• Քաղաքակրթության բնօրրանը չդարձնել արժանապատվության գերեզման

    «Եկե՛ք հիշենք, որ զենքով լինում է պատերազմ, այլ ոչ թե խաղաղություն, որ իշխանության ագահությունը վերադառնում է անցյալ և չի կերտում ապագան»։


    Ծով, նավահանգիստ և փարոս. Մարսելի այս երեք հիմնական «տեսարժան վայրերի» շուրջ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կառուցեց իր ելույթը «Միջերկրածովյան հանդիպումների» վերջին նիստում՝ «Փարոսի պալատում»:

     

    Շնորհակալություն հայտնելով հանդիպման մասնակիցներին կարդինալ Ավելայնի հրավերն ընդունելու համար՝ Նորին Սրբությունը խոսեց Մարսել քաղաքի պատմության մասին, որը հիմնադրվել է Փոքր Ասիայից ժամանած հույն նավաստիների կողմից։ Կա մի առասպել օտար նավաստիներից մեկի և տեղի արքայադստեր սիրո պատմության մասին: Իր ակունքներից սկսած Մարսելը ցույց է տալիս իր «տարասեռ և աշխարհաքաղաքացիական» բնավորությունը. այն հարստություն է ստանում ծովից և հայրենիք պարգևում նրանց, ովքեր այլևս հայրենիք չունեն: «Մարսելն ասում է մեզ, որ չնայած դժվարություններին, համատեղ կյանքը հնարավոր է և այն բերկրանքի աղբյուր է», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը՝ Մարսելն անվանելով «Միջերկրական ծովի ժպիտ». աշխարհագրական քարտեզի վրա այն իսկապես ժպիտ է հիշեցնում։

     

    Մարսել քաղաքի գլխավոր «տեսարժան վայրը» ծովն է: Հենց ծովն է այս քաղաքը դարձրել այսքան բազմազգ և բազմամշակութային, որովհետև քաղաքում կան ավելի քան 60 հյուպատոսական գրասենյակներ: Այսօր մենք հաճախ ենք լսում, որ միջերկրածովյան պատմությունը քաղաքակրթությունների, կրոնների և աշխարհայացքների միջև հակամարտությունների միահյուսում է: Իհարկե, չպետք է անտեսել խնդիրները, սակայն «խաբվելու կարիք էլ չկա», որովհետև ժողովուրդների փոխանակումը Միջերկրական ծովը վերածել է «քաղաքակրթության բնօրրանի»։ Mare nostrum-ն աբրահամյան կրոնների, հունական, լատինական և արաբական մտքի, գիտության, փիլիսոփայության և իրավունքի ու շատ այլ իրողությունների միջև հանդիպման տարածությունն է: Հայտնի իտալացի քաղաքական գործիչ և ճգնավոր Ջորջո Լա Պիրան Միջերկրական ծովն անվանել է «ընդլայնված Գալիլեայի ծով»: Տիրոջ հռչակած երանիներն այստեղ հրավեր են դառնում սրտի սահմաններն ընդլայնելու՝ հաղթահարելով էթնիկ և մշակութային արգելքները:

     

    Միջերկրական ծովի կոչումն է լինել «խաղաղության արհեստանոց», ընդգծեց Նորին Սրբությունը.

     

    «Եկե՛ք հիշենք, որ զենքով լինում է պատերազմ, այլ ոչ թե խաղաղություն, որ իշխանության ագահությունը վերադառնում է անցյալ և չի կերտում ապագան»։

     

    Խոսելով Միջերկրածովյան սոցիալական խնդիրներից՝ Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ  խոսքը ոչ այնքան «խնդիրների աճի» մասին է, որքան «հոգատարության մակարդակի անկման»։ Նորին Սրբությունը որպես օրինակ բերեց տարեցների միայնությունը, որոնց գնահատելու և արժևորելու փոխարեն քննարկում են «բարի մահվան» հեռանկարը՝ կեղծավորությամբ այն անվանելով արժանի, այնուհետև նա խոսեց չծնված երեխաների մասին, որոնք «մերժվում են առաջընթացի կեղծ իրավունքի անվան տակ, սակայն, ընդհակառակը, դա անհատի կարիքների հետընթաց է»։ Խնամքի ու հոգատարության կարիք ունեն գաղթականներ և շատ քրիստոնյաներ, որոնք հաճախ ստիպված են ապրել սեփական հողում՝ առանց լիիրավ քաղաքացիության: Այս ամենը mare nostrum-ը վերածում է mare mortuum-ի, այսինքն՝ քաղաքակրթության բնօրրանը վերածում է արժանապատվության գերեզմանի, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Մարսելի նավահանգիստը բաց դարպաս է դեպի ծով, շարունակեց Նորին Սրբությունը: Նավահանգիստը դուռ է և այն չի կարող փակվել, ինչպես, ցավոք սրտի, արեցին մի շարք միջերկրածովյան նավահանգիստներ, որտեղ բնակիչներին վախեցնում են հետևյալ երկու բառերը. «ներխուժում» և «ճգնաժամ»: «Սակայն նրանք, ովքեր իրենց կյանքը վտանգում են ծովում, ոչ թե ներխուժում են, այլ փնտրում են հյուրընկալություն», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը՝ կոչ անելով «եվրոպական պատասխանատվության»՝ «քաղաքակրթության նավաբեկությունը» կանխելու համար:

     

    Մարսելի նավահանգիստը նաև «հույսի դարպասներ են», հիշեցրեց Նորին Սրբությունը: Ավանդության համաձայն՝ այս հող են եկել սբ. Մարթան, սբ. Մարիամն ու սբ. Ղազարոսը և սերմանել Ավետարանը: Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ քրիստոնյաները կոչված են «ոչ թե Ավետարանը բառերով ասեղնագործելու, այլ այն մարմնավորելու»՝ անձնուրաց կրելով միմյանց բեռը։

     

    Մարսելի երրորդ «տեսարժան վայրը» փարոսն է, որը լուսավորում է ծովը և թույլ է տալիս տեսնել նավահանգիստը։ Խոսելով «լույսի ճանապարհների» մասին, որոնք կարող են առաջնորդել Եկեղեցու ուղին Միջերկրական ծովում, Նորին Սրբությունն ընդգծեց տարածաշրջանի եպիսկոպոսների համաժողովի ստեղծման կարևորությունը՝ հաղորդակցության հետագա զարգացման և Միջերկրական ծովում եկեղեցական ավելի նշանակալի ներկայացուցչության համար: Բացի այդ, փարոսը մտածել է տալիս երիտասարդների մասին, քանզի հենց նրանք են ապագա ճանապարհը մատնանշող լույսը: Մարսելը խոշոր համալսարանական քաղաք է, և այն երիտասարդները, ովքեր ստացել են լավ կրթություն և «իրար եղբայրաբար սիրելու պատգամն ու հորդորը», կկարողանան բացել երկխոսության ամենաանհավանական ուղիները, ընդգծեց Սրբազան Քահանայապետը՝ հավելելով, որ տարածաշրջանի Եկեղեցին «միջերկրածովյան աստվածաբանություն» մշակելու խնդիր ունի, որը «կկարողանա միավորել սերունդներն ու խթանել քրիստոնյաների միջև համամիությունն ու տարբեր կրոնների միջև երկխոսությունը»:

     

     

    Իր ելույթի ավարտին Նորին Սրբությունը «Միջերկրածովյան հանդիպումների» մասնակիցներին մաղթեց լինել «բարության ծով», «հյուրընկալ նավահանգիստ» և «խաղաղության փարոս»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց