• Մենք բոլորս մեղավորներ ենք, սակայն եկե՛ք չլինենք կեղծավորներ

    «Արդյո՞ք մենք պատրաստ ենք ապաշխարել, ընդունել մեր սխալը և ուղղել այն»։


    «Հրեշտակ Տեառն» աղոթքն արտասանելուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց օրվա ավետարանական ընթերցման շուրջ, որը վերցված էր Մատթեոսի Ավետարանից, որում պատմվում է երկու որդիների մասին, որոնց հայրը խնդրում է գնալ և աշխատել այգում (Մտթ. 21, 28-32): Նրանցից մեկը անմիջապես պատասխանում է «այո» սակայն չի գնում: Իսկ մյուսը, ընդհակառակը, պատասխանում է «ոչ», սակայն զղջում և գնում է:

     

    Երկու որդիներն էլ մեղավոր են իրենց հոր առաջ, սակայն նրանցից մեկը կեղծավորաբար ստում է, իսկ մյուսը մնում է անկեղծ, ընդգծեց Նորին Սրբությունը.

     

    «Եկե՛ք, նախ, խոսենք այն որդու մասին, ով ասում է «այո», սակայն հետո չի գնում։ Նա չի ցանկանում կատարել իր հոր կամքը, սակայն չի ուզում նաև վիճել նրա հետ և խոսել այդ մասին: Դրա համար էլ նա կեղծ համաձայնում է և պատասխանում «այո»՝ թաքցնելով իր ծուլությունը և առժամանակ պահպանելով դեմքը։ Նա կեղծում է: Նա խուսափում է տարաձայնությունից, սակայն միևնույն ժամանակ ստում և հիասթափեցնում է հորը՝ անարգելով նրան: Նման վարքագիծ դրսևորողների խնդիրն այն է, որ նրանք ոչ միայն մեղավորներ են, այլև արատավոր մարդիկ, քանի որ նրանք ստում են՝ չփորձելով նույնիսկ թաքցնել ու քողարկել իրենց անհնազանդությունը, չցանկանալով անկեղծորեն արտահայտել իրենց կարծիքը»:

     

    Իսկ մյուս որդին, ով ասում է «ոչ», սակայն հետո գնում է, նա անկեղծ է, շարունակեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Նա կատարյալ չէ, սակայն անկեղծ է: Իհարկե, ցանկալի կլիներ, որ նրա անմիջապես «այո» պատասխաներ: Դա տեղի չունեցավ, բայց, համենայն դեպս, նա հստակ և որոշոկի առումով խիզախորեն ցույց տվեց իր անհնազանդությունը: Այսինքն՝ նա ցույց տվեց, որ պատասխանատու է իր վարքի համար և գործում է բացահայտ»:

     

    Լինելով անկեղծ՝ նա սկսում է կասկածել, թե արդյոք ճիշտ է վարվում և հասկանում, որ սխալ է թույլ տվել և ուղղում այն։ «Կարելի է ասել, որ նա մեղավոր է, սակայն վատաբարո մարդ չէ։ Մեղավորի համար միշտ փրկագնման հույս կա, իսկ այ ապականված մարդու համար ամեն ինչ շատ ավելի բարդ է», – ընդգծեց Նորին Սրբությունը.

     

    «Ըստ էության, կեղծ «այո»-ն և անառակ մարդու նրբագեղ, սակայն կեղծավոր բարքերն ու ձևականությունները նման են հաստ «ռետինե պատի», որի հետևում կարելի է թաքնվել խղճի խայթից: Բայց չէ որ այդ կեղծավորներն այնքան չարիք են գործում։ Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք բոլորս մեղավորներ ենք, սակայն եկե՛ք չլինենք կեղծավորներ ու անառակներ»:

     

    «Եկե՛ք ինքներս մեզ կողքից նայենք ու մի քանի հարցերի պատասխանենք», – ասաց Սրբազան Քահանայապետը. արդյո՞ք մենք պատրաստ ենք մնալ ազնիվ ու անկեղծ, հնազանդվել Հոր կամքին և ամեն օր ասել «այո», նույնիսկ եթե դա թանկ կարժենա մեզ համար: Որքա՞ն ենք մենք անկեղծ Աստծո առաջ, երբ անհաջողություն ենք ունենում, սխալ ենք թույլ տալիս կամ թուլություն ցուցաբերում: Արդյո՞ք մենք պատրաստ ենք ապաշխարել, ընդունել մեր սխալը և ուղղել այն։ Թե՞ մենք նախընտրում ենք ձևացնել, որ ամեն ինչ կարգին է, և մեր կյանքն ապրում ենք անընդհատ դիմակներ կրելով՝ մտահոգվելով միայն արդար ու անկեղծ երևալու մասին:

     

    «Սուրբ Կույս Մարիամ, սրբության հայելի, օգնի՛ր մեզ լինել անկեղծ քրիստոնյաներ»,- խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց