այլ նաև սիրտ ու խղճմտանք։

     

    Արհեստական բանակությունը օգտագործել խթանելու մարդկային համապարփակ զարգացումը

     

    «Մենք նոր արհեստագիտության կարիք չունենք՝ պատերազմի անմտությունը զարգացնելու ու խթանելու համար», գրում է Սրբազան Պապը և կոչ անում այդ արհեստական բանակությունը օգտագործել՝ մարդկային համապարփակ զարգացումը խթանելու համար, որպեսզի նորամուծություններ առաջանան հողագործության, դաստիարակության, մշակույթի ոլորտներում և մարդկանց ու ազգերի կյանքի մակարդակը բարձրանա՝ նպաստելով մարդկային եղբայրության ու հասարակական բարեկամության աճին:

     

    «Ի վերջո, այն տարբերակը, որը մենք կիրառում ենք ամենախոցելի ու կարիքավոր եղբայրներին և քույրերին ներառելու համար, մեր մարդկայնությունը բացահայտող չափանիշն է», ասում է Նորին Սրբությունն ու ներկայացնում այս ուղղութամբ կրթության առջև ծառացած մարտահրավերները։

     

    «Արհեստական բանականության ձևերի կիրառմանն ի սպաս՝ կրթությունը պետք է նախ և առաջ դաստիարակի քննադատական մտածողություն, հատկապես երիտասարդների համար, դպրոցներում, համալսարաններում և գիտական ընկերություններում», գրված է պատգամի մեջ ։

     

    Միջազգային իրավունքի զարգացման մարտահրավերները

     

    Վերջին գլուխը նվիրված է միջազգային իրավունքի զարգացման մարտահրավերներին, և այստեղ Սրբազան Քահանայապետը կարևորում է պետությունների պատասխանատվությունը, որպեսզի  կարգավորեն արհեստական բանականության օգտագործումը, կոչ է ուղղում նաև ՄԱԿ-ին՝ այդ ուղղությամբ միասնաբար աշխատելու համար, քանի որ արհեստական բանականության գործածությունը պիտի կանոնավորվի և դրվի բարոյական ու մարդկային արժանապատվությունն ու իրավունքները հարգող հիմքերի վրա։

     

    Նորին Սրբության քաջալերանքն ու աղոթքը

     

    Սրբազան Քահանայապետը պատգամի ավարտին մաղթում է, որ այս խորհրդածությունը քաջալերանք լինի, որպեսզի արհեստական բանականության ձևերի զարգացման առաջընթացը ծառայի մարդկային եղբայրության և խաղաղության գործին: Դա համայն մարդկային ընտանիքի պատասխանատվությունն է։ Արդարև, խաղաղությունը փոխհարաբերությունների պտուղն է, որոնք ճանաչում և ընկալում են ուրիշներին՝ իրենց անօտարելի արժանապատվության մեջ, ինչպես նաև համագործակցության և հանձնառության մեջ, որի  նպատակն է բոլոր մարդկանց ու ժողովուրդների ամբողջական զարգացումը:

     

    Նոր տարվա սկզբին աղոթում եմ, որ արհեստական բանականության ձևերի արագ զարգացումը չնպաստի անհավասարության և անարդարության աճին, այլ սատարի, որպեսզի վերջ դրվեն պատերազմներին ու հակամարտություններին, և սփոփի ծանր ցավերը, որոնք տանջանք ու տառապանք են պատճառում մարդկային ընտանիքին:

     

    Թո՛ղ քրիստոնյաները, տարբեր կրոնների հավատացյալներն ու բարի կամքի տեր մարդիկ՝ միասին և ներդաշնակորեն, օգտվեն հնարավորություններից ու հաղթահարեն թվային հեղափոխության մարտահրավերները և ապագա սերունդներին փոխանցեն ավելի միասնական, արդար և խաղաղ աշխարհ:

     

    Վատիկան Նյուզ, Հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց