• «Ոչ» պատերազմին, զավթողական ծրագրերին և ռազմական ագրեսիային

    «Ժամանակն է դադարեցնել զենքի օգտագործումը: Եկել է երկխոսությանը, դիվանագիտությանը հետ վերադառնալու ժամանակը»:


    Սեպտեմբերի 18-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը տեսաուղերձով դիմեց Նյու Յորքում ընթացող Քլինթոնի Համաշխարհային նախաձեռնության մասնակիցներին, ովքեր փորձում են գտնել համաշխարհային հրատապ խնդիրների պատասխանները:

     

    Նորին Սրբության խոսքն ուղեկցվում էր մի տեսաերիզով, որը  ներկայացնում էր Սրբազան Քահանայապետի միջազգային ուղևորություններն ու նշանակալից հանդիպումները, հատկապես ամենախոցելիների ու հիվանդների հետ։

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ «մենք միայն միասին կարող ենք բժշկել աշխարհն անանունությունից, որն անտարբերության համաշխարհայնացումն է»։ Մասնավորապես, հատվածական երրորդ համաշխարհային պատերազմին արդյունավետ պատասխանը պահանջում է մեզանից յուրաքանչյուրի «մեծ և համընդհանուր պատասխանատվության ընդունումը»:

     

    «Ոչ մի մարտահրավեր չափազանց մեծ չէ, եթե մենք դրան դիմագրավում ենք մեզանից յուրաքանչյուրի անձնական կոչով, անձնական ներդրմամբ, որը յուրաքանչյուրը կարող է կատարել այն հաղթահարելու համար, և գիտակցելով, թե ինչն է մեզ դարձնում ընդհանուր ճակատագրի մաս: Ոչ մի մարտահրավեր ոչ ոք միայնակ չի կարող լուծել»։

     

    Ըստ Սրբազան Քահանայապետի խոսքերի, դժվարությունները կարող են մեր մեջ արթնացնել ինչպես մեր լավագույն, այնպես էլ վատագույն կողմերը. հենց դա է մարտահրավերի իմաստը:

     

    «Ժամանակն է դադարեցնել զենքի օգտագործումը: Եկել է երկխոսությանը, դիվանագիտությանը հետ վերադառնալու ժամանակը։ Պետք է վերջ դնել զավթողական ծրագրերին ու ռազմական ագրեսիային: Դրա համար էլ ես կրկնում եմ. ոչ պատերազմին: Ոչ պատերազմին»:

     

    Նորին Սրբությունը խոսեց նաև «բնապահպանական աղետի» մասին և ասաց, որ այն կանգնեցնելու համար անհրաժեշտ է միասնաբար աշխատել, քանի դեռ շատ ուշ չէ: Հղում անելով իր «Laudato Si» շրջաբերականին՝ Սրբազան Քահանայապետը կոչ արեց. «Խնդրում եմ, քանի դեռ ժամանակ կա, եկե՛ք կանգ առնենք»։

     

    Նորին Սրբությանը շատ հուզող մյուս խնդիրը գաղթականների ու փախստականների արտակարգ իրավիճակն է.

     

    «Խոսքը վերաբերում է ոչ թե թվերին, այլ մարդկանց՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին: Խոսելով գաղթից՝ մտածում ենք փախստականների ճամբարներում գտնվող երեխաների մասին: Եկել է այդ փոքրիկների մասին մտածելու ժամանակը»:

     

    Սրբազան Քահանայապետը հիշատակեց Վատիկանի «Բամբինո Ջեզու» հիվանդանոցի առաքելությունն ու ծրագրերը, որը պատերազմի սկզբից ի վեր օգնություն է ցուցաբերել ավելի քան երկու հազար ուկրաինացի փոքրիկ հիվանդների, ովքեր լքել են իրենց երկիրը ծնողների և հարազատների հետ միասին: Նորին Սրբությունը կոչ արեց ապահովել բոլորի համար բժշկական օգնության հասանելիությունը և ընդգծեց Վատիկանի հիվանդանոցի աշխատանքի առանձնահատկությունը.

     

    «Նա ցանկանում է լինել նշան ու վկայություն այն բանի, որ մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր է երեխաների բուժմանն ուղղված խոշոր գիտական ​​հետազոտությունները համատեղել կարիքավորների անհատույց հյուրընկալության հետ»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց