• Ավետարանը կենդանի է՝ «այստեղ և հիմա»:

    Առաքելական եռանդը երբեք ձեռք բերված ոճի պարզ կրկնություն չէ, այլ վկայություն, որ Ավետարանը կենդանի է մեզ համար՝ «այստեղ և հիմա»:


    Նոյեմբերի 29-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը առաքելական եռանդի վերաբերյալ և խոսեց քրիստոնեական քարոզչության հերթական հայեցակետերի մասին: Պողոս VI սրահում Նորին Սրբությունը ներողություն խնդրեց իր «ոչ գեղեցիկ» ձայնի համար և խնդրեց մոնսենյոր Ֆիլիպպո Չամպանելլիին՝ Պետքարտուղարության պաշտոնյային, կարդալ պատրաստված տեքստը։

     

    Ավետիսը միշտ պետք է լինի ուրախալի և ուղղված բոլորին. սա անցած չորեքշաբթի ունկնդրության ժամանակ ասել էր Սրբազան Քահանայապետը: «Այսօր մենք կքննարկենք նրա երրորդ հայեցակետը, որը միշտ արդիական է և կան անհանգստության պատճառներ», հատկապես հիմա՝ պատերազմների եռուն շրջանում, կլիմայի փոփոխության, համընդհանուր անարդարության, միգրացիոն հոսքերի, ընտանեկան և հույսի ճգնաժամերի պայմաններում, ընդգծեց Նորին Սրբությունը: Այսօր անձնական բարեկեցությունը վեր է դասվում ամեն ինչից, իսկ տեխնոլոգիական և անհատական ​​առաջընթացի մշակույթը հանգեցնում է անսահման ազատության հաստատմանը, որն անտարբեր է հետ մնացածների նկատմամբ:

     

    Ըստ Սրբազան Քահանայապետի, մենք պատմության մեջ առաջին քաղաքակրթությունն ենք, որն առանց Աստծո հասարակություն ստեղծելու համաշխարհային փորձ է արել: Օրինակ Բաբելոնի տխրահռչակ աշտարակի պատմությունը, երբ մարդկությունը տարվել էր մեկ լեզվի՝ «միօրինակության» գաղափարով։ Ըստ էության, դա սոցիալական նախագիծ էր, որտեղ «անհատականությունը զոհաբերվելու էր հանուն հավաքական արդյունավետության», սակայն Աստված խառնեց լեզուները: Այսօր ևս համախմբվածության հիմքում ոչ թե եղբայրությունը և խաղաղությունն է, այլ փառասիրությունը, ազգայնականությունը, տեխնիկական-տնտեսական կառոյցները, որոնք համոզում են, որ Աստված անկարևոր է և անօգուտ. «Հենց այս գայթակղությունն է ժամանակակից մշակույթի բոլոր մեծ մարտահրավերների հիմքում»:

     

    Նորին Սրբությունը հիշեցնում է, որ առաքելական Evangelii gaudium հորդորում նա ավետարանացման կոչ է անում, որպեսզի «լույս սփռվի Աստծո, ուրիշների և շրջակա միջավայրի հետ հաղորդակցվելու նոր ուղիների վրա» (74): Առաքելական եռանդը երբեք ձեռք բերված ոճի պարզ կրկնություն չէ, այլ վկայություն, որ Ավետարանը կենդանի է մեզ համար՝ «այստեղ և հիմա»: Ավետարանել ժամանակակից դարաշրջանում և նրա մշակույթում նշանակում է ոչ թե հեռվից կամ վերևից դատել նրանց, այլ մուտք գործել կոնկրետ տարածքներ, որտեղ մարդիկ ապրում են:

     

    Սրբազան Քահանայապետը կոչ է անում քրիստոնյաներին քայլել դեպի խաչմերուկները և չվախենալ առճակատումից ու քննադատությունից։ Անհրաժեշտ է վերափոխել ոչ միայն ներկայիս աշխարհը, այլ նաև հովվական ծառայությունը, որպեսզի այն ավելի լավ մարմնավորի Ավետարանը մեր ժամանակակիցների համար:

     

    «Եկե՛ք առաջնորդվենք Հիսուսի ցանկությամբ. օգնե՛նք մեր ընկերներին, որ չկորցնեն իրենց ձգտումը դեպի Աստված, որպեսզի նրանք բացեն իրենց սրտերը Նրա առջև ու գտնեն Միակին, Ով այսօր և միշտ մարդուն պարգևում է խաղաղություն և ուրախություն»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց