• Սրբազան Պապը կոչ է արել միջազգային հանրութեանը անհապաղ միջոցներ ձեռնարկել:

    Սրբազան Պապը կոչ է արել միջազգային հանրութեանը անհապաղ միջոցներ ձեռնարկել:


    20 ապրիլի, 2015թ.

     

    2015թ. ապրիլի 18-ին Միջերկրական ծովի ջրերում խորտակուեց եւս մէկ նաւ, որը գաղթականներ էր տեղափոխում Լիբիայից դէպի Իտակիա եւ այլ եվրոպական երկրներ: Նաւի վրայ, ըստ փրկուածներից մէկի տեղեկութեան, եղել է մօտ 700 ուղեւոր: Առայժմ փրկուած են միայն 28-ը, եւ գտնուած՝ 24 դիակ, ըստ The Guardian-ի տուեալների (տե՛ս նաեւ կադրեր՝ փրկուածներից): Իտալիայի փրկարարները փորձում են գտնել նաեւ միւսներին՝ այն հոյսով, որ ջուրը շատ սառը չէ, եւ կարող են փրկուածներ դեռեւս լինել: Սա այդ ջրերում պատահած ամէնամեծ ողբերգութիւններից էր, որ վերջին տարիներին նոյն վայրերում բաժին են ընկել Եվրոպայում աւելի լաւ կեանք գտնելու յոյսով աֆրիկեան տարբեր երկրների՝ Լիբիայից, Եգիպտոսից, Էրիտրեայից, ինչպէս նաեւ Սիրիայից, Աֆղանստանից, Իրաքից եւ այլ երկրների քաղաքական, տնտեսական խորացող ճգնաժամից փախչող գաղթականներին: Դեռ մէկ շաբաթ էլ չի անցել նախորդ նմանատիպ ողբերգութիւնից, որի ժամանակ ծովի խորքերում կորավ մօտ 400 մարդ, ընդ որում թէ՛ նախորդ անգամներում եւ թէ՛ այս վերջին դէպքում նաւի վրայ եղել են բազմաթիւ երեխաներ.գաղթականները հիմնականում տեղափոխւում են ընտանիքներով: 2014թ.-ը, որ ըստ վիճակագրութեան, ամենաողբերգականն էր Միջերկրականի ջրերում խեղդուած գաղթականների համար, զիջում է 2015թ. նոյն ժամանակահատուածի մահուան դէպքերի ցուցանիշին՝ մօտ 50 անգամ.այս տարի այդտեղ արդէն մօտ 1500 մահ է գրանցուել: Բանն այն է, որ տարաբախտ գաղթականները գերադասում են օգտուել լիբիական մարդավաճառների ու ապօրինի մարդկանց տեղափափոխող հանցագործների ծառայութիւններից, քան՝ մնալ իրենց երկրներում: Խորտակուած նաւերը հիմնականում փոքր ձկնորսական նաւեր են, որոնք այնքան են ծանրաբեռնւում, որ չեն դիմանում մարդկանց ծանրութեանը: Այս վերջին դէպքում, որ եղել է գիշերուայ ժամին, գաղթականները փորձել են օգնութիւն խնդրել իրենց մօտից անցնող մի պորտուգալական նաւից, բոլորը նաւի մէկ կողմում են հաւաքուել, նաւը ճկուել է մէկ կողի վրայ ու խորտակուել՝ իր ծանրութեամբ ծովի խորքը տանելով հարիւրաւորների:

     Իտալական ծովային ոստիկանութիւնը եւ փրկարարական ուժերը չեն կարողանում միայնակ կառաւարել իրաւիճակը, եվրոպական երկրները Իտալիային թողել են մենակ, մինչդեռ մեծ թուով գաթղականներ են կուտակւում ոչ միայն իտալական քաղաքներում, այլեւ՝ հարեւան շատ երկրներում եւ տնտեսական խնդիրներ առաջացնում: Իտալիայի եւ Իսպանիայի պահանջով այս օրերին այս խնդրով նախատեսւում են անհետաձգելի հանդիպումներ Եվրամիութեան երկրների ղեկաւարութեան միջեւ:

     Սրբազան Քահանայապետը կիրակի օրը «Ուրա՛խ լեր, Թագուհի» աղօթքից յետոյ, կոչ է արել միջազգային հանրութեանը ձեռնարկել արագ եւ վճռական միջոցներ՝ կանխելու համար գաղթականների նոր ողբերգութիւնները: «Նրանք մեզ նման տղամարդիկ ու կանայք են, մեր եղբայրներն են, ովքեր աւելի լաւ կեանք են փնտրում, սովեալ, հալածուած, վիրաւոր, շահագործուած, պատերազմի զոհեր…Սրտի ուժեղ ցաւ եմ զգում եմ աղօթում այդ զոհերի եւ նրանց ընտանիքների համար».ասել է Քահանայապետը եւ խնդրել Սբ. Պետրոսի հրապարակում հաւաքուածներին եւ աղօթել նրանց համար:

     

Օրացույց

Օրացույց