«Արդյո՞ք մենք Թագավորի ընկերներն ենք և անձամբ օգնո՞ւմ ենք տառապող ու կարիքավոր մարդկանց, որոնց հանդիպում ենք մեր ճանապարհին»:
Նոյեմբերի 26-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը առողջական խնդիրների պատճառով՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդաց ոչ թե Առաքելական պալատի պատուհանից, այլ Սանտա Մարթա մատուռից, որտեղ նա ապրում է:
Սուրբ Պետրոսի հրապարակ ժամանած ուխտավորները աղոթքին մասնակցեցին Վատիկանի լրատվամիջոցների կողմից կազմակերպված ուղիղ եթերի շնորհիվ։ Խորհրդածության տեքստը Նորին Սրբության անունից կարդաց մոնսենյոր Բրաիդան, ով Պետքարտուղարության աշխատող է և «Հրեշտակ Տեառն» աղոթքի անցկացման պատասխանատուն:
Ծիսական տարվա վերջին կիրակի օրը, որը համընկնում է Տիեզերքի Թագավոր Հիսուս Քրիստոսի տոնի հետ, հիշեցնում է Սրբազան Քահանայապետն իր խորհրդածությունում, խոսվում է Վերջին Դատաստանի մասին (Մտթ. 25, 31-46) և, որ այդ դատարանը վճիռ կայացնելիս նկատի կունենա, թե որքան ենք մենք ողորմած եղել Աստծո արարածների հանդեպ մեր կյանքում:
Մարդու Որդի Հիսուսը նստում է Իր փառքի գահի վրա, իսկ Նրա առաջ հավաքված են աշխարհի բոլոր ազգերը, որոնց մեջ հատկապես առանձնանում են «օրհնվածները»՝ Թագավորի ընկերները, այսինքն՝ նրանք, ովքեր կերակրել են քաղցածներին, հոգ են տարել հիվանդների ու կարիքավրների մասին, այցելել են բանտարկյալներին, պարզաբանում է Նորին Սրբությունը: Սա կտրուկ հակադրվում է աշխարհի չափանիշներին, որտեղ գնահատվում են միայն նրանք, ովքեր օգնում են իշխանավորներին գրավել օտար տարածքներ, կրկնապատկել հարստությունը, հզորացնել իշխանությունը, որպեսզի նրանց նախանձեն ու վախենան։
Սակայն Հիսուս Իրեն ընկեր է անվանում նրանց, ովքեր ծառայել էին կարիքավորներին, տկարներին ու անօգնականներին.
«Որովհետև Մարդու Որդին լրիվ այլ Թագավոր է, Նա աղքատներին անվանում է «եղբայրներ», Իրեն նույնացնում է քաղցածների, ծարավների, լքյալների, հիվանդների, բանտարկյալների հետ և ասում. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ Ի՛նձ համար արեցիք»: Այս Թագավորը խորապես զգում է քաղցածների, տնանկների, հիվանդների ու բանտարկյալների խնդիրները (տես՝ Մտթ. 25,35-36) և ցավոք, ներկայացված իրողությունը միշտ արդիական է: Մեր փողոցները լի են քաղցած, անօթևան, ցնցոտիներ հագած մարդկանցով. մենք նրանց հանդիպում ենք ամեն օր»:
Ավետարանը մեզ ասում է, որ «օրհնված» են նրանք, ովքեր ողորմած են, որովհետև ծառայում են մեր օգնության ու ընկերակցության կարիքն ունեցող մարդանց, չեն անտեսում ու երես չեն թեքում նրանցից, այլ նրանց ուտելիք, ջուր, հագուստ, ապաստան են տալիս և կիսում նրանց դժվարություններն ու հոգսերը: Նրանք Թագավորի ընկերներն են, քանի որ հետևում են Նրա օրինակին՝ ցուցաբերելով կարեկցանք, ողորմածություն, քնքշություն:
«Սա Իրեն Մարդու Որդի անվանող՝ մեր Թագավոր Հիսուս Քրիստոսի ոճն է, Ով գտնում է Իր սիրելի քույրերին ու եղբայրներին ամենախոցելի կանանց և տղամարդկանց մեջ: Նրա «թագավորական արքունիքը» կանգ է առնում այնտեղ, որտեղ կան տառապյալներ և կարիքավորներ»։
Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ է անում, որպեսզի յուրաքանչյուրը մտորի իր սեփական կյանքի մասին. մենք հավատո՞ւմ ենք, որ իսկական թագավորությունը ողորմածության մեջ է: Հավատո՞ւմ ենք սիրո զորությանը և այն բանին, որ ողորմածությունը անհրաժեշտ է հավատացյալներին: Արդյո՞ք մենք Թագավորի ընկերներն ենք և անձամբ օգնո՞ւմ ենք տառապող ու կարիքավոր մարդկանց, որոնց հանդիպում ենք մեր ճանապարհին:
«Թող Սուրբ Կույս Մարիամը՝ երկնքի և երկրի Թագուհին, օգնի մեզ սիրել Հիսուսին՝ Նրա ամենափոքր եղբայրների մեջ»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը