«Արդյո՞ք մենք հավատում ենք, որ Աստված գործում է մեր կյանքում»:
«Միջերկրածովյան հանդիպումների» շրջանակում Մարսել կատարած իր այցելության երկրորդ օրը Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Orange Vélodrome մարզադաշտում մատուցեց պատարագ՝ ի պատիվ Տիրամայր Պահապանի: Քարոզի ընթացքում Նորին Սրբությունը մեկնաբանեց օրվա ավետարանական ընթերցումը՝ հատվածներ Սամուելի Երկրորդ գրքից կամ Թագավորությունների Երկրորդ գրքից (6:1-15) և Ղուկասի Ավետարանի առաջին գլխից (1,39-45):
Առաջին հատվածում պատմվում է, թե ինչպես է Դավիթ թագավորը որոշում Ուխտի Տապանակը տեղափոխել Երուսաղեմ: Թագավորը ուղեկցում էր տապանակը և ժողովրդի հետ միասին պարում նրա առաջ՝ ցնծալով Տիրոջ ներկայության բերկրանքից:
Այս տեսարանի ներքո Ղուկաս Ավետարանիչը ներկայացնում է Մարիամի այցելությունն իր ազգական Եղիսաբեթին. Մարիամը նույնպես ուղևորվեց Երուսաղեմ, և երբ Նա մտավ Եղիսաբեթի տունը, այդ ժամանակ մանուկը ազգականի որովայնում՝ իմանալով Մեսիայի գալստյան մասին, ուրախությունից խաղաց և սկսեց պարել այնպես, ինչպես Դավիթը տապանակի առաջ (տես՝ Ղկ. 1,39-45): Այսպիսով, Մարիամը պատկերվում է որպես ճշմարիտ Ուխտի Տապանակ, Ով աշխարհին է ներկայացնում մարմնավորված Տիրոջը, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը. երիտասարդ Կույս Մարիամը գնում է հանդիպելու ամուլ ծեր ազգականին և, բերելով Հիսուսին, դառնում Աստծո այցելության նշանը:
«Այս երկու կանանց՝ Մարիամի և Եղիսաբեթի միջոցով, Աստված այցելում է մարդկությանը. մեկը երիտասարդ է, մյուսը՝ ծեր, մեկը կույս է, մյուսը՝ ամուլ, սակայն երկուսն էլ հղի են «անհնարին» ձևով։ Հենց սա է Աստծո արարքը մեր կյանքում, քանզի Նա հնարավոր է դարձնում նույնիսկ անհնարինը, Նա կյանք է ծնում նույնիսկ ամլության մեջ»:
Եկե՛ք անկեղծորեն հարցնենք ինքներս մեզ, թե արդյո՞ք մենք հավատում ենք, որ Աստված գործում է մեր կյանքում: Արդյո՞ք հավատում ենք, որ Տերը թաքուն և անկանխատեսելի ձևով ներգործում է պատմության մեջ և հրաշքներ գործում: Նրանք, ովքեր հավատում են, ովքեր աղոթում են, ովքեր ընդունում են Տիրոջը, ցնծում են Հոգու մեջ, «պարում» են ուրախությունից:
Հավատքի փորձառությունն ամենից առաջ բերկրանք է ծնում կյանքի առջև, շարունակեց Նորին Սրբությունը.
«Խայտալ նշանակում է ապրել ներքին հուզմունք, զգալ, որ ինչ-որ բան շարժվում է սրտում: Սա սառը, անտարբեր, հանգիստ կյանքին հարմարված սրտի հակապատկերն է, որն անտարբերության զրահով պարսպապատվում է ամեն ինչից ու դառնում անթափանց, դառն, անզգա ամեն ինչի ու ամենքի հանդեպ: Այն նույնքան անզգա էլ դառնում է մարդկային կյանքի ողբերգությունների, գաղթականների, չծնված երեխաների և լքված տարեցների նկատմամբ»։
Եկե՛ք միշտ այդ մասին հիշենք Եկեղեցում նույնպես. Աստված հարաբերություն է, և Նա հաճախ է մեզ այցելում մարդկանց հետ հանդիպումների միջոցով, երբ մենք սրտաբաց ենք ուրիշների հանդեպ, երբ անտարբեր ու անզգա չենք մնում ամենախոցելիների վերքերի նկատմամբ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.
«Մեր մեգապոլիսները և եվրոպական շատ երկրներ, ինչպիսին է Ֆրանսիան, որտեղ գոյակցում են տարբեր մշակույթներ և կրոններ, այս առումով մեծ մարտահրավեր են անհատապաշտության, եսասիրության և մեկուսացման դեմ, որոնք առաջացնում են միայնություն և տառապանք: Եկե՛ք Հիսուսից սովորենք անհանգստանալ մեր կողքին ապրող մարդկանց համար, սովորենք Նրանից, Ով գթաց հոգնած ու հյուծված ամբոխին (Մկ. 6,34): Ինչպես ասում է ձեր մեծագույն սրբերից մեկը՝ Վիկենտ դե Պոլը. «Մենք պիտի փորձենք փափկացնել մեր սրտերը, զգայուն դարձնենք մեր մերձավորների ցավի ու տառապանքի նկատմամբ և աղոթենք Աստծուն, որ մեզ տա ողորմածության իսկական ոգին, որը հենց Իր հոգին է»»:
Նորին Սրբությունն ասաց, որ Ֆրանսիայի պատմությունը հարուստ է սրբությամբ, մշակույթով, բազմաթիվ սերունդների ոգեշնչած արվեստագետներով ու մտածողներով, ապա հավելեց, որ այսօր մեր, Եկեղեցու, Ֆրանսիայի և Եվրոպայի կյանքը նույնպես հավատքի, գթության և հույսի շնորհի նոր ոստման կարիքն ունի:
Եկե՛ք մեր հայացքն ուղղենք դեպի Մարիամը և Նրա օրինակին հետևելով՝ դառնանք այնպիսի քրիստոնյաներ, ովքեր Աստծուն դիմավորում են աղոթքով, իսկ եղբայրներին ու քույրերին՝ սիրով:
Սրբազան Քահանայապետը քարոզն ավարտեց Տիրամորը նվիրված «Notre Dame de la Garde» աղոթքով։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը