«Արդյո՞ք հիշում ենք, թե ինչպե՞ս ենք ստացել Սուրբ Հոգու պարգևը, որը մեզ սրբության կոչ է անում և օգնում հասնել դրան»:
Ամենյան Սրբոց տոնին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց սրբության մասին, որն Աստծո պարգև ու ճանապարհ է, որը պիտի անցնի ամեն ոք, եթե ցանկանում է դրան հասնել:
Սրբությունն ամենից առաջ Աստծո պարգևն է, ընդգծեց Նորին Սրբությունը՝ հիշեցնելով, որ այն մենք ստանում ենք Սուրբ Մկրտության ժամանակ. «Եթե մենք թույլ տանք և ամեն ինչ անենք այդ պարգևի աճի համար, ապա այն կարող է ամբողջությամբ փոխել մեր կյանքը»: Սրբերն ամենևին էլ ինչ-որ անհասանելի հերոսներ չեն, որոնց անհնար է ընդօրինակել. նրանք մեր նման սովորական մարդիկ են և նրանց ելման կետը նույնպես եղել է Մկրտությունը, շարունակեց Սրբազան Քահանայապետը.
«Շատ հնարավոր է, որ մենք նույնիսկ հանդիպած լինենք այդ արդար մարդկանցից մեկի հետ, ովքեր լրջորեն, պարզ և անկեղծ ապրում են քրիստոնեական կյանքով, ում ես սիրում եմ անվանել «հարևանությամբ ապրող սրբեր»: Սրբությունը պարգև է բոլորին՝ իրենց կյանքը երջանիկ ապրելու համար»:
Նվեր ստանալիս՝ մենք մեզ երջանիկ ենք զգում, քանի որ դա նշանակում է, որ ինչ-որ մեկը մեզ սիրում է, մենք երջանիկ ենք, որովհետև Աստված մեզ սիրում է, ընդգծեց Նորին Սրբությունը: Սակայն այդ պարգևը պետք է ընդունել և այն անկնկալում է որոշակի պատասխան մեզանից: Ի երախտագիտություն այդ պարգևի՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այն զուր չվատնենք, շարունակեց Նորին Սրբությունը.
«Բոլոր մկրտվածները ստացել են նույն կոչը. «իրենց կյանքում պահպանել և կատարելագործել այն սրբացումը, որը նրանք ընդունել են» (Lumen gentium 40): Դրա համար էլ մենք ասում ենք, որ սրբությունը նաև ճանապարհ է, որը պետք է քայլել ու անցնել միասին՝ օգնելով միմյանց, միավորվելով այն հրաշալի ուղեկիցների հետ, ովքեր սրբեր են»։
Նրանք մեր ավագ եղբայրներն ու քույրերն են, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. «Մենք միշտ կարող ենք նրանց վրա հույս դնել, որովհետև նրանք աջակցում են մեզ և եթե մենք մոլորվենք ու շեղվենք ճանապարհից, ապա իրենց լուռ ներկայությամբ չեն դադարի ուղղել մեր սխալը: Նրանք անկեղծ ընկերներ են, որոնց մենք կարող ենք վստահել, քանի որ նրանք մեզ բարին են ցանկանում»։ Մենք սրբերի կյանքի մեջ գտնում ենք օրինակներ, նրանց աղոթքները օգնում են մեզ, իսկ նրանց հետ շփումը մեզ իրար է կապում եղբայրական սիրով:
Այսպիսով, սրբությունը պարգև ու ճանապարհ է, ամփոփեց Նորին Սրբությունը.
«Հետևաբար, մեզանից յուրաքանչյուրը կարող է հարցնել ինքն իրեն. արդյո՞ք հիշում ենք, թե ինչպե՞ս ենք ստացել Սուրբ Հոգու պարգևը, որը մեզ սրբության կոչ է անում և օգնում հասնել դրան: Արդյո՞ք երախտապարտ ենք Նրան սրբության այդ պարգևի համար: Արդյո՞ք զգում ենք սրբերի ներկայությունը մեր կողքին, դիմո՞ւմ նրանց, զրուցո՞ւմ նրանց հետ։ Արդյո՞ք գիտենք նրանց մի քանիսի պատմությունը: Մեզ համար օգտակար է իմանալ սրբերի կյանքն ու վարքը, առաջնորդվել նրանց օրինակներով»։
«Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը՝ բոլոր սրբերի Թագուհին, օգնի մեզ զգալու ստացած պարգևի ուրախությունը և զորացնի մեր մեջ հավիտենական նպատակի իղձը», – խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը